Բժիշկների, գիտնականների և ՏՏ մասնագետների թիմն արհեստական բանականության վրա հիմնված նոր տեխնոլոգիա է մշակել, որը կարող է վերլուծել սերմնահեղուկը և պարզել՝ արդյոք պտղաբերության հետ կապված խնդիրներ կան: Դա անելու համար պարտադիր չէ լաբորատորիա գնալ, անալիզը կարող եք անել տանը, և ձեզ հարկավոր է միայն տեսախցիկով սմարթֆոն, մասնագետների մշակած փոքրիկ սարքը և հատուկ հավելվածը: Այս տեխնոլոգիայի մասին NEWS.am Tech-ին տված հարցազրույցում խոսել է Kedoom Technologies Co., Ltd.-ի տեխնիկական զարգացման գլխավոր մասնագետ Թաք Լոն։
Լոյի խոսքով՝ ընկերության առաջատար արտադրանքը լաբորատորիաներում և հիվանդանոցներում սերմնահեղուկի անալիզի համար օգտագործվող սարքերի ավելի փոքրիկ տարբերակն է (լուցկու տուփից փոքր): Եվ մի շարք միջդիսցիպլինար տեխնոլոգիաների, ինչպիսիք են արհեստական բանականությունը, հակադարձ օպտիկան և միկրոհեղուկ չիպերի տեխնոլոգիան օգտագործելու միջոցով, այս սարքը կարող է տրամադրել նախնական ախտորոշման աստիճանի սքրինինգի արդյունքներ, ներառյալ սերմնահեղուկի առողջության, դրանց շարժունակության, մորֆոլոգիայի և այլնի մասին տեղեկություն: Այս ամբողջ տեղեկությունը կօգնի հասկանալ տղամարդու վերարտադրողական առողջության ներկա վիճակը և արդյոք նա կարող է ցանկության դեպքում հայր դառնալ։
Այս սարքի կիրառմամբ անալիզը, Լոյի խոսքով, ավելի էժան է, քան համապատասխան անալիզը լաբորատորիայում՝ առնվազն Չինաստանի նման երկրներում, որտեղ սարքն արդեն վաճառքում է, և ԱՄՆ-ում, որտեղ այն շուտով հասանելի կլինի: Ավելին, մշակողներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեխնոլոգիան աշխատի սմարթֆոնի ցանկացած տեսախցիկով։
Բացի դրանից՝ շատերը կարող են անհարմար զգալ այս թեստը լաբորատորիայում կամ հիվանդանոցում կատարելուց: Տանը նրանք իրենց ավելի հանգիստ կզգան։ Եթե անալիզը ցույց տա, որ անհանգստանալու բան չունեն, հիվանդանոց գնալու կարիք չի լինի։ Իսկ եթե պարզվի, որ խնդիրներ կան, ապա հավելվածը խորհուրդ կտա ինչ անել հաջորդիվ։
«Իրականում, դեպքերի մոտ 50%-ի պարագայում ամուսինների անպտղության «պատասխանատուն» տղամարդիկ են։ Բայց իրականում ընդունված է կանանց «մեղադրել»։ Մենք ցանկանում ենք, որ տղամարդիկ օգտագործեն մեր արտադրանքը, որպեսզի հասկանան իրենց դերն ու պատասխանատվությունը երեխա ունենալու գործում»,- ասաց Լոն:
Նա հավելեց, որ Kedoom Technologies-ը չի ծրագրում կանգ առնել ձեռք բերվածի վրա և նախատեսում է այլ ապրանքներ ներկայացնել՝ օգնելու զույգերին, որոնք ցանկանում են երեխա ունենալ։ Ապագայում ընկերությունը, համագործակցելով բժշկական կազմակերպությունների հետ, նաև ցանկանում է սկսել հաճախորդներին առաջարկել սերմնաբջիջները սառեցնելու հնարավորություն՝ ապագայում օգտագործելու համար:
Լոն նաև մասնագիտացած է վաղ փուլի հիմնադիրների հետ աշխատելու գործում և ներդրումներ է արել ու խորհրդատվություն տրամադրել ավելի քան 300 ստարտափի: Նա համահիմնել է առաջին ասիական հիմնադրամներից մեկը, որը ներդրումներ է արել բլոկչեյն և արհեստական բանականության տեխնոլոգիաներում: Նա նաև կառուցել է առաջին միջազգային գրասենյակը Techstars-ի՝ աքսելերացիայի աշխարհի ամենամեծ ծրագրի համար:
Թաք Լոն արդեն չորրորդ անգամ է մասնակցում Sevan Startup Summit-ին։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովում ինքը մի քանի նպատակ է հետապնդում. ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի և հայկական ընկերությունների և հատկապես առողջապահության ոլորտի ստարտափների հետ։ Միջոցառման շրջանակում նա աշխատում է նաև խթանող ծրագրի վրա՝ մասնակիցներին սովորեցնելով ստարտափներ ստեղծելու առանձնահատկությունները և նրանց հետ կիսվում հաջողության գաղտնիքներով:
Միջոցառմանը ներկայացված ստարտափների թվում նա հույս ունի գտնել SuperAnnotate-ի նման խոստումնալից նախագծեր։ Վեց տարի առաջ Լոն հայկական առաջին վենչուրային Granatus Ventures հիմնադրամի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարգսյանի հետ միասին այս ստարտափի համար վարում էր քոուչինգ այստեղ՝ Sevan Startup Summit-ի շրջանակում։ Այսօր այս նախագիծն արդեն 21 միլիոն դոլար է հավաքել։
Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2024-ը տարվա կարևորագույն ՏՏ իրադարձություններից է։ Ամեն տարի այս ոչ պաշտոնական բիզնես ֆորումը ներգրավում է հարյուրավոր և հազարավոր ստարտափների Հայաստանից և մի շարք այլ երկրներից՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնել իրենց գաղափարները պոտենցիալ ներդրողներին և մենթորներին, լսել ականավոր հյուրերի ելույթները, մասնակցել պանելային քննարկումների, սեմինարների, զրույցների, ժամանցային միջոցառումների և այլն։
NEWS.am Tech-ը միջոցառման մեդիա գործընկերն է։
month
week
day