Silicon Mountains գագաթաժողովի թեմաները տնտեսության թվայնացման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, տնտեսության տարբեր ճյուղերն են։ Եվ ամենաարդիական թեմաներից մեկն այս պահին արհեստական բանականությունն է (ԱԲ)։ Դրան են վերջին շրջանում նվիրված համաշխարհային միջոցառումների մեծ մասը, որովհետև այն իրոք վերջին շրջանում շատ մեծ թափով է աճում։ Այս մասին Silicon Mountains 2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը՝ խոսելով Silicon Mountains 2024-ի թեմայի ընտրության մասին:
Հայաստանը ՏՏ հսկաների հետ մրցակցության մեջ է
Էդուարդ Մուսայելյանն ասաց, որ 2023-ին ԱՄՆ-ում ԱԲ հենքով 10,000-ից ավելի միայն ընկերություններ են ձևավորվել, և առաջատար 100 ընկերություններից 80%-ը գրեթե օգտագործում են ԱԲ կամ աշխատում են դրա զարգացման վրա։ «Դա նշանակում է, որ արհեստական բանականությունը մրցակցային առավելություն է տալիս այն ընկերություններին, այն երկրներին, որոնք կարողանում են շուտ ադապտացնել տեխնոլոգիաները»,-ասաց նա:
Մուսայելյանի խոսքով՝ առհասարակ տեխնոլոգիական շուկան բավականին մեծ է և խոշոր, ու այստեղ մրցակցությունն իսկապես բավականին դաժան է, և դաժան է հիմնականում տաղանդների առումով։ «Ի՞նչ ունենք մենք այստեղ անելու։ Մենք պետք է փորձենք պատրաստել որակյալ կադրեր, որոնք կարող են արտահանել միայն որակյալ պրոդուկտներ և աշխատել միայն բարձր տեխնոլոգիական պրոդուկտների վրա։ Նկատի ունեմ, այն, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ շռայլություն, և պետք է կենտրոնանանք միայն որակյալի վրա: Դա կարող է թանկ լինել, բայց համեմատելով տեխնոլոգիական հսկաների հետ, մենք այստեղ իրոք, եթե չասեմ մրցակցային առավելություն, ապա մրցակցության մեջ ենք։ Հայաստանն այդպիսի հնարավորություններ ունի»,- հայտարարեց Մուսայելյանը:
ԱԲ-ն չի փակելու կարևոր աշխատատեղերը, այլ ստեղծելու է նորերը
ԱԲ-ն իր հետ վախեր է բերում, և դա միայն աշխատատեղերի հնարավոր կորստի վախը չէ. աշխատատեղերի կրճատման հետ մեկտեղ նաև տվյալների անվտանգության խնդիրն է առաջանում ԱԲ տեխնոլոգիաների զարգացման ժամանակ: «Եթե մենք ճիշտ մոտենանք հարցին, սա ավելի շատ կօգնի, քան կխանգարի»,- նշեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրենը։
Նա նկատեց, որ տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն են մշակում աշխատատեղերի կրճատման դեմ պայքարելու համար, սակայն ավելի ճիշտ է ԱԲ-ն ճիշտ օգտագործել՝ հօգուտ մարդկության, ստեղծել տեխնոլոգիաներ, համակարգեր, տարբեր ընկերություններ, փորձել կիրառել դրանք:
«Եթե խոսում ենք Հայաստանի մասին, ապա կարծում եմ՝ մեզ մոտ չկա արհեստական բանականության արդյունքում աշխատատեղերի կրճատում, թեև նման վիճակագրական տվյալներ, ինձ թվում է, դեռ հայտնի չեն ոչ մեկին»,- ասաց նա:
Էդուարդ Մուսայելյանը նկատեց, որ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նաև նոր աշխատատեղեր ստեղծել. «Այսինքն՝ այնպես չէ, որ արհեստական բանականությունը փակելու է այն կարևոր աշխատատեղերը, որոնք դեռ պահանջված են։ Ո՛չ, ստեղծվելու են նորերը, որոնք դեռ չեն եղել»:
ԱԲ-ն այս պահին ամեահեռանկարային ու ամենաարդիական ճյուղն է
Էդուարդ Մուսայելյանն ասում է, որ այսօրվա տեխնոլոգիական աշխարհում շատ դժվար է կանխատեսումներ անել, հատկապես երկարաժամկետ հեռանկարով։ Փոխարենը պետք է դիտարկել առաջիկա երեքից հինգ տարին, և այդ առումով, ըստ նրա, ԱԲ-ն դեռ լինելու է առաջատարը։
«Երբ ինձ հարցնում են՝ որտեղ երեխայիս տանեմ, որ սովորի, կամ ինչ ուղղություն ընտրի, որ ապագա ունենա, ես կասեմ՝ իհարկե, արհեստական բանականությունը: Իհարկե, կան այլ ճյուղեր, բայց արհեստական բանականությունն այս պահին ամենաարդիականն է»,- ասաց նա։
ԱԲ-ն՝ ՀՀ պետական կառավարման համակարգերում
Էդուարդ Մուսայելյանն ասում է, որ այս պահին, որքանով տեղյակ է, դեռ ԱԲ տեխնոլոգիաներ ներդրված չեն Հայաստանի պետական կառավարման համակարգերում, բայց ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, ինչպես դրանք ճիշտ օգտագործել։
«Եվ այսօրվա մեր միջոցառումը, ինձ թվում է, նույնպես որոշակի հարցերի պատասխանը կտա: Մենք նաև միջազգային փորձի փոխանակում ենք իրականացնում։ Իսկ առհասարակ պետությունը փորձում է քաղաքականություն մշակել, որը կօգնի նման ընկերություններին ակտիվորեն զարգանալ, և բնականաբար լավագույն լուծումները կլինեն կառավարության, պետության դիտակետում, որ կարողանան արագ ներդնել»,- ընդգծեց նա:
ԱԲ հետևանքով մարդիկ ավելի ծույլ կդառնան
«Արհեստական բանականության հետևանքով մենք կդառնանք ավելի ծույլ»,- նշեց Մուսայելյանը և պարզաբանեց. «Ստեղծագործականությունն է այստեղ խնդիր։ Այսինքն՝ արհեստական բանականությունը քո փոխարեն արդեն մտածում է և որոշակի ինֆորմացիա է տալիս՝ իր տվյալների բազան վերլուծելով: Մենք իրոք դառնում ենք ավելի ծույլ։ Բայց հուսով եմ, որ այն աշխատատեղերը, որոնք կստեղծի նույն արհեստական բանականությունը, մարդուն ավելի շատ մտածելու հնարավորություն կտան»:
Նշենք, որ Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը Երևանում անցկացվել է նոյեմբերի 15-ին։ Այս տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից։ Գագաթնաժողովն այս անգամ նվիրված էր տնտեսության մեջ ԱԲ կիրառությանը և մարտահրավերներին։ Միջոցառման ժամանակ եղան առանձին ելույթներ և պանելային քննարկումներ։
Առաջին քննարկման ժամանակ, որը վերնագրված է «Industry.ai», քննարկվեց ԱԲ զարգացումն ու կիրառումը արդյունաբերության տարբեր ոլորտներում: «Invest.ai» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր ԱԲ ֆինանսական ասպեկտներին, ԱԲ ստեղծման, զարգացման և կիրառման մեջ ներդրումներ կատարելու առավելություններին: Երրորդ պանելային քննարկման՝ «Impact.ai»-ի ժամանակ, քննարկվեցին ԱԲ սոցիալական ազդեցությունը:
Միջոցառման հատուկ հյուրերն էին Infosys ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023-ի դափնեկիր Նարայանա Մուրտին, Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։
Գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Գագաթնաժողովի պլատինե գործընկերը Ucom-ն է։
Միջոցառման մեդիա գործընկերը NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունն է:
Գագաթնաժողովի գործընկերների թվում են նաև EasyPay-ը, Visa-ն, Synospys-ը, Staffmedia-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, USAID-ն, UNICOMP-ը:
month
week
day