Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագրի կասեցումը լուրջ խնդիրների կհանգեցնի․ Արմեն Սաքապետոյան (տեսանյութ)

21 հունիսի, 2024  15:01

Եկամտահարկի վերադարձի ծրագրի կասեցումը Երևանում պետք է արվեր, սակայն ոչ այս եղանակով, քանի որ դա ավելի մեծ խնդիրներ կառաջացնի, այս մասին «Բա իմացա՞ր» հարթակի նոր՝ EconoMIX հաղորդման շրջանակում ասել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը՝ հիշեցնելով, որ օրենքը Երևանում կդադարի 2025-ի հունվարի 11-ից։

Նրա խոսքով՝ օրենքի կասեցման արդյունքում կառուցապատողները կսկսեն շենքեր կառուցել այնպիսի հատվածներում, որոնք սահմանակցում են Երևանին, սակայն գտնվում են այլ վարչական շրջաններում։

«Եթե Ֆորմալ առումով Երևան քաղաքն ավարտվում է, օրինակ՝ Բագրևանդ փողոցի աջակողմյան հատվածում, կառուցապատողները կտեղափոխվեն, կամ արդեն տեղափոխվել են Ավան-Առինջ, Բագրևանդ, կամ Զովունի, որոնք Երևանին շատ մոտ են, սակայն Երևանի մեջ չեն և կշարունակեն օգտվել այս օրենքից։ Ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու այստեղ, ավելի շատ ենթակառուցվածքային խնդիրներ, քանի որ այդ փոքրիկ գյուղերը, բնակավայրերը պատրաստ չեն ընդունելու 10, 15 կամ 20 հարկանի շենքերի՝ իրենց ենթակառուցվածքներով»,- ասաց նա։

Արմեն Սաքապետոյանը նշեց, որ քաղաքաշինության ոլորտի կարգավորման համար այսօր չի տարվում միասնական քաղաքականություն․ առանձին գերատեսչությունները կատարում են իրենց գործառույթները, սակայն չի իրականացվում միասնական քաղաքականություն և այստեղ պետությունն անելիք ունի։

«Մենք չունենք ռազմավարական որևէ փաստաթուղթ քաղաքաշինության հեռանկարների, քաղաքաշինության ոլորտում քաղաքականության մասին ․․․ Քաղաքաշինությունն այն ոլորտն է, որ պետությունը պետք է առնվազն 10 տարվա քաղաքականություն հայտարարի։ Մենք այսօր դա չունենք ․․․ Այդ ռազմավարական փաստաթղթի բացակայությունը հիմք է տալիս պնդելու, որ մենք չգիտենք, ուր ենք գնում»,- ասաց նա՝ նշելով, որ ոլորտում առկա անորոշություններն իրենց հերթին բերում են բիզնես ռիսկերի։

Արմեն Սաքապետոյանի խոսքով՝ խնդիրներ կան նաև շինարարության ոլորտի օրենսդրական կարգավորումների հետ կապված։ Նրա խոսքով՝ կառուցապատման ամբողջ գործընթացի համար՝ հողն առնելուց մինչև բնակարանները հանձնելը, սահմանված է շուրջ 350 օր, մինչդեռ կառուցապատողներն այսօր այդ գործընթացը լավագույն դեպքում կարողանում են անցնել 730-750 օրում։

«Օտարերկրյա ներդրողը երբ գալիս է Հայաստան, մենք բազմաթիվ ներդրողների կորցրինք այս ընթացքում այս պատճառով։ Այդ մարդիկ իրենց գործի գիտակն են և հարցում են, թե ինչքան է տևում այդ ամբողջ գործընթացը օրենսդրությամբ և ինչքան է սովորաբար տևում իրականում։ Հենց այդ պատասխանը լսելուց հետո մարդիկ ուղղակի խուսափում են»,- նշեց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է կրճատել այս ժամկետները, ինչը կօգնի նաև կրճատել ծախսերը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ