Գեների խմբագրում, մարտական ԱԹՍ-ների մասսայականացում, փոխպատվաստման համար օրգանների ստեղծում․ MIT-ն առանձնացրել է 2023-ի բեկումնային տեխնոլոգիաները

11 հունվարի, 2023  16:45

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) ներկայացրել է 2023 թ․ համար տասը բեկումնային տեխնոլոգիաների ցանկը: Հեղինակները ցանկում ներառել են ոչ թե զուտ նոր հայտնագործություններ, այլ մշակումներ, որոնք կարող են փոխել աշխարհն առաջիկա տարիներին։ Տասը տեխնոլոգիաներից ութն արդեն հասանելի են։

CRISPR-ը՝ կկիրառվի տարածված հիվանդությունների բուժման համար (հասանելի կլինի 10-15 տարվա ընթացքում)

Գեների խմբագրման CRISPR տեխնոլոգիաներն ի սկզբանե մշակվել են հազվագյուտ հիվանդությունների և գենետիկական խանգարումների բուժման համար: Վերջերս CRISPR-ի կլինիկական փորձարկումներն սկսել են շտկել նաև ավելի տարածված խանգարումները, օրինակ՝ բարձր խոլեստերինի մակարդակը: Ըստ MIT-ի վերլուծաբանների՝ կարևորն այն է, որ նման տեխնոլոգիաները շուտով գիտահետազոտական ​​լաբորատորիաներից կտեղափոխվեն կլինիկաներ և կօգտագործվեն նաև տարածված հիվանդությունների դեմ պայքարում:

ԱԲ-ն՝ պատկերներ ստեղծելու համար (հասանելի է)

2022 թ․ սոցիալական ցանցերի օգտատերերը բազմաթիվ գործիքներ են փորձարկել, որոնք  արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով պատկերներ են ստեղծում մեկ բառի կամ կարճ նկարագրության հիման վրա: Նման գործիքներ շատ ընկերություններ են ստեղծել, բայց դրա զանգվածային տարածման համար ամենակարևոր քայլն արեց Stable Diffusion գործիքը, որը ներկայացվել է օգոստոսին բրիտանական Stability AI-ի կողմից: Սա բաց կոդով մոդել է, որը կարող է օգտագործվել PC համակարգիչների վրա: Արդյունքում օգտատերերը ստեղծել են տասնյակ միլիոնավոր պատկերներ, ինչը հարց է առաջացնում, թե նման գործիքների ի հայտ գալն ինչպես կազդի ստեղծագործական ոլորտների վրա:

RISC-V չիպերի մշակման բաց ճարտարապետության տարածումը (հասանելի է)

Երկար տարիներ հատուկ չիպերի ճարտարապետական ​​առանձնահատկությունները մնում էին արտադրող ընկերությունների սեփականությունը, և հաճախորդները ստիպված էին գնել պատրաստի տարբերակներ կամ ավելի շատ վճարել իրենց անհատական ​​պահանջներին համապատասխան չիպեր ստեղծելու համար: Սակայն այդ ամենը կարող է փոխվել RISC-V չիպերի բաց ճարտարապետության տարածմամբ. յուրաքանչյուրը կարող է օգտագործել այն սեփական չիպեր ստեղծելու համար: Ավելի քան 3000 ընկերություններ և հետազոտական ​​հաստատություններ միացել են RISC-V International ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ Intel-ը ստեղծել է 1 միլիարդ դոլարի հիմնադրամ՝ RISC-V-ի հիման վրա չիպեր կառուցող ընկերություններին ֆինանսավորելու համար: MIT-ի վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա տարիներին նման չիպերը կլինեն ամենուր։

Մարտական ԱԹՍ-ների մասսայականացում (հասանելի է)

Բոլորովին վերջերս մարտական ​​անօդաչու թռչող սարքերը շատ թանկ էին և հասանելի էին միայն ռազմական մեծ բյուջե ունեցող երկրների համար: Բազմաթիվ տեխնոլոգիաների զարգացման և դրանց էժանացման շնորհիվ շուկայում հայտնվել են էժան ԱԹՍ-ներ, օրինակ՝ թուրքական Bayraktar TB2-ը կամ իրանական Shahed-ը: Մարտական ​​ԱԹՍ-ների ի հայտ գալն արդեն փոխում է մարտական ​​գործողություններում դրանց կիրառման բնույթը, և ապագայում այդ փոփոխությունները կարող են էլ ավելի նշանակալի լինել։

Հղիության ընդհատման հաբեր՝ հեռաբժշկության միջոցով (հասանելի է)

Այս կետն ինքնին ոչ այնքան տեխնոլոգիական ձեռքբերում է, որքան պատասխան ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որով չեղարկվեցին հղիության արհեստական ընդհատման իրավունքի դաշնային երաշխիքները, իսկ որոշ նահանգներում հղիության ընդհատումն  առհասարակ արգելվեց։ Այդուհանդերձ, սա տեխնոլոգիայի վրա հիմնված պատասխան է ԱՄՆ օրենսդրական նախաձեռնություններին. շահույթ չհետապնդող մի քանի կազմակերպություններ, ներառյալ Just The Pill-ը և Aid Access-ը, հեռաբժշկության միջոցով խորհրդատվություններ են անցկացնում կանանց հետ, որոնք ցանկանում են դադարեցնել հղիությունը, այնուհետև ուղարկում են նրանց անհրաժեշտ դեղահաբերը:

Օրգաններ փոխպատվաստման համար (հասանելի կլինի 10-15 տարվա ընթացքում)

Անցյալ տարի ԱՄՆ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականներն առաջին անգամ մարդուն հաջողությամբ խոզի սիրտ փոխպատվաստեցին, որի գեները նախկինում փոփոխվել էին մարդուն համապատասխանելու համար: Երկու ամիս անց հիվանդը մահացավ, սակայն այս դեպքը կարելի է հաջողված համարել փոխպատվաստման համար օրգաններ ստեղծելու հարցում։ Առայժմ նման հետազոտությունները (ինչպես գենետիկորեն ձևափոխված կենդանիներից մարդու օրգանների փոխպատվաստում, այնպես էլ հատուկ 3D տպիչների միջոցով օրգանների ստեղծումը) վաղ փուլում են: Սակայն MIT-ի վերլուծաբանները կարծում են, որ 10-15 տարվա ընթացքում հետազոտությունները զգալիորեն առաջ կգնան, և նման գործողությունները լայն տարածում կունենան:

Էլեկտրական մեքենաների տարածումն անխուսափելի է (հասանելի է)

Ավելի էժան մարտկոցներ, արտանետումների դեմ ավելի խիստ արգելքներ շատ երկրներում, տարբեր արտադրողների մոդելների ընդլայնվող տեսականի. այս ամենի շնորհիվ էլեկտրական մեքենաները կմնան ոչ թե շուկայի ինչ-որ սեգմենտ զբաղեցնող արտադրանք, այլ ավելի շատ տարածում կունենան։ Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարծում է, որ բոլոր գնված մեքենաների մեջ էլեկտրական մեքենաների մասնաբաժինը կաճի երկու տարի առաջվա 4%-ից ու 2022 թ․ 13%-ից մինչև տասնամյակի վերջ կհասնի մոտ 30%-ի։

James Webb տիեզերական աստղադիտակ (հասանելի է)

Այս ամենահզոր տիեզերական աստղադիտակը արձակվել է դեռևս 2021 թ․ դեկտեմբերին։ Ըստ ցուցակի հեղինակների՝ կարևոր է այն, որ դրա օգնությամբ պարբերաբար ավելի ու ավելի շատ նոր բացահայտումներ են արվում, և տիեզերքի տարբեր հատվածների ավելի ու ավելի նոր պատկերներ են հայտնվում։ James Webb-ի միջոցով հայտնագործությունները կշարունակվեն ապագայում։

Հնադարյան ԴՆԹ-ների վերլուծություն (հասանելի է)

2022 թ․ շվեդ գիտնական Սվանտե Պաաբոն Նոբելյան մրցանակ ստացավ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Էվոլյուցիոն մարդաբանության Մաքս Պլանկի անվան գերմանական ինստիտուտի գործընկերների հետ միասին նա մշակել է հնադարյան մարդկանց ԴՆԹ-ի սեկվենավորման մեթոդներ: Վերջին տարիներին նման տեխնոլոգիաները դարձել են ավելի ճշգրիտ և էժան: Արդյունքում հնագույն մարդկանց թիվը, որոնց ԴՆԹ-ի տվյալները ամբողջությամբ վերականգնվել են, 2010 թ․ հինգից հասել է 5500-ի։ Վերջին տարիներին հայտնաբերվել է հնագույն մարդկանց երկու նոր տեսակ՝ Homo luzonensis և Denisovans։ Ըստ MIT-ի վերլուծաբանների՝ հնագույն  մարդկանց ԴՆԹ-ի վերլուծության տեխնոլոգիան, ամենայն հավանականությամբ, ապագայում նոր բացահայտումներ կբերի:

Մարտկոցների վերամշակումը լայն տարածում կստանա (հասանելի է)

Օգտագործված մարտկոցների վերամշակումը, որպես մոլորակի աղտոտվածության դեմ պայքարելու և միևնույն ժամանակ հազվագյուտ մետաղներ ստանալու միջոց, գնալով ավելի տարածված է դառնում։ Առաջադեմ տեխնոլոգիաները թույլ են տալիս վերականգնել և օգտագործել հին մարտկոցներում կիրառված գրեթե ամբողջ կոբալտը և նիկելը, ինչպես նաև լիթիումի ավելի քան 80%-ը: Այս ոլորտն առավել զարգացած է Չինաստանում, ոլորտի ամերիկյան ընկերությունները նույնպես ընդլայնում են իրենց գործունեությունը և ներգրավում միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Ըստ MIT-ի վերլուծաբանների՝ առաջիկա տասնամյակների ընթացքում մարտկոցների պահանջարկը կաճի երկրաչափական պրոգրեսիայով, և հետևաբար կաճի նաև դրանց վերամշակման պահանջարկը:

 


 
 
 
 
  • Արխիվ