Բուժառուն գնահատել է իր գլխուղեղում տեղադրված չիպի շնորհիվ ձեռք բերած հնարավորությունները

25 հուլիսի, 2024  22:03

Նոլան Արբոն՝ առաջին մարդը, որն ստացել է Neuralink ընկերության գլխուղեղի իմպլանտը, գնահատել է սարքի աշխատանքը՝ նշելով, որ դրա արդյունավետությունը շարունակում է բարելավվել, չնայած նրա սարքի որոշ էլեկտրոդներ անջատվել են ուղեղից, հայտնում է РИА Новости-ն։

Յոթ տարի առաջ նա անդամալույծ է դարձել դժբախտ պատահարից հետո։ 2024-ի հունվարին Արբոն դարձավ առաջին մարդը, որը փորձարկեց Neuralink ընկերության Telepathy գլխուղեղի իմպլանտը: Այն թույլ է տալիս կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը մտքի ուժով և նախատեսված է հիմնականում նրանց համար, ովքեր կորցրել են իրենց վերջույթները շարժելու ունակությունը։ Մարտին Արբոն ցույց էր տվել, թե ինչպես է շախմատ խաղում մտքի ուժով։

«Սկզբում իմպլանտի աշխատանքում նկատեցի դրա արդյունավետության նվազում, բայց կարգավորելուց հետո կայուն աճ է նկատվում»,- ասել է Արբոն:

Մայիսին, հաջող վիրահատությունից և նախնական փորձարկման արդյունքներից հետո, ընկերությունը հայտնեց, որ հիվանդի գլխուղեղից ազդանշաններ փոխանցող էլեկտրոդներ պարունակող միկրոլարերը դուրս են եկել Արբոյի գլխուղեղից և այժմ «աշխատում է էլեկտրոդների ընդհանուր թվի մոտ 15 տոկոսը»։ Արբոն նշել է, որ նույնիսկ այդքան փոքր քանակությամբ էլեկտրոդների դեպքում կարող է շատ ավելին անել, քան փորձի սկզբում, երբ ակտիվ էլեկտրոդների թիվն ավելի մեծ էր։ «Դա ուղղակի անհավանական է»,- հավելել է նա:

Արբոն հույս է հայտնել, որ փորձի հաջորդ մասնակիցը կկարողանա ակտիվացնել էլեկտրոդների միկրոլարերի 90-100%-ը, ինչը նոր հնարավորություններ կբացի։ «Սա մեզ լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ»,- ասել է նա:


 
 
 
 
  • Արխիվ