Meta-ն ԱԲ սելֆիների գործառույթ է ներդնում Facebook-ում և Instagram-ում

26 սեպտեմբերի, 2024  17:14

Meta ընկերությունը հայտարարել է, որ նոր գործառույթ է փորձարկում Facebook-ում և Instagram-ում, որը օգտատերերի լրահոսում կավելացնի արհեստական բանականության (ԱԲ) ստեղծած պատկերներ: Հայտարարության համաձայն՝ Imagined for You նշումով ԱԲ բովանդակությունը կստեղծվի օգտատիրոջ հետաքրքրությունների կամ ընթացիկ միտումների՝ ներառյալ հենց օգտատիրոջ լուսանկարների հիման վրա:

Ստեղծված տեսարաններում օգտատերը կարող է ներկայանալ որպես տեսախաղի կերպար կամ, օրինակ, տիեզերագնաց, որն ուսումնասիրում է տիեզերքը։ Դրանք ստեղծելու համար համակարգը կօգտագործի օգտատերերի լուսանկարները:

Meta-ի մամուլի քարտուղար Ամանդա Ֆելիքսը պարզաբանել է, որ հարթակն օգտատիրոջ դեմքով պատկերներ կստեղծի միայն այն դեպքում, եթե նա միանա Imagine գործառույթին և ընդունի համապատասխան պայմանները։ Հետագայում նման լուսանկարները կարելի է տարածել կամ սելֆիներ ստեղծել իրական ժամանակում։

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը The Verge-ին ասել է, որ ԱԲ ստեղծած պատկերներ ավելացնելը Facebook-ի և Instagram-ի համար հաջորդ «տրամաբանական քայլն» է, երբ օգտատերերի ստեղծած բովանդակությունից զատ կհայտնվի նաև ԱԲ ստեղծած բովանդակությունը։

Նաև պարզաբանվում է, որ ցանկության դեպքում օգտատերերը կկարողանան արգելել ԱԲ պատկերների ցուցադրումն իրենց լրահոսում, իսկ դրանք տարածելու հնարավորությունը կմնա ընտրովի։ Նույնը վերաբերում է օգտատիրոջ դեմքով նկարներին. դրանք հասանելի կլինեն բոլորին միայն այն դեպքում, եթե օգտատերն ինքը թույլ տա։

Meta-ն ընդգծում է, որ ներկայումս այս գործառույթը փորձարկման փուլում է, ուստի պարզ չէ, թե ինչ ծավալով կամ արագությամբ այն կներդրվի: 


 
 
 
 
  • Archive