Բենքմեն-Ֆրիդը, Մասկը, Ցուկերբերգը և Բեզոսը հայտնվել են The Guardian-ի՝ ՏՏ ընկերությունների 2022 թ․ վատագույն ղեկավարների ցուցակում

27 դեկտեմբերի, 2022  14:17

Ծաղրանկարը՝ The Guardian-ի

FTX կրիպտոբորսայի հիմնադիր և նախկին տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտնվել են բրիտանական The Guardian պարբերականի 2022 թ․ տեխնոլոգիական ընկերությունների վատագույն գործադիր տնօրենների ցուցակում։ Ընդորում՝ Սեմ Բենքմեն-Ֆրիդը հավաքել է ամենաբարձր միավորը։

Սեմ Բենքմեն-Ֆրիդ

Պարբերականը Սեմ Բենքմեն-Ֆրիդին 10 բալից շնորհել է 10 բալ՝ FTX-ի փլուզման պատճառով։ Ավելի վաղ ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել ութ քրեական հանցագործության մեջ, հայցեր էին ներկայացրել նաև ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովն ու Ապրանքների ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ FTX կրիպտոբորսան նոյեմբերին իրացվելիության լուրջ խնդիր ունեցավ, ինչից հետո հայտարարեց սնանկության մասին: Սնանկության նախօրեին Բենքմեն-Ֆրիդը բորսայական հաշիվներից հաճախորդներին պատկանող 10 միլիարդ դոլարի միջոցներ էր հանել և փոխանցել իր Alameda Research առևտրային ընկերությանը: Դեկտեմբերի կեսերին ձեռնարկատերը ձերբակալվել է Բահամյան կղզիներում, ԱՄՆ արտաքսվելուց հետո նրան ազատ են արձակել 250 մլն դոլար գրավի դիմաց։ Հաղորդվում է, որ աշխատակիցների և Բենքմեն-Ֆրիդի ընտանիքի համար անշարժ գույք ձեռք բերելու վրա ընկերությունը 121 մլն դոլար է ծախսել։

Իլոն Մասկ

The Guardian-ը Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկին 10 միավորից շնորհել է 7-ը։ Պարբերականը նշում է, որ հոկտեմբերի 28-ին միլիարդատերն ավարտեց Twitter-ը 44 միլիարդ դոլարով գնելու գործարքը, որից անմիջապես հետո հեռացրեց ընկերության ղեկավար կազմին, աշխատակիցներին վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ աշխատել ավելի երկար ու ինտենսիվ, կա՛մ հեռանալ, արդյունքում շատերն ինքնակամ հեռացան, այդ թվում՝ լավագույն մասնագետները։

Առհասարակ ծախսերի կրճատման շրջանակում նա աշխատանքից ազատեց աշխատակիցների գրեթե 2/3-ին, ապա լուծարեց Վստահության և անվտանգության հարցերով խորհուրդը, ավելի ուշ նա աշխատանքից ազատեց սոցցանցի արհեստական բանականության էթիկական հարցերով զբաղվող թիմին, ներդրեց բովանդակությունը մոդերացնելու նոր քաղաքականություն, և թույլ տվեց մի շարք այլ սխալներ, ինչն էլ առաջացրեց օգտատերերի դժգոհությունը։

Մարկ Ցուկերբերգ

Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 10 միավորից ստացել է 6-ը։ Պարբերականը նշում է, որ թեև ընկերությունը մեկ տարուց ավելի է, ինչ մետավերսում ներդրումներ է անում, իսկ Ցուկերբերգը խոսում է դրա ապագայի մասին, Meta Platforms-ը կորուստներ է կրում հենց դրա պատճառով, իսկ մետավերսում ընկերության ստեղծած Horizon World խաղում հերոսները մինչև հիմա ոտքեր չունեն։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին Meta Platforms-ի բաժնետոմսերի գինը մեկ օրում իջավ 230 միլիարդ դոլարով, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ինը ամիս անց Ցուկերբերգը խոստովանեց, որ սխալվել է իր հաշվարկներում և աշխատանքից ազատեց 11,000 աշխատակցի։

Պարբերականը նաև նշում է, որ ընկերությանը պատկանող Facebook սոցցանց այցելելը վերջին շրջանում նմանվում է Պոմպեի ավերակներ այցելելուն։ «Երբեմնի բարգավաճող հանրույթի տարրերը մնում են կատարելապես պահպանված, բայց՝ մոռացված, քանի որ ժամանակն անխնա շարժվում է դեպի առաջ՝ TikTok, TikTok»,- ասվում է հոդվածում։

Ջեֆ Բեզոս

Մարկ Ցուկերբերգը միակ ղեկավարը չէ, ում ում աշխատողների թիվն այս տարի պակասել է։ Պարբերականը հիշեցնում է, որ Ջեֆ Բեզոսին պատկանող Amazon-ն այս տարի կրճատել է 10,000 աշխատատեղ։ Բացի դրանից, ընկերության մասնագետները վստահեցնում են, որ ընկերության ղեկավարի սիրելի նախագիծը՝ Alexa-ն, ամբողջությամբ ձախողվել է։ Amazon-ի գործադիր տնօրենին պարբերականը 10 միավորից շնորհել է 4-ը։

Պարագ Ագրավալ և Էլիզաբեթ Հոլմս

Ցուցակում ընդգրկվել են նաև Twitter-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը, բիոտոխնոլոգիաներով զբաղվող Theranos ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսը, որը խարդախության համար դատապարտվել է ազատազրկման։

 


 
 
 
 
  • Արխիվ