Հայաստանի համար ստեղծել գլոբալ ցանց և բարելավել երկրի դիրքն աշխարհում. ASOF-ը Երևանում անցկացնում է իր ամենամյա համաժողովը

26 հունիսի, 2024  17:12

Հայ մշակութային և գիտական ընկերակցությունը (Armenian Society of Fellows, ASOF) հավատում է, որ Հայաստանի ապագան, անվտանգությունն ու բարգավաճումը կախված են առաջադեմ տեխնոլոգիաներից և գիտությունից, հենց այդ նպատակով էլ ընկերակցությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երկրում տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացմանը։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասացին ASOF-ի խորհրդի նախագահ Անի Աբրահամյանը և խորհրդի նախագահի տեղակալ Մարի Փափազյանը։

«Մեր կազմակերպության անդամների մոտ 35%-ը ինժեներներ և ֆիզիկոսներ են, իսկ մնացածը՝ հումանիտար ոլորտի մասնագետներ, հասարակագետներ և այլ գիտնականներ։ Հույս ունենք Հայաստանի համար ստեղծել գլոբալ ցանց և բարելավել մեր երկրի դիրքն աշխարհում»,- ասաց Անի Աբրահամյանը։

Հայ մշակութային և գիտական ընկերակցությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ստեղծվել է սփյուռքում և Հայաստանում հայ գիտնականների միջև անջրպետը կամրջելու նպատակով: Հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում կրթական և գիտահետազոտական ​​հաստատությունների զարգացմանը և Հայաստանը դարձնել հետազոտությունների և կրթության տարածաշրջանային կենտրոն։

Ընկերակցությունը 2024-ի հունիսի 26-ից 30-ը Երևանում անցկացնում է իր տարեկան համաժողովը։ Միջոցառումը համախմբում է հայ առաջատար գիտնականների և փորձագետների տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, գիտության, ճարտարագիտության, հասարակական և հումանիտար գիտությունների:

Առաջին երեք օրերն ամրագրված են հրավիրված հյուրերի և կազմակերպության անդամների համար, որոնք, ըստ ներկայացուցիչների, 300-ից ավելի են. ոմանք համաժողովին մասնակցելու համար եկել են Հայաստան, մյուսները կմիանան առցանց։ Ինչպես նշեց Անի Աբրահամյանը, այս օրերին նախատեսվում է քննարկել անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայումս իրականացման փուլում են, ինչպես նաև ապագա ծրագրերի գաղափարները։

Վերջին երկու օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, Երևանի պետական ​​համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված միջոցառումները բաց են հանրության համար, դրանց կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շփվել մտավոր բացառիկ ունակությունների տեր մարդկանց հետ և մասնակցել բովանդակալից քննարկումների:

Համաժողովը տեղի է ունենում Մատենադարանում: Ծրագիրը, որն ամբողջությամբ իրականացվում է անգլերենով, խոստանում է ոգեշնչող պրեզենտացիաներ և կապեր հաստատելու արժեքավոր հնարավորություններ:

 


 
 
 
 
  • Արխիվ