Կրճատումների նոր ալիք խոշոր ընկերություններում. Tesla-ն և Micron Technology-ն նախատեսում են ազատել աշխատակիցների 10%-ին

22 դեկտեմբերի, 2022  12:51

Տնտեսական աճող ճգնաժամի պայմաններում ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում գործող ավելի շատ ու խոշոր ընկերություններ են կրճատում աշխատակիցներին։ Նման ընկերությունների շարքերը շուտով կհամալրեն Tesla-ն և Micron Technology-ը. երկուսն էլ նախատեսում են մոտ ապագայում կրճատել իրենց աշխատակիցների 10%-ը:

Tesla-ում խնդիրնե՞ր կան

Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը դադարեցրել է նոր աշխատողներ աշխատանքի ընդունելու գործընթացը: Ավելին, ինչպես տեղեկացնում է Electrek-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, ընկերությանը սպասվում է կրճատումների ալիք։

Դեռ այս տարվա հունիսին ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ երեք ամսվա ընթացքում աշխատակազմը կկրճատվի մոտ 10%-ով։ Հետո դադարեցվեց նաև նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը, սակայն որոշ ժամանակ անց այն վերականգնվեց, քանի որ ընկերությանը հազարավոր նոր աշխատակիցներ էին անհրաժեշտ ԱՄՆ-ում և Գերմանիայում նոր գործարանների համար։

Առայժմ հայտնի չէ, թե նոր աշխատակիցներ ընդունելու արգելքն այս անգամ որքան կտևի, հատկապես այն դեպքում, որ եթե ընկերությունն ընդլայնի որոշ արտադրամասեր, ապա լրացուցիչ աշխատողների կարիք կունենա։

Հիշեցնենք, որ երբ Մասկը գնեց Twitter-ը, Tesla-ի շատ ներդրողներ մտահոգվեցին, որ նա անուշադրության կմատնի էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությանը և իր ողջ ուշադրությունը կուղղի սոցիալական ցանցին: Կարծես թե նրանց մտահոգությունն անհիմն չէր. նոյեմբերին ընկերության բաժնետոմսերի գինը զգալիորեն նվազեց և հասավ մինչև 187 դոլարի։

Այժմ Tesla-ի բաժնետոմսերի գինն էլ ավելի է ընկել՝ հասնելով 52 շաբաթվա նվազագույնին. այսօր ընկերության մեկ բաժնետոմսն արժե մոտ 150 դոլար, ինչը գրեթե 50%-ով պակաս է մեկ տարի առաջվա գնից:

Micron Technology-ն եռամսյակն ավարտել է կորուստներով

Իր կիսահաղորդիչների արտադրանքներով հայտնի Micron Technology ընկերությունը նույնպես խնդիրների առաջ է կանգնել։ Առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության հասույթը նվազել է 47%-ով և կազմել 4,09 մլրդ դոլար, կորուստը կազմել է 195 մլն դոլար՝ ըստ GAAP մեթոդի հաշվարկների (Generally Accepted Accounting Principles) և 39 մլն դոլար՝ ըստ non-GAAP մեթոդի հաշվարկների։ Գործառնական վնասները կազմել են 209 մլն դոլար և 65 մլն դոլար համապատասխանաբար։

Քանի որ ընկերությունը ակնհայտորեն չի ակնկալում, որ իրավիճակը շուտով կբարելավվի, ղեկավարությունը նախատեսում է մինչև 7 միլիարդ դոլարով կրճատել կապիտալ ծախսերը՝ նախկինում ծրագրված 8 միլիարդ դոլարի և 2022 ֆինանսական տարում ծախսած 12 միլիարդ դոլարի համեմատ, նաև կրճատել 48,000 աշխատակիցների 10%-ին: Նախատեսվում է նաև 5-20%-ով կրճատել ղեկավարության աշխատավարձերը և դադարեցնել հավելավճարների վճարումը։ Բացի դրանից, կիսով չափ կկրճատվեն արտադրական սարքավորումների ձեռքբերման ծախսերը։  

Ընկերության խնդիրների հիմնական պատճառներից մեկը հիշողության չիպերի պահանջարկի նվազումն է։ 2020-ից մինչև 2022-ի սկիզբ դրանց նկատմամբ պահանջարկն աճել է, և ընկերությունն ընդլայնել է իր պահեստային միջոցները։ Այժմ բազմաթիվ անբարենպաստ գործոնների համադրության պատճառով ընկերության շատ ապրանքների նկատմամբ պահանջարկը նվազել է։

Նշենք, որ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի գինը մի քանի տոկոսով նվազել է։ Իսկ տարեսկզբից Micron-ի բաժնետոմսերն էժանացել են 45%-ով։

Բազմաթիվ խոշոր ընկերություններ կրճատում են աշխատակազմը

Սմարթֆոններ արտադրող՝ Չինաստանի խոշորագույն ընկերություն Xiaomi-ն վերջերս սկսել է աշխատանքից հեռացնել սմարթֆոնների և ինտերնետ ծառայությունների բաժինների իր աշխատակիցներին: Բիզնեսն օպտիմալացնելու նպատակով ընկերությունը նախատեսում է կրճատել անձնակազմի 15%-ը։

HP Inc.-ը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում կրճատել 4000-ից 6000 աշխատակցի:

Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքից հեռացնել, 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։

Amazon-ում նույնպես զանգվածային կրճատումներ են սպասվում. աշխատանքից կկրճատվի մոտ 10,000 աշխատակից՝ ընկերության լրիվ դրույքով աշխատողների մոտ 3%-ը և համաշխարհային աշխատուժի 1%-ից պակաս մասը:

Իլոն Մասկի ղեկավարած Twitter-ի աշխատակազմն արդեն կրճատվել է գրեթե երկու երրորդով։ Մասկն ասել է, որ Twitter-ը 3 միլիարդ դոլարի կորուստ կունենար, եթե ծախսերը չկրճատվեին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ