Հաջողության պատմություններով մոտիվացնում ենք գործարարներին, որպեսզի խելացի լուծումների կիրառմամբ զարգացնեն իրենց բիզնեսը․ Էդուարդ Մուսայելյան

17 դեկտեմբերի, 2022  17:45

Խելացի տնտեսություն նշանակում է խելացի լուծումների, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրում տնտեսության տարբեր ճյուղերում եւ տնտեսության արդյունավետ կառավարում։ NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովը կազմակերպած Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ 

«Համացանցում, եթե որոնենք «խելացի տնտեսություն», տարբեր բացատրությունների կհանդիպենք: Մեր պատկերացմամբ՝ խելացի տնտեսությունը խելացի լուծումների և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումն է տնտեսության տարբեր ճյուղերում եւ բիզնեսի արդյունավետ կառավարումը: Տարբեր ոլորտներում խելացի լուծումներ կի
րառելով, զարգացնելով և արտահանելով՝ մենք կարող ենք դառնալ տարածաշրջանի Սիլիկոնյան հովիտը կամ Հայաստանի պարագայում՝ Սիլիկոնյան լեռները», - ասում է նա:

Էդուարդ Մուսայելյանը նշում է, որ նման գագաթաժողովներ անցկացնելը շատ կարևոր է, քանի որ դա հնարավորություն է տալիս խելացի լուծումների միջոցով հաջողության հասած բիզնեսների պատմությունները ներկայացնել մյուսներին և այդպիսով մոտիվացնել նրանց։

«Առհասարակ գագաթաժողովի նպատակը նաեւ փորձի փոխանակումն է, օրինակ բերելը եւ օրինակ ծառայելը: Այս միջոցառումը տարբերվում է նախորդներից, քանի որ, եթե այն ժամանակ մենք խոսում էինք կոնկրետ տեխնոլոգիաների մասին տեխնոլոգիական լեզվով, այսօր մեր լսարանի համար խոսում ենք շատ ավելի պարզ լեզվով»,- ասում է նա՝ հավելելով, որ գագաթնաժողովին մասնակցում են պետական համակարգի և բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև այնպիսի բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ՏՏ-ի հետ բացարձակ կապ չունեն, սակայն գործիքակազմը լայնորեն օգտագործում են իրենց բիզնեսի զարգացման մեջ:

«Մենք հաջողության պատմությամբ մոտիվացնում ենք բիզնեսներին, որպեսզի իրենք էլ կիրառեն թվային գործիքակազմ իրենց բիզնեսը զարգացնելու համար», - ասում է նա։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովն անցկացնում է արդեն չորրորդ անգամ։ Նախորդ միջոցառման ընթացքում, որն անցկացվել է Կենտրոնական բանկի աջակցությամբ, ձևակերպվել է թվային օրակարգի ձևավորման տեսլականը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ստեղծվել է 2015 թ․ եւ առայսօր միությանն անդամակցում է ավելի քանի 50 կայացած ընկերություն, այդ թվում՝ վերազգային։

«Սա խոսում է այն մասին, որ մենք տարբեր ուղղությունների հետ լավ աշխատում ենք: Միջազգային գործընկերների հետ տարբեր ծրագրեր ենք անում, մասնավորապես՝ ունենք նոր կրթական հարթակ, որը բիզնեսներին սովորեցնում է՝ ի՞նչ է թվայնացումը, ի՞նչից է կազմված և ի՞նչ գործիքներ օգտագործել թվայնացման համար», - ասում է նա:

Հարցին, թե կա՞ տնտեսության որևէ ճյուղ, որն առավել շատ կարիք ունի խելացի լուծումների, Էդուարդ Մուսայելյանը պատասխանում է, որ բոլոր ճյուղերում էլ կա նման անհրաժեշտություն՝ գյուղատնտեսությունից սկսած եւ առողջապահությունով վերջացրած։
 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ