Հայաստանը բարդ ընտրության առաջ. ո՞ւմ հետ կառուցել նոր ատոմակայան

21 փետրվարի, 2025  13:44

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը հարց է, որն օրեցօր ավելի հրատապ է դառնում, հատկապես հաշվի առնելով, որ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացվել է միայն մինչև 2036 թվականը։ Հետևաբար, այսօր կարևոր է մտածելը երկրի ապագա էներգետիկ հզորությունների մասին։ Այս պահին Հայաստանը քննարկում է երկու առանցքային առաջարկ. ռուսական «Ռոսատոմ»-ը ներկայացրել է իր հայեցակարգը, նախաձեռնությամբ հանդես է եկել նաև ամերիկյան կողմը։ Այս տարբերակներից ո՞րն է Հայաստանին առավել ձեռնտու։ Եվ ի՞նչ երկարաժամկետ առավելություններ կբերի այս կամ այն ​​ընտրությունը։

Ռուսական VS արևմտյան տեխնոլոգիաներ. որո՞նք են տարբերությունները

Տեխնոլոգիայի ընտրությունն ազդում է ատոմակայանի կառուցման, շահագործման, տեխնիկական սպասարկման և հնարավոր արդիականացման արժեքի վրա։ Որոշ տեխնոլոգիաներ սկզբնական ներդրումների առումով կարող են ավելի էժան լինել, բայց ավելի թանկ է դրանց սպասարկումը: Ի թիվս այլ նրբերանգների՝ Հայաստանը, հաշվի առնելով իր տնտեսական վիճակը, պետք է ընտրի այնպիսի տեխնոլոգիա, որը տնտեսապես արդյունավետ կլինի և շահագործման ընթացքում երկրի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չդառնա։

Դիտարկենք ատոմակայանների կառուցման ռուսական և արևմտյան տեխնոլոգիաների՝ ռեակտորների նախագծման և շահագործման մոտեցումների առանցքային տարբերությունները:

Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է Ջրաջրային էներգետիկական ռեակտորներ (ՋՋԷՌ), որոնք ապացուցել են իրենց անվտանգ և հուսալի լինելը, ինչպես նաև ենթարկվում են արդիականացմանը՝ արդյունավետությունը բարելավելու համար: Այս ռեակտորներն իրենց բնութագրերով նման են արևմտյան PWR-ներին (pressurized water reactor), սակայն տարբերվում են ժամանակի ընթացքում արդիականացման հնարավորությամբ: Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ն օգտագործում է ՋՋԷՌ ռեակտորներ, և սա է պատճառներից մեկը, որ Հայաստանին հաջողվել է երկարաձգել ատոմակայանի կյանքը։

Մյուս տեխնոլոգիան, որն օգտագործում է Ռուսաստանը, արագ նեյտրոնների ռեակտորներն են (FNR), որոնք աշխատում են նատրիումի ջերմակրիչով և կարող են վերամշակել միջուկային թափոնները: Դա նպաստում է միջուկային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը և ռադիոակտիվ նյութերի ծավալների կրճատմանը։ Սակայն այս տեխնոլոգիան բավարար չափով զարգացած չէ, այն օգտագործվում է միայն մեկ ատոմակայանում և շինարարության և պահպանման բարձր ծախսեր է պահանջում։

ԱՄՆ-ում գերակշռում են ճնշման տակ գտնվող ջրա-ջրային ռեակտորները (PWR), սակայն դրանք հանրամատչելի են նաև այլ երկրներում, ներառյալ՝ Ֆրանսիայում և Ճապոնիայում: Այս ռեակտորներն աչքի են ընկնում անվտանգության բարձր մակարդակով, բայց միաժամանակ բարձր շինարարական և շահագործման ծախսեր են պահանջում և կախված են ուրանի արտաքին մատակարարումներից:

Միացյալ Նահանգներում օգտագործվող ռեակտորների ևս մեկ տեսակ է եռացող ջրի ռեակտորը (BWR), որը շահագործման առումով ավելի պարզ է, բայց ավելացնում են շահագործման ծախսերն ու անվտանգության ավելի խիստ միջոցներ պահանջում: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո նման ռեակտորների անվտանգության հարցը հատկապես արդիական է դարձել այն երկրների համար, որտեղ դրանք օգտագործվում են։

Ինչու՞ է հենց այսօր կողմնորոշվելն այդքան կարևոր

Համարվում է, որ ընտրելով ատոմակայանի կառուցման այս կամ այն ​​առաջարկը, Հայաստանն, ըստ էության, ընտրում է, թե որ երկրի հետ է համագործակցելու ատոմային էներգետիկայի ոլորտում առաջիկա 60-100 տարում, որի ընթացքում կայանը պետք է շահագործվի։ Խնդիրն այն է, որ ռուսական և արևմտյան միջուկային տեխնոլոգիաներն օգտագործում են միջուկային վառելիքի տարբեր տեսակներ, ինչը պայմանավորված է միջուկային ռեակտորների նախագծման, վառելիքի առանձնահատկությունների և այդ երկրներում կիրառվող տեխնոլոգիաների տարբերությամբ:

Այսպես, ռուսական տեխնոլոգիաները կարող են ավելի ճկուն և էժան լուծումներ առաջարկել առանձին փուլերում, մասնավորապես՝ վառելիքի տարրերի համար տարբեր համաձուլվածքների և նյութերի օգտագործումը: Վառելիքի վերամշակման և կրկնակի օգտագործման տեխնոլոգիաները Ռուսաստանին հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները, ինչի շնորհիվ նվազեցվում են երկարաժամկետ ծախսերն ու էապես նվազեցնում միջուկային թափոնների քանակը։

Մյուս կողմից, «ամերիկյան վառելիքը» հաճախ նույնացվում է նորարարության ավելի բարձր աստիճանի հետ, քանի որ տվյալ դեպքում մեծ դեր է խաղում մրցակցության գործոնը, որը արտադրական գործընթացների մշտական ​​բարելավում է պահանջում։ Այսպես, Westinghouse և General Electric ընկերությունները մշտապես միջուկային վառելիքի արտադրության նոր տեխնոլոգիաներ են մշակում։ Նրանք ակտիվորեն նորարարական նյութեր և եղանակներ են օգտագործում, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել վառելիքի բնութագրերը, մասնավորապես՝ վնասների նկատմամբ կայունությունն ու ավելի բարձր ջերմակայուն հատկանիշները: Ընդսմին, շարունակական նորարարությունը կարող է ծախսերի ավելացման հանգեցնել, ինչը ևս պետք է նկատի ունենալ:

Ի՞նչ առավելություններ ունի առաջարկներից յուրաքանչյուրը

«Երբ խոսում ենք Росатом-ի նախագծերի և այլ նախագծերի միջև մրցակցության մասին, պետք է նշել, որ ռուսական կողմը մի շատ կարևոր առավելություն ունի. «Ռոսատոմը» ամբողջական ցիկլի ընկերություն է»,- Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (АЦСИИ) քննարկումներում նշում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան, փորձագետ և ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դասախոս Իգոր Յուշկովը։ Ամբողջ ցիկլային ընկերություն նշանակում է, որ Росатом-ը կարող է ինքնուրույն իրականացնել ծրագրի բոլոր փուլերը՝ նախագծումից և շինարարությունից սկսած մինչև շահագործում և թափոնների հեռացում: Պատվիրատուի համար դա նշանակում է ավելի ցածր ռիսկեր և համագործակցության ավելի կայուն պայմաններ, քանի որ մեկ օպերատորը ստանձնում է ամբողջ նախագծի պատասխանատվությունը:

ԱՄՆ-ում չկա գեթ մեկ ընկերություն, որը հանձն կառնի ամբողջ ցիկլի, ներառյալ՝ արտադրության ու մատակարարման ապահովումը: Սովորաբար, շինարարությունը, նախագծումը, շահագործումը և վառելիքի ցիկլը բաշխվում են միջուկային արդյունաբերության զանազան հատվածներում գործող տարբեր ընկերությունների միջև: Ընդսմին Միացյալ Նահանգներում տարբեր ընկերությունների միջև գործառույթների բաշխումն իր դրական կողմերն ունի։ Գործառույթների տարանջատումը կարող է նպաստել միջուկային արդյունաբերության առավել արդյունավետ, անվտանգ և ճկուն զարգացմանը, ինչպես նաև նորարարության և մրցակցության մակարդակի բարձրացմանը:

Росатом-ի մյուս մրցակցային առավելությունը ֆինանսավորման խնդիրն է։ «Այս նախագծի օգտին հիմնական գործոններից մեկն այն է, որ Росатом-ը գալիս է իր փողով հանդերձ: Պետական ​​ընկերությունից կամ ուղղակի պետությունից վարկ է վերցնում ու այս միջոցներով էլ կառուցում։ Այսինքն՝ պատվիրատուին մնում է միայն նշել, թե որտեղ և ինչ ծավալով պետք է կառուցել, և այդ ժամանակ  Росатом-ն ինքնուրույն ամեն ինչ կկազմակերպի։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն նաև բելառուսական տարբերակը, երբ երկիրն ընկերությանը վճարում է հավասար բաժնետոմսերով և վերադարձնում ծախսած միջոցները, և՝ թուրքական տարբերակը, երբ կայանը պատկանում է Росатом-ին, շահագործում է այն և գումարը վերադարձնում էլեկտրաէներգիայի վաճառքի միջոցով»,- նշում է Յուշկովը։

Սակայն այժմ լուծումն այլևս այնքան էլ երաշխավորված չէ։

«Հիմա իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Ռուսաստանն, ըստ էության, «մսխում է» իր ֆինանսական պահուստները, և Ազգային բարեկեցության հիմնադրամում մնում է շուրջ 3 տրիլիոն ռուբլի, և մինչև տարեվերջ այդ միջոցները կարող են օգտագործվել բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Անցյալ տարի այդ նպատակների համար հատկացվել է մոտ 2 տրիլիոն ռուբլի, իսկ եթե այս տարի նույն գումարը լինի, ապա Հիմնադրամում գործնականում ոչինչ չի մնա։ Մինչդեռ, հենց Ազգային բարեկեցության հիմնադրամից են միջոցներ հատկացվել արտասահմանում ատոմակայանների կառուցման համար։ Ուստի, Росатом-ի՝ պետությունից փող վերցնելու և այլ երկրներում կայանների կառուցման համար պատրաստի ֆինանսավորմամբ մտնելու հնարավորությունը շոշափելիորեն նվազում է»,- ընդգծում է փորձագետը։

Ըստ փորձագետի՝ Росатом-ը ստիպված կլինի տիտանական ջանքեր գործադրել՝ լոբբինգ իրականացնելու՝ «քաղաքական որոշում ընդունելու համար, որպեսզի միջոցները հատկացվեն ոչ թե Ազգային բարեկեցության հիմնադրամից, այլ պետական ​​բանկերից»:

«Այս ամենը պետք է հիմնավորվի։ Իսկ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա մակարդակը միայն բարդացնում է խնդիրը»,- հայտարարել է նա։

Հայաստանը ստորագրել է «123-րդ համաձայնագիրը»

Այս ֆոնին Հայաստանի «Միջուկային 123-րդ համաձայնագրին» միանալը լավատեսություն է ներշնչել հանրապետությունում շատերին, չնայած այն հանգամանքին, որ դա Միացյալ Նահագների կողմից գործընկեր երկրներում ատոմակայանների կառուցման ուղղակի ֆինանսավորում չի ենթադրում։

«Միջուկային 123-րդ համաձայնագիրը», որը նաև հայտնի է որպես Խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, կարգավորում է միջուկային համագործակցությունը Միացյալ Նահանգների և այլ երկրների միջև՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար ամերիկյան տեխնոլոգիաների և նյութերի հասանելիություն ապահովելով: Այն ենթադրում է գիտական ​​և տեխնիկական գիտելիքների փոխանակում և ստորագրող երկրներից պահանջում է պահպանել զենքի չտարածման խիստ պայմանները, մասնավորապես՝ ուրանի հարստացումից հրաժարումը կամ օգտագործված միջուկային վառելիքի վերամշակումը: Համաձայնագիրը միաժամանակ միտված է միջուկային տեխնոլոգիաների և նյութերի անվտանգությունը բարելավելուն՝ կանխելով ռազմական նպատակներով դրանց օգտագործումը։ 

Հիմնվելով Ֆիլիպինների փորձի վրա, որտեղ համաձայնագրի կնքումից հետո երկու ամերիկյան ընկերություններ պատրաստակամություն հայտնեցին կառուցելու ատոմային էներգետիկայի օբյեկտներ, Հայաստանում գնահատեցին, որ թեև համաձայնագիրն ամերիկյան ընկերություններին ինքնին չի պարտավորեցնում ներդրումներ կատարել գործընկեր երկրների ատոմային էներգիայում, այն անհրաժեշտ իրավական և տնտեսական պայմաններ է ստեղծում, որոնք կարող են խթանել ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարելու համաձայնագրին միացած երկրների միջուկային էներգետիկայում։  

Բայց այստեղ էլ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Հայաստանն արդեն հայտարարել է, որ շահագրգռված է փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցմամբ, ամերիկյան կողմը պաշտոնական մակարդակով նույնպես խոսում է Հայաստանի հետ այս ուղղությամբ համագործակցության հնարավորության մասին, միակ խնդիրն այն է, որ ամերիկացի ներդրողներն իրենք զգուշավոր են այս տեխնոլոգիայի նկատմամբ և չեն շտապում ներդրումներ կատարել, թեկուզ հենց այն պատճառով, որ այս տեխնոլոգիան առայժմ հիմնականում փորձնական է համարվում։ 

Այսպիսով, նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրությունը ոչ միայն տեխնոլոգիայի հարց է, այլև՝ ռազմավարական որոշում, որը կվճռի առաջիկա տասնամյակների համար Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան։


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive