Բիզնեսի զարգացման եւ պետական սեկտորի համար խելացի տեխնոլոգիաներ․ Երեւանում տեղի է ունեցել SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովը

10 դեկտեմբերի, 2022  21:50

Ինչպե՞ս կարող է խելացի կառավարումն ազդել Հայաստանում պետական եւ մասնավոր սեկտորի վրա։ Ի՞նչ է խելացի տնտեսությունն ու ինչի՞ համար է այն հարկավոր։ Ի՞նչ խնդիրների է այսօր բախվում բանկային համակարգը նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց։ Ի՞նչ են խելացի ենթակառուցվածքները եւ ինչու՞ է դրանց զարգացումն այդքան կարեւոր: Այս բոլոր հարցերին էր նվիրված SILICON MOUNTAINS 2022 տեխնոլոգիական գագաթաժողովը, որն անցկացվել է Երեւանում դեկտեմբերի 9-ին։ 

Գագաթաժողովի կազմակերպիչ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը կարող է բիզնեսին եւ պետական սեկտորին ցույց տալ, թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաները կարող են նպաստել դրանց զարգացմանը եւ ինչ կարող են դրանց տալ։ Նա նշեց, որ իրական արդյունավետ զարգացման եւ վերափոխման համար ե՛ւ բիզնեսը, ե՛ւ պետական սեկտորը պետք է ոչ միայն նոր տեխնոլոգիաներ ներդնեն, այլեւ փոխեն փիլիսոփայությունը, մտածելակերպը։

«Մենք, իհարկե, կարող ենք ներդնել տեխնոլոգիաներ եւ ավտոմատացնել դրանք, ինչն այսօր անում ենք «ձեռքով»։ Բայց դա դժվար կլինի հեղափոխական որոշում անվանել։ Պետք է արմատապես փոխել բիզնեսի փիլիսոփայությունը, մոդելը՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը», - ասաց նա։

Խելացի կառավարում պետական ծառայությունների ոլորտում․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում

Այսօր խելացի կառավարում են անվանում ժամանակակից տեխնոլոգիաների եւ թվայնացման ձեռքբերումների օգտագործմամբ կառավարումը։ Եվ այդ հայեցակարգն ակտուալ է ինչպես պետական կառավարման, այնպես էլ բիզնեսի ոլորտում։

Արմեն Բալդրյանի խոսքով՝ սմարթ տեխնոլոգիաների ներդրումը կարող է պետական կառավարումն ավելի թափանցիկ, արագ դարձնել․ յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել եւ հասկանալ կատարվածը, անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել կառավարմանը։ Եվ այդ ամենը կբարձրացնի մարդկանց բավարարվածության մակարդակը:

panel 1

Ճիշտ է, Հայաստանում թվային տեխնոլոգիաների եւ «խելացի» լուծումների ներդրման հետ կապված իրավիճակը դեռ հեռու է իդեալական լինելուց։

SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովի շրջանակում պանելային քննարկման ընթացքում  Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեա Հակիմը նշեց, որ ՀՀ կառավարությունը հավատարիմ է թվային փոխակերպման գաղափարներին, իսկ Համաշխարհային բանկը Հայաստանը ներառել է այսպես կոչված GovTech-ին զգալի ուշադրություն դարձնող երկրների շարքում։ Բայց չնայած երկրի բնակչության գրեթե 100 տոկոսն ինտերնետ հասանելիություն ունի, միայն մոտ 50 տոկոսն է օգտագործում համաշխարհային ցանցը պետական կառույցների հետ փոխգործակցության համար:

Ինչո՞ւ:

Մի կողմից, խնդիրը կարող է լինել այն, որ ինտերնետում հասանելի հանրային ծառայությունների քանակը իրականում սահմանափակ է: Մյուս կողմից էլ, հնարավոր է, որ բնակչությունը դեռ բավականաչափ իրազեկված չէ կամ չունի անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ՝ արդեն իսկ առկա հնարավորություններից օգտվելու համար:

Իր հերթին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Սիմոն Մանուկյան քոլեջի «Բիզնես եւ տնտեսագիտություն» բաժնի դեկան Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այսօր մենք շատ մոտ ենք այն «կրիտիկական կետին», որից հետո ոլորտում կարող է կտրուկ ցատկ տեղի ունենալ, սակայն առայժմ այդ ցատկը երկրում տեղի չի ունենում։ Ըստ նրա՝ Հայաստանում ավելի խելացի կառավարման անցնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր, որոնք կապված են տարբեր տվյալների բազաների միջեւ փոխգործակցության հետ, եւ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ակնկալել էքսպոնենցիալ աճ այս ոլորտում: Անհրաժեշտ կլինի նաեւ ստեղծել մի շարք ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նույնականացման ազգային համակարգ եւ դրան կցված անվտանգության համակարգ։

«Այս տեսանկյունից ինձ շատ զարմացրեց, որ կառավարությունը հարկային հայտարարագրման մասին որոշումն ավելի շուտ է ընդունել, քան նույնականացման համակարգ է ներդրել։ Այլ կերպ ասած, մենք խելացի համակարգեր ենք ներդնում ոչ այդքան խելացի եղանակով», - նշեց Գաբրիելյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ձեռնարկվել են e-governance էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու փորձեր, սակայն հարց է, թե արդյոք դա օգնել է բարձրացնել կառավարման արդյունավետությունը։

Նրա խոսքով՝ այսօր երկրում բավական շատ խնդիրներ կան․ տնտեսության 91 տոկոսն ընդհանրապես չի օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումները, եւ ուստի դրանց եւ մնացած 9 տոկոսի (ՏՏ ոլորտ եւ բանկային համակարգ) միջեւ մեծ ճեղք կա, որի հետ անհասկանալի է՝ ինչ պետք է անել։ Բացի դրանից, երկրում, մի կողմից, կա գործազրկության եւ աղքատության լուրջ խնդիր, մյուս կողմից էլ, որոշ ոլորտներում չեն կարողանում որակավորված աշխատակիցների գտնել։ Եվս մեկ խնդիր է այն, որ այսօր Արարատյան դաշտի պտղաբեր հողերի 50-60 տոկոսը չի մշակվում։

«Խելացի կառավարումը կարող է օգնել լուծելու այդ հարցերը, բայց մենք պետք է լուծենք առավել հիմնարար հարցեր, որպեսզի համակարգն սկսի աշխատել», - նշեց մասնագետը։

Խելացի կառավարում բիզնեսի ոլորտում․ ինչո՞ւ է բիզնեսը պասիվ

Բիզնեսին եւս խելացի կառավարումը կարող է շատ օգուտներ բերել՝ բարձրացնելով ե՛ւ մրցունակությունը, ե՛ւ կառավարման գործընթացում աշխատակիցների ներգրավվածության աստիճանը։

Ինչպես նշեց Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, եթե Հայաստանում պետական սեկտորում գոնե ինչ-որ բան է արվում կառավարման մոդելը փոխելու եւ բարելավելու համար (արդյունավետ է այդ աշխատանքը, թե՝ ոչ, այլ հարց է), ապա մասնավոր սեկտորը, որքան էլ տարօրինակ է, ավելի պասիվ է։ 

«Այստեղ կարեւոր է հասկանալ, թե ինչու է մասնավոր սեկտորը պասիվ։ Միգուցե կան ֆինանսական  կամ մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրնե՞ր։ Խելացի կառավարման կիրառումը մասնավոր եւ պետական սեկտորներում շատ կարեւոր է, եւ լավ է, որ դա այսօր քննարկվում է։ Այսօրվա միջոցառմանը մենք հստակ քայլեր կձեւակերպենք, որոնք կներկայացնենք ե՛ւ պետությանը, ե՛ւ մասնավոր ընկերություններին։ Այս գագաթաժողովի արդյունքներով մենք կկիսվենք մեր տեսլականով, թե ուր պետք է շարժվել», - ասաց Բալդրյանը։

panel 2

Նրա խոսքով՝ Հայաստանում մեկ շնչին ընկնող աշխատանքի արտադրողականությունը այսօր բավական ցածր է։ Այս ցուցանիշը կարելի է բարձրացնել միայն խելացի տեխնոլոգիաների օգնությամբ։

«Այստեղ շատ կարեւոր է, որ բիզնեսն սկսի հասկանալ եւ ճիշտ գնահատել ժամանակակից տեխնոլոգիաների իրական ուժը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս կամ այն  նորարարությունն իրականացնելը շատ թանկ է, բայց եթե մի քանի տարվա ընթացքում վերլուծեք իրավիճակը, կարող եք տեսնել, թե ինչպես է զարգանալու ձեր բիզնեսը, ինչ կտրուկ աճ կարող է տեղի ունենալ, եթե որոշեք նորամուծություններ կատարել: Իսկ հաջողակ բիզնեսները կբարձրացնեն Հայաստանի տնտեսության մրցունակությունը միջազգային շուկայում», - հավելեց Բալդրյանը։

Խելացի բանկեր․ ի՞նչ խնդիրներ են ի հայտ գալիս տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց

Բանկային համակարգը Հայաստանում ամենաառաջադեմներից մեկն է. այն պատրաստակամորեն ընդունում եւ ներդնում է բազմաթիվ նորամուծություններ եւ տեխնոլոգիաներ: Արդեն այսօր ֆինանսական ոլորտում շատ ծառայություններ կարելի է ձեռք բերել առցանց՝ տան  համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով, եւ այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում նման ծառայություններից:

Ճիշտ է, բանկերի խնդիրներն այսօր նույնպես քիչ չեն, իսկ տեխնոլոգիաների զարգացումը ենթադրում է նոր խնդիրների առաջացում, որոնք նախկինում չեն եղել։ Դրանցից են, օրինակ, կիբեռանվտանգության, օգտատերերի տվյալների արտահոսքի կանխման հետ կապված խնդիրները եւ այլն։

«Այսօր բանկային համակարգի առջեւ շատ խնդիրներ են դրված, այդ թվում՝ ինչպես լուծումներն օգտագործել հաճախորդների տվյալները պաշտպանելու, տվյալների արտահոսքը կանխելու համար։ Բանկերը շատ լուրջ են վերաբերվում այդ խնդրին եւ շատ գումարներ են ծախսում դրա վրա։ Սակայն բավարար չէ պարզապես ձեռք բերել լուծումներ տվյալները պաշտպանելու համար, դրանք պետք է ճիշտ կիրառել եւ ունենալ համապատասխան մասնագետներ, որոնք 24 ժամ կհետեւեն համակարգին, որպեսզի ժամանակին արձագանքեն հնարավոր հարձակմանը», - նշեց  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

panel 3

Ինչպես իր հերթին նշեց «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, բազմաթիվ երկրներում գոյություն ունեն տվյալների պահպանման չափորոշիչներ, եւ շատ կարեւոր է, որ դրանք Հայաստանում էլ լինեն:

«Նոր հեծանիվներ պետք չի հորինել: Կան տեխնոլոգիաներ, ուղղակի դրանք պետք է կիրառել», - նշեց նա:

Անդրեասյանի խոսքով, անվտանգության մակարդակի բարձրացման եւ ստանդարտացման համար կարեւոր դեր կարող է խաղալ ամպային տեխնոլոգիաների օգտագործումը: Այդ տեխնոլոգիաներից, մասնագետի խոսքով, վախենալ պետք չէ, եւ եթե երկրում արգելվում է կարեւոր տվյալները պահել «դրսի» ամպային պահոցներում, ապա պետք է մտածել հենց Հայաստանում նման պահոց ստեղծելու մասին:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ եւս մեկ խնդիր է այն, որ այսօր Հայաստանում տվյալների մի քանի բազա կա, որոնք չեն սինքրոնացվում միմյանց հետ։ Եթե դրանք սինքրոնացվեին, ապա ոլորտում շատ բան դեպի լավը կփոխվեր, հաճախորդներն ավելի հեշտ եւ արագ կնույնականացվեին եւ ստիպված չէին լինի ժամանակ եւ նյարդեր վատնել տարբեր խնդիրների վրա, տարբեր փաստաթղթեր ու տեղեկանքներ ներկայացնելու վրա։

Բանկային համակարգի հետ կապված եւս մեկ խնդիր է այն, որ մարդիկ հաճախ բավարար գիտելիքներ չունեն, որպեսզի ճիշտ օգտվեն բոլոր հնարավորություններից, որոնք այսօր տրամադրվում են։

Ինչպես SILICON MOUNTAINS 2022-ի ընթացքում նշեց Text’nPayMe-ի հիմնադիր Արթուր Կարապետյանը, օրինակ, Իսպանիայում, երեխաներին դեռեւս դպրոցական տարիքից սովորեցնում են, թե ինչպես պետք է օգտվել բանկային համակարգից։ Այդ իրավունքը նրանք ստանում են միայն 16 տարեկանում։ Կարապետյանը վստահ է, որ նման պրակտիկա պետք է ներդնել Հայաստանում, քանի որ երիտասարդներն ավելի հեշտ են նոր բան սովորում, քան մեծահասակները։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում դպրոցներում ֆինանսական գրագիտության ներդրման ծրագրեր կան, սակայն դրանք բավարար չեն։

«Մենք պետք է հաղթահարենք այդ մեծ ճեղքը, որպեսզի հանրությունն իսկապես ֆինանսապես գրագետ դառնա», - ասաց նա։ 

Խելացի ենթակառուցվածքներ. Ինչու՞ են դրանք կարեւոր

Խելացի տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ շատ կարեւոր է նաեւ խելացի ենթակառուցվածքների զարգացումը:

Ինչպես նշեց NEWS.am Tech-ի հետ զրույցում ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, այսօր Հայաստանում ֆիքսված օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի վրա հիմնված ցանցերի ծածկույթը կազմում է մոտ 65 տոկոս, եւ դրանք հասանելի են բնակչության 97 տոկոսին։ Բջջային կապն ընդգրկում է բոլոր բնակավայրերի 100 տոկոսը, ավելին, դրանց 91 տոկոսին հասանելի են միանգամից երկու ցանց: Սա, մասնագետի խոսքով, հիանալի հիմք է նոր տեխնոլոգիաների ներդրման համար։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-Ի (Ռոստելեկոմ) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքով, հեռահաղորդակցության ընկերություններն արդեն սկսում են մատուցել թվային ծառայություններ, հնարավորություն տալով մասնավոր ընկերություններին ու պետական մարմիններին իրենց IT ծառայությունները «աութսորս» անել դեպի հեռահաղորդակցության ընկերություններ:

«Խոսքը վերաբերում է դատա կենտրոններին ու ամպային լուծումներին: Մոտ ապագայում կտեսնենք Հայաստանում հեռահաղորդակցության ընկերությունների կողմից լայնածավալ ներդրումներ: Մասնավորապես, մենք նախատեսել ենք հաջորդ տարի ստեղծել ու շահագործման հանձնել բավականին լուրջ դատա կենտրոն, որը ենթադրելու է բոլոր տեսակի ծառայություններ՝ սկսած ինտերնետից վերջացրած քլաուդներով: Սա կարեւոր է բիզնեսի համար, քանի որ մեկ անձից ստանում է բոլոր լուծումները», - նշեց նա:

panel 4

«Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի խոսքով, խելացի ենթակառուցվածքները լուրջ առավելություններ կարող են տալ, օրինակ, արտադրության ոլորտում: Օրինակ, մեկ ռոբոտ կարող է 12 աշխատակցի փոխարինել, եւ այն շատ ավելի արդյունավետորեն կաշխատի՝ 24 ժամ՝ 8 ժամի փոխարեն, առանց հանգստյան օրերի: Խաչատրյանի խոսքով, նման ռոբոտի վրա արված ներդրումն իրեն 3-4 ամիսների ընթացքում կարդարացնի, եւ երբ նման ներդրումներ արտադրության ոլորտում սկսել ավելի շատ անել, 5G-ի պահանջը նկատելիորեն կաճի:

Հիշեցնենք, որ  սա SILICON MOUNTAINS 2022-ի արդեն չորրորդ գագաթաժողովն է եւ այս տարվա մեջ երկրորդը։ Նախորդի ընթացքում, որը տեղի է ունեցել հունիսին, քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ թվային փոխակերպում, կիբեռանվտանգություն եւ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներ։ 

Այժմ այս ցուցակն ընդլայնվել է եւ ներառում է խելացի ենթակառուցվածքներ եւ կառավարում, տնտեսություն եւ բանկային համակարգ։

Խելացի ենթակառուցվածքները եւ հեռահաղորդակցության

Բոլոր չորս թեմաները, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի խոսքով, շատ կարեւոր են, ավելին, դրանք արդյունավետ կաշխատեն միայն միմյանց հետ փոխգործակցության միջոցով։

«Խելացի կառավարումը գլուխն է, խելացի տնտեսությունը՝ սիրտը, խելացի բանկային համակարգը՝ արյունը, իսկ խելացի ենթակառուցվածքը՝ երակային համակարգը։ Այդ ամենը կարող է ապրել առանց մեկը մյուսի, բայց շատ վատ»։

Բոլոր պանելային նիստերը կարող եք լսել հետեւյալ հղմամբ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ