2022-ի 10 վատագույն խաղերը. ցուցակը գլխավորում է Postal 4. No Regerts-ը

7 հունվարի, 2023  13:52

Խաղերի մասին կարծիքների ագրեգատոր Metacritic-ը հրապարակել է 2022 թ․ 10 վատագույն խաղերի ցանկը։ Շատերի համար միանգամայն սպասելի կերպով ցուցակը գլխավորում է Postal 4: No Regerts խաղը:

Վարկանիշում ներառվել են նաև այնպիսի խաղեր, ինչպիսիք են CrossfireX-ը Xbox Series X-ի համար, հայտնի Platinum Games ստուդիայի մշակած Babylon's Fall-ը PS5-ի համար, XEL-ը Nintendo Switch-ի համար և այլն։

Postal 4: No Regerts (30/100)

Postal 4: No Regerts-ի թողարկումը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, մինչ այդ արդեն մի քանի տարի էր, ինչ գեյմերներին վաղաժամ հասանելիություն էր տրվել խաղին, և այդ ընթացքում, թվում էր, թե բոլոր խնդիրներն ու սխալները պետք է շտկվեին: Բայց չշտկվեցին, արդյունքում խաղը չհավանեցին ո՛չ գեյմերները, ո՛չ քննադատները, ո՛չ էլ նույնիսկ ուղղագրության ստուգման ծառայությունը: Հայտնի չէ, թե արդյոք հեղինակները «ափսոսանք» (regret) բառը միտումնավո՞ր են սխալ (regert) գրել, թե՞ դա պարզապես պատահական է ստացվել։

Խաղի մասին 18 կարծիք է գրվել, գնահատականների միջին բալը 100 հնարավորից կազմել է ընդամենը 30։

«Postal 4: No Regerts-ը զուրկ է հումորից և զվարճանքին կամ հետաքրքրության առաջացնող մեխանիկային մոտ որևէ բանից: Միակ բանը, որ խաղն ունի չափից ավելի շատ, մշտական ​​տեխնիկական խնդիրներն են, որոնք միայն խորացնում են խաղի ակնհայտ թերությունների երկար ցուցակը: Սա իսկապես սարսափելի խաղ է, որից ամեն գնով պետք է խուսափել»,- ասվում է GameSpot-ի կարծիքում։

CrossfireX Xbox՝ Series X-ի (38/100) համար

Հիացմունքի չի արժանացել նաև շութեր ժանրի խաղերի ողջ աշխարհում հայտնի 15-ամյա ֆրենչայզի վերջին հատվածը՝ մշակված բացառապես Xbox-ի համար։ Քննադատների կարծիքով՝ խաղի գրաֆիկան վատը չէ, բայց դժվար թե կարողանաք վայելել այն, քանի որ անընդհատ շեղվելու եք խնդիրներից, որոնք ավելի քան բավարար են խաղում՝ սկսած ձայնի որակից, վերջացրած արհեստական բանականության մակարդակով։

Platinum Games հայտնի ստուդիայի Babylon's Fall-ը՝ PS5-ի (41/100) համար

Babylon's Fall-ը համարվում է 2022 թ․ ամենամեծ ձախողումը, սակայն այն, այդուհանդերձ, չի գլխավորում տարվա վատագույն խաղերի ցանկը։ Գրաֆիկա, ինտերֆեյս, ձայնային դիզայն, խաղի դիզայնի մնացած ասպեկտները. այս ամենը բավականին վատ է ստացվել խաղը մշակողների մոտ:

Խաղի մասին առաջին արձագանքները չափազանց բացասական էին, խաղը նաև դուր չեկավ գեյմերներին, և արդյունքում Platinum Games ստուդիան նախատեսում է փետրվարի 27-ին անջատել խաղի սերվերները։

XEL՝ Nintendo Switch-ի (43/100) համար

XEL-ը 3D բաց աշխարհի պլատֆորմի խաղ է։ Այն տեղի է ունենում առեղծվածային աշխարհում, որում համատեղված են գիտաֆանտաստիկայի և ֆենթեզի ժանրի տարրերը: Վիզուալ էֆեկտներն ու սյուժեն, ընդհանուր առմամբ, լավն են, բայց խաղը հղկված չէ և լի տեխնիկական խնդիրներով, ինչն էլ շատ խաղացողների հիասթափեցրել է:

LEGO Brawls՝ PS5-ի (46/100) համար

Սա առաջին թիմային էքշն խաղն է LEGO աշխարհում ... և, հավանաբար, վերջինը՝ դատելով ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների արձագանքից: Շատ խաղացողների և քննադատների կարծիքով՝ խաղը չափազանց միջակ է, հատկապես հաշվի առնելով, որ այն արժե մոտ $40:

Zorro The Chronicles-ը PS5-ի (49/100) համար

Այս խաղը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, և որոշ սխալներ շտկվել են վաղ փուլում: Նույնիսկ դրանով հանդերձ այս հումորային մարտախաղը, որի իրադարձությունները տեղի են ունենում 1800-ականների Կալիֆոռնիայում և հիմնված են համանուն անիմացիոն սերիալի վրա, չարժանացավ քննադատների գնահատանքին:

The Last Oricru-ն՝ Xbox Series X-ի (50/100) համար

Սա գիտաֆանտաստիկ դերային խաղ է՝ ակնհայտորեն ոգեշնչված Souls խաղաշարից: Այն պատմում է անմահ մարտիկի մասին, որը վթարի է ենթարկվում պատերազմի եզրին գտնվող միջնադարյան մոլորակի վրա: Քննադատները չգնահատեցին ո՛չ գլխավոր հերոսին, ո՛չ սցենարը, ո՛չ գեյմփլեյը։

The Waylanders՝ PC համակարգիչների (51/100) համար

Սա իրական ժամանակում մարտական ​​դերային խաղ է, որը տեղի է ունենում Գալիսիայի երկու տարբեր դարաշրջաններում: Բացառապես PC համակարգիչների համար իսպանական Gato ստուդիայի մշակած այս խաղն սկսվել է որպես Kickstarter նախագիծ, որը ոգեշնչել է Dragon Age: Origins և Baldur's Gate խաղերի ստեղծողներին:

Բայց The Waylanders-ը չկարողացավ հասնել այն բարձր նշաձողին, որը սահմանեցին այս խաղերը. այն ի վերջո դարձավ սխալներով և վատ գրված երկխոսություններով լի խաղ:

Kamiwaza: The Way of the Thief՝ PS4-ի (52/100) համար

Stealth (անտեսանելի) ժանրի և երրորդ դեմքից այս խաղում դուք խաղում եք Էբիզոյի՝ «ազնվական գողի» դերը, որը փորձում է գոյատևել Mikado-ի փողոցներում:

Այն իրականում 2006 թ․ միայն Ճապոնիայի տարածքում թողարկված խաղի ռեմեյստերն է: Գեյմերների կարծիքով, սակայն, կարոտի փոխարեն այն միայն զայրույթ է առաջացնում ու նյարդայնացնում հնացած գեյմփլեյի և անհարմար կառավարման պատճառով։

Blade Runner: Enhanced Edition՝ Nintendo Switch-ի (52/100) համար

1997 թ․ թողարկված գիտաֆանտաստիկ, արկածային բավականին լավ խաղի «բարելավված» տարբերակն էը, որի իրադարձությունները տեղի են ունենում նույն աշխարհում, ինչ առաջին «Blade Runner»-ում, սակայն այն չդարձավ մեծ հիթ, որքան բնօրինակը:

Խաղի գրաֆիկան շատ թույլ է, և կան չափից շատ թերություններ։


 
 
 
 
  • Արխիվ