James Webb աստղադիտակի օգնությամբ նոր էկզոմոլորակ է հայտնաբերվել, որը գրեթե Երկրի չափ է

12 հունվարի, 2023  18:29

James Webb տիեզերական աստղադիտակի օգնությամբ գիտնականներն առաջին անգամ էկզոմոլորակ են հայտնաբերել (Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ)։  Երկրից 41 լուսատարի հեռավորության վրա գտնվող LHS 475 b մոլորակը Երկրի ծավալի 95%-ի չափ է։

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի գիտական ​​թիմը՝ Քևին Սթիվենսոնի և Ջեյքոբ Լուստիգ-Յագերի ղեկավարությամբ, LHS 475 b էկզոմոլորակը նախ ուսումնասիրել է TESS տիեզերական աստղադիտակով։ Ուսումնասիրության արդյունքները վկայել են այն մասին, որ գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել, սակայն այս հարցում վստահ լինելու համար նրանք որոշել են օգտագործել նաև James Webb-ի հնարավորությունները։

James Webb-ի մերձակա ինֆրակարմիր սպեկտրոգրաֆը (NIRSpec) LHS 475 b էկզոմոլորակը ֆիքսել է ընդամենը երկու տարանցիկ դիտարկումների ընթացքում: Լուստիգ-Յագերն ասել է, թե կասկած չկա, որ մոլորակը գոյություն ունի, քանի որ աստղադիտակի նախնական տվյալները հաստատում են դա։ Քևին Սթիվենսոնն իր հերթին նշել է, թե իրենց տպավորել է այն փաստը, որ LHS 475 b-ն քարքարոտ մոլորակը է։

LHS 475 b transmission spectrum .jpeg (96 KB)

Վաշինգտոնում NASA-ի կենտրոնակայանի աստղաֆիզիկայի բաժնի տնօրեն Մարկ Կլամպինի խոսքով՝ LHS 475 b-ի դիտարկումների առաջին արդյունքները բազմաթիվ այլ հնարավորություններ են ստեղծում James Webb-ի միջոցով էկզոմոլորակի մթնոլորտն ուսումնասիրելու համար: Նա ասել է, որ տիեզերական աստղադիտակը գիտնականներին էլ ավելի է մոտեցնում Արեգակնային համակարգից դուրս գտնվող երկրային աշխարհները նորովի հասկանալուն։

Ըստ NASA-ի՝ գործող բոլոր աստղադիտակներից միայն James Webb-ն է կարողանում ներկայացնել Երկրի չափ էկզոմոլորակների մթնոլորտային բնութագրերը։ Գիտնականների ​​թիմը փորձել է գնահատել LHS 475 b-ի գազային ծածկույթի բաղադրությունը՝ այն վերլուծելով փոխանցումային սպեկտրասկոպիայի միջոցով: Այս պահին անհայտ է, թե արդյոք էկզոմոլորակը մթնոլորտ ունի։

Ջոնս Հոփկինսի համալսարանի Կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից Էրին Մեյն ասել է, որ James Webb աստղադիտակն այնքան զգայուն է, որ հեշտությամբ կարող է հայտնաբերել մի շարք մոլեկուլներ, բայց աստղագետները դեռ չեն կարող որևէ վերջնական եզրակացություն անել LHS 475 b-ի մթնոլորտի մասին։ Իսկ ըստ Լուստիգ-Յագերի՝ էկզոմոլորակը չի կարող ունենալ այնպիսի թանձր մթնոլորտ, որում գերակշռում է մեթանը, ինչպես Սատուրնի արբանյակ Տիտանի դեպքում է։

LHS 475 b transit light curve .jpeg (104 KB)

James Webb-ի տվյալները նաև ցույց են տվել, որ LHS 475 b-ը մի քանի հարյուր աստիճանով ավելի տաք է, քան Երկիրը: Եթե ​​գիտնականները ամպեր գտնեն մոլորակի վերևում, ապա կստացվի, որ այն ընդհանրություն ունի Վեներայի հետ, որն ունի ածխածնի երկօքսիդի մթնոլորտ:

LHS 475 b-ը կարմիր գաճաճ LHS 475 էկզոմոլորակի շուրջը ամբողջական պտույտ կատարում է երկու օրում: LHS 475 b-ն ավելի մոտ է իր աստղին, քան արեգակնային համակարգի ցանկացած այլ մոլորակ: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ