WhatsApp-ի նոր գործառույթը․ շուտով հնարավոր կլինի հղումներ ստեղծել տեսազանգերի համար եւ տարածել դրանք

27 սեպտեմբերի, 2022  20:39

WhatsApp մեսենջերն ազդարարել է Call Links անվանումով նոր գործառույթի մասին, որը հնարավորություն կտա հղման օգնությամբ օգտատերերին հրավիրել միանալու խմբային զանգին, ընդ որում՝ դա կարող է լինել ինչպես տեսազանգ, այնպես էլ ձայնային հաղորդագրությունների միջոցով զրույց:

Մինչ այժմ օգտատերերը կարող էին զրուցակիցներին միայն ընթացիկ տեսազանգերում ավելացնել կամ տեսազանգեր նախաձեռնել նախապես ստեղծված խմբերից։ Նոր գործառույթը թույլ է տալիս ցանկացած մեկին հրավիրել WhatsApp-ով զրույցի, նույնիսկ եթե նա չկա ձեր կոնտակտների ցանկում: Հղումը ստացած զրուցակիցը պարզապես պետք է անցնի դրանով՝ տեսազրույցի կամ ձայնային զրույցի մեջ հայտնվելու համար։

whtasapp-call-links.jpg (55 KB)

Նոր գործառույթը դեռ հասանելի չէ բոլորին, սակայն Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ այս շաբաթվա ընթացքում այն օգտագործելու հնարավորություն կունենան արդեն բոլորը։ Անհրաժեշտ կլինի ներբեռնել WhatsApp-ի ամենաթարմ տարբերակը, անցնել «Զանգեր» հատվածին եւ այնտեղ ստեղծել համապատասխան հղում՝ զրուցակիցներին ուղարկելու համար։

Ցուկերբերգը նաև հայտնել է, որ ընկերությունը նաեւ փորձարկում է անվտանգ, կոդավորված տեսակապ՝ մինչեւ 32 մարդու մասնակցությամբ:

Նշենք, որ նկարագրված գործառույթն արդեն հասանելի է Zoom-ում եւ Google Meet-ում: Սակայն, ի տարբերություն Zoom-ի կամ FaceTime-ի, WhatsApp-ի օգտատերերն առայժմ չեն կարող զանգերի ժամանակացույց ստեղծել:


 
 
 
 
  • Արխիվ