Death Stranding 2-ը կթողարկվի 2024-ին. օրիգինալ խաղը մինչև դեկտեմբերի 26-ը կարելի է ներբեռնել անվճար

26 դեկտեմբերի, 2022  12:48

Հիդեո Կոձիմայի և նրա Kojima Productions ստուդիայի ստեղծած հայտնի Death Stranding խաղի շարունակությունը՝ Death Stranding 2-ը, կթողարկվի 2024 թ․։ Իսկ օրիգինալ խաղը կարելի է անվճար ներբեռնել մինչև դեկտեմբերի 26-ը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ն։

Ինչպես նշում է Twistedvoxel.com-ը, Death Stranding-ի շարունակության հնարավոր թողարկման ամսաթվի մասին տեղեկությունը ստացվել է խաղերի կերպարների ավագ նկարիչ Ֆրենկ Ալիբերտիի՝ ArtStation կայքի պրոֆիլից:

Ֆրենկ Ալիբերտը, դատելով նրա ռեզյումեից, որպես կերպարների նկարիչ է աշխատել ինչպես նոր Death Stranding-ում, այնպես էլ PlayStation Studios-ի դեռ չհայտարարված առաջին դեմքով շութեր ժանրի խաղում, որը նույնպես պետք է թողարկվի 2024 թ․:  

Death Stranding 2. արդյո՞ք Ֆրեջայլը կարող է դառնալ խաղային կերպար

Վերջերս իր Brain Structure փոդքաստի ընթացքում խաղի հեղինակ Հիդեո Կոձիման պատմել է այն մասին, որ նոր խաղում կարևոր դեր կունենա Ֆրեջայլը՝ օրիգինալ խաղի գլխավոր հերոսներից մեկը, Fragile Express խոշոր սուրհանդակային ծառայության ղեկավարը: Հենց նա էլ պատկերված է նաև Death Stranding 2-ի շապիկին՝ երեխան գրկում։

Death Stranding 2 cover

Հնարավոր է, որ նա խաղալու ենթակա կերպար դառնա, ինչպես նաև խաղի նոր գլխավոր հերոս, հատկապես, որ առաջին խաղի գլխավոր հերոս Սեմ Բրիջիսը երկրորդ խաղում արդեն բավականին ծեր կերպարով հանդես կդա, եթե հավատանք խաղի թրեյլերին։

death-stranding-2-sam

Փոդքաստում Կոձիման նաև տեղեկացրել է, որ խաղի շարունակությունում ոչ պակաս կարևորություն կտրվի նաև նոր կերպարներին, որոնց խաղում են Էլ Ֆենինգը (The Neon Demon,  The Great) և Շիորի Կուցունան (Deadpool 2):

«Էլն ու Շիորին չեն հայտնվում թրեյլերում, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում ես կկարողանամ ցույց տալ, թե ինչ դերեր են նրանք խաղալու։ Այս պահին շատ բան չեմ կարող գաղտնազերծել, բայց այս երեք կանայք (Լեյան, Էլը և Շիորին) կարևոր դերեր են խաղալու»,- ասել է Կոձիման։

Նա հավելել է, որ խաղացողները, անշուշտ, տպավորված կլինեն այն «խելահեղ բաներով», որոնք տեղի կունենան Death Stranding 2-ում։

Նշենք, որ Death Stranding 2-ը հայտարարվել է The Game Awards 2022-ի ժամանակ։ Ըստ տեղեկությունների՝ խաղն օգտագործում է MetaHuman Unreal Engine 5 տեխնոլոգիան, որով հնարավոր է ստեղծել շատ իրատեսական կերպարներ։ Սպասվում է, որ խաղը կթողարկվի PlayStation 5-ում:

Death Stranding-ի բնօրինակը հասանելի է անվճար ներբեռնման համար

Epic Games Store-ի թվային բաշխման ծառայությունում մինչև դեկտեմբերի 26-ը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ն, Death Stranding-ի օրիգինալ տարբերակը հասանելի կլինի անվճար ներբեռնման համար։

Սկզբում ներբեռնման անվճար հասանելիություն էր տրվել խաղի ռեժիսորական տարբերակին՝ լրացուցիչ բովանդակությամբ և բարելավումներով, բայց մի քանի ժամ անց այն փոխվեց խաղի ստանդարտ տարբերակով։

Death Stranding Poster

Death Stranding-ը բաց աշխարհով action ժանրի խաղ է, որը թողարկվել է 2019 թ․ PlayStation 4-ում, իսկ 2020 թ․ նաև Microsoft Windows-ում։

Որոշ քննադատներ և խաղացողներ խաղին շատ բարձր գնահատական ​​են տվել, թեև շատերը հիասթափվել են դրանից, քանի որ, չնայած օրիգինալ գաղափարին և սյուժեին, գեյմփլեյի առումով խաղը «պիցցայի առաքման սիմուլյատորի» պես մի բան է հիշեցնում, ինչպես հաճախ շատերն այն անվանում են։


 
 
 
 
  • Արխիվ