Ucom-ն արագացնում է թվային փոխակերպումը` ներդնելով Cerillion նորարարական հիբրիդային հարթակը

21 հունվարի, 2025  16:19

Շարունակելով թվայնացման հավակնոտ ծրագիրը, հեռահաղորդակցության Ucom ընկերությունը հայտարարեց բրիտանական Cerillion ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին՝ առաջարկելով նախապես ինտեգրված BSS/OSS լուծումներ ֆիքսված, բջջային, կաբելային և բազմասերվիս օպերատորների համար։

Այս համակարգերը Ucom-ին թույլ կտան ինտեգրել ծառայության տվյալները և հաճախորդների տվյալները նորարարական հիբրիդային հարթակում՝ բարձրացնելով ընկերության արդյունավետությունը և հաճախորդներին տրամադրելով կայուն, անհատականացված հնարավորություններ բոլոր ծառայություններում:

OSS/BSS համակարգերի ներդրումը կարևոր քայլ է աշխատանքի արդյունավետության բարձրացման և հաճախորդների փորձի բարելավման ուղղությամբ: Այս համակարգերը բաժանված են երկու մեծ բլոկների, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր կարևոր գործառույթը։

Այսպես, OSS (Operation Support Systems) բլոկը կառավարում է ընկերության տեխնիկական ենթակառուցվածքը: Այս համակարգերը օգնում են վերահսկել ցանցի վիճակը, համակարգել սարքավորումների (ինչպիսիք են բազային կայանները և մալուխները) աշխատանքը և վերացնել տեխնիկական անսարքությունները: OSS-ի միջոցով ընկերությունները կարող են արագ արձագանքել անջատումներին, պլանավորել ցանցի զարգացումը և բարելավել դրա արդյունավետությունը: OSS-ի ներդրմամբ խնդիրները, եթե դրանք առաջանում են, ավելի արագ են լուծվում, ինչի արդյունքում բարելավվում է ծառայությունների որակը:

Իր հերթին, BSS-ը (Business Support Systems) պատասխանատու է հաճախորդների հետ փոխգործակցության և բիզնես գործընթացների կառավարման համար: BSS-ը թույլ է տալիս հետևել մատուցվող ծառայություններին (օրինակ՝ ծախսված րոպեների, գիգաբայթերի կամ SMS-ների քանակին), ստեղծել հաշիվներ, կառավարել սակագները և պարզեցնել հաճախորդների համար ծառայությունների միացման կամ փոփոխման գործընթացը:

OSS/BSS-ը հեռահաղորդակցական ընկերությունը դարձնում են ավելի ճկուն և հաճախորդամետ, քանի որ այս համակարգերի շնորհիվ ցանցերը գործում են կայուն և արդյունավետ, հաճախորդները ստանում են պարզ և հարմարավետ ծառայություն, իսկ ընկերությունն ունի տվյալների վերլուծության, գործընթացների ավտոմատացման և նոր համակարգերի ներդրման գործիքներ ու ծառայություններ։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բրիտանական ընկերության հետ համագործակցության մեկնարկը համարել է մեծ քայլ՝ ուղղված ընկերության կառավարման համակարգերի ծրագրային ապահովման արդիականացմանը։

«Այս միասնական հարթակը թույլ կտա մեզ համատեղել բոլոր գործողությունները հաճախորդների հետ մեկ համակարգում, ինչի շնորհիվ մենք ավելի ճկուն կդառնանք հաճախորդների պահանջները բավարարելու առումով»,- ասաց Ucom-ի գլխավոր տնօրենը։

BSS-ի շնորհիվ բաժանորդները կկարողանան հեշտությամբ միանալ, անջատել կամ փոխել սակագները իրենց անձնական հաշվի միջոցով: Օրինակ, լրացուցիչ ինտերնետ միացնելու համար այլևս կարիք չկա զանգահարել օպերատորին. ամեն ինչ արվում է մի քանի կտտոցով: Միևնույն ժամանակ, նոր ծառայության ակտիվացումը տեղի կունենա ակնթարթորեն: BSS-ի միջոցով հաճախորդները ստանում են մանրամասն հաշիվներ, որոնք ցույց են տալիս, թե ինչի համար են նրանք վճարում:

«Ձեռք բերելով ճկունության և վերահսկողության ավելի մեծ մակարդակ՝ մենք տրամադրվում ենք ծառայություններ մատուցելու ավելի արագ, ճշգրիտ և հուսալիորեն: Մեր նպատակն է համոզվել, որ յուրաքանչյուր բաժանորդ ստանա անհատականացված և արտակարգ հնարավորություններ»,- ասաց Յիրիկյանը։

BSS համակարգերն օգնում են վերլուծել հաճախորդի վարքագիծը և առաջարկել նրան հենց այն, ինչ նրան անհրաժեշտ է՝ բարենպաստ գներ, հատուկ ակցիաներ կամ լրացուցիչ ծառայություններ:

Յիրիկյանը վստահեցրեց, որ Cerillion-ը որպես գործընկեր ընտրվել է երկարատեւ  հետազոտություններից հետո։ Ucom-ը գնահատել է ոլորտում գործող բոլոր ընկերությունների արտադրանքը՝ լավագույն համակարգն ընտրելու համար։

Cerillion-ը նման համակարգերի առաջատար մատակարարն է աշխարհում։ Ընկերությունը լուծումներ է տրամադրում արդյունաբերության տարբեր ոլորտների համար՝ ներառյալ հեռահաղորդակցության, ֆինանսների, կոմունալ ծառայությունների և առողջապահության բնագավառները:

Ըստ Cerillion-ի գլխավոր տնօրեն Լուիս Հոլլի, ընկերությունը գործում է աշխարհի տարբեր ծայրերում, սակայն Ucom-ի հետ նախագիծը տարբերվում է մնացածներից սպառողներին առաջարկվող ծառայություններն ամբողջությամբ թվայնացնելու իր հավակնությամբ և վճռականությամբ:

«Մեզ շատ ոգեւորում է մեր համագործակցությունը Ucom-ի հետ, որը դարձել է ոչ միայն նոր, այլեւ առաջին հաճախորդը կովկասյան տարածաշրջանում: Սա նոր փուլի սկիզբ է և շատ հուսադրող քայլ մեր համընդհանուր զարգացման մեջ։ Մենք շատ հպարտ ենք, որ նորարարություններին և զարգացմանն աջակցելու համար Ucom-ն ընտրել է Cerillion-ը»,- ասաց Հոլլը:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive