Համացանցի օգտատերերի 33%-ն անձնական տվյալների գողության զոհ է դարձել. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2022  14:52

Համացանցի օգտատերերից ամեն երրորդը (33%) անձնական տվյալների գողության զոհ է դարձել: Նրանց 82%-ի կյանքի վրա այդ հանգամանքը բացասաբար է ազդել։ Չնայած դրան՝ յուրաքանչյուր 10 զոհից 8-ը շարունակում է օգտվել այն ընկերության ծառայություններից, որտեղից գողացվել են նրա անձնական տվյալները։

Նման արդյունքներ են ստացել Thales վերլուծական ընկերության մասնագետները։ Հետազոտությունն իրականացվել է 11 երկրում՝ Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ճապոնիա, Սինգապուր, Հոնգ Կոնգ, Ավստրալիա և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։ Հարցումն անցկացվել է 21,000 չափահաս անձանց շրջանում։

Հետազոտության համաձայն` անձնական տվյալների արտահոսքի զոհ են առավելապես դառնում ԱՄԷ (հարցվածների 48%-ը) և ԱՄՆ (հարցվածների 48%-ը) քաղաքացիները։ Հիմանականում օգտատերերի վրա բացասական ազդեցություն է ունենում ֆինանսական տվյալների գողությունը (31%)։

Հարցվածները մտահոգիչ են համարել նաև այն փաստը, որ ընկերությունների 11%-ը միայն վեց ամիս, 5%-ը՝ մեկ տարի անց են իրենց հաճախորդներին տեղեկացրել տվյալների արտահոսքի մասին։ Հարցվածների 5%-ն էլ տվյալների արտահոսքի մասին իմացել է լրահոսից։

Thales վերլուծական ընկերության ուսումնասիրությանը մասնակցածների 54%-ի կարծիքով` ընկերություններին պետք է պարտադրել, որպեսզի անձնական տվյալների արտահոսքի դեպքում տվյալների պաշտպանության միջոցառումներ ձեռնարկեն, ինչպիսիք են կոդավորումն ու երկփուլանի անվտանգությունը։ Հարցվածների 21%-ն ասել է, որ դադարել է օգտվել այն ընկերությունների ծառայություններից որոնցից տվյալների արտահոսք է եղել։

Ուսումնասիրությունն անդրադարձել է նաև թվային ծառայությունների նկատմամբ համացանցի օգտատերերի վստահությանը։ Մասնավորապես, ամենավստահելի ոլորտներն են համարվում ֆինանսական սեկտորը, առողջապահությունը, սպառողական տեխնոլոգիաները, իսկ ամենաանվստահելիներն են մեդիայի և ժամանցի ոլորտը, կառավարություններն ու սոցցանցերը։ 

Թվային ծառայությունների նկատմամբ վստահությունը գնահատվել է նաև ըստ աշխարհագրության, մշակույթի և առկա կարգավորումների։ Այս տեսանկյունից թվային ծառայություններին առավել շատ վստահում են Բրազիլիայի, Մեքսիկայի և ԱՄԷ-ի քաղաքացիները, իսկ ավելի քիչ՝ ֆրանսիացիները, բրիտանացիները, ավստրալացիներն ու գերմանացիները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ