ԱՄՆ արդարադատության նախարարությունը Google-ից պահանջում է վաճառել Chrome-ը

21 նոյեմբերի, 2024  17:11

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Google-ից պահանջում է վաճառել Chrome դիտարկիչը, ինչպես նաև պայմաններ ստեղծել մրցակիցներին դրա օգտատերերի տվյալների և որոնման պատմությունը տրամադրելու համար, տեղեկացնում է Reuters-ը։

Մեղադրող կողմի կարծիքով՝ նման քայլերը կօգնեն կոտրել Google-ի մենաշնորհը որոնողական համակարգերի ոլորտում և բարելավել մրցակցությունը շուկայում։ Այժմ, ըստ որոշ գնահատականների, Google-ը վերահսկում է համացանցում որոնողական համակարգերի շուկայի մոտ 90%-ը:

Ըստ մեղադրող կողմի, Google-ի անօրինական պահվածքը մինչ այժմ թույլ չի տվել շուկայի նոր խաղացողներին մուտք գործել շուկա և կիրառել իրենց նորարարությունները, քանի որ Google-ը վերահսկում էր դիտարկչի բաշխման ուղիներն ընկերությանը պատկանող Google Play հավելվածների խանութի միջոցով:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է արգելել Google-ին հաջորդ հինգ տարիների ընթացքում վերադառնալ ինտերնետ դիտարկիչների շուկա։ Ավելին, եթե արդար մրցակցության վերականգնմանն ուղղված առաջարկվող միջոցառումներն արդյունք չտան, Google-ը ստիպված կլինի վաճառել Android օպերացիոն համակարգը։

Մեղադրող կողմը նաև պնդում է, որ Google-ին արգելվի գնել որոնողական համակարգերի, արհեստական բանականության կամ գովազդային առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և նահանգների կոալիցիան պնդում են, որպեսզի դադարեցվի Google-ի բացառիկ պայմանագրերը Apple-ի և սմարթֆոնների ու պլանշետների այլ արտադրողների հետ, որոնց պայմաններով՝ հենց Google-ը լռելյայն կերպով դառնում է այդ սարքերի որոնողական համակարգը:

Google-ը կկարողանա իր առաջարկները ներկայացնել այս տարվա դեկտեմբերին, իսկ դատական ​​նիստը կկայանա հաջորդ տարվա ապրիլին, եթե մինչ այդ Դոնալդ Թրամփի իշխանության գալը չազդի գործի ընթացքի վրա։


 
 
 
 
  • Archive