Apple-ը, LG-ի հետ համագործակցությամբ, Micro-LED էկրաններ կարտադրի Apple Watch ժամացույցների համար

16 հունվարի, 2023  21:30

Apple-ը նախատեսում է 2024-ից սեփական Micro-LED էկրանների արտադրություն սկսել, որոնք նախ կտեղադրվեն Apple Watch ժամացույցների վրա՝ ներկայիս OLED-ի փոխարեն, իսկ ավելի ուշ՝ այլ սարքերի վրա։ Ի սկզբանե նախատեսվում էր էկրանների համար դետալներ մշակել և արտադրել սեփական ուժերով, իսկ Samsung-ի և LG-ի մշակումներից հրաժարվել: Բայց թվում է, որ առանց LG-ի օգնության Apple-ը, այնուամենայնիվ, չի կարող դա անել։

Էկրանների արտադրության ոլորտի վերլուծաբան Ռոս Յանգի տվյալներով՝ LG Display-ը կսկսի Apple Watch-ի համար միակցող պանելներ (Micro-LED-ի դետալներ) արտադրել արդեն 2024 թ. երկրորդ կեսին: Ընկերությունն այդ մասերի արտադրության համար ներկայումս փոքր հոսքագիծ է կառուցում: Իսկ նոր էկրանները պատրաստ կլինեն, ամենայն հավանականությամբ, արդեն 2025 թ․։

Փորձագետները նշում են, որ Micro-LED տեխնոլոգիային անցումը կարող է Apple Watch-ի էկրաններին ապահովել ավելի լավ գունային վերարտադրություն, ավելի լավ կոնտրաստ և նույնիսկ ավելի բարձր պայծառություն։

Դեռ հայտնի չէ, թե Apple Watch-ի որ մոդելներն են առաջինն ստանալու նոր էկրաններ։ Ըստ Bloomberg-ի խմբագիր Մարկ Գուրմանի՝ դա կլինի նոր Apple Watch Ultra-ն, որը նախատեսվում է թողարկել 2024 թ․ վերջին։ Նման որոշումը տրամաբանական կլիներ, քանի որ սա ավելի բարձր դասի խելացի ժամացույց է և ավելի թանկ արժե։

Նշենք, որ Micro-LED տեխնոլոգիային անցնել (առնվազն կրելի սարքերի համար) նախատեսում են նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ Samsung-ը: Ենթադրվում է, որ Samsung-ն իր ժամացույցների վրա նման էկրաններ կհասցնի դնել նույնիսկ Apple-ից շուտ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ