Google-ը տարիներով հավաքել է մարդկանց անձնական տվյալները, նույնիսկ ձայնագրել երեխաների ձայնը

4 հունիսի, 2024  21:04

Google-ը մի քանի տարի շարունակ հավաքել է օգտատերերի անձնական տվյալները և նույնիսկ ձայնագրել երեխաների ձայնը։ Այս մասին հայտնում է 404 Media կայքը՝ հղում անելով Google-ի ներքին տվյալների բազային:

Այս տվյալների բազայում ներկայացված տվյալների համաձայն՝ 2013-2018 թվականներին Google-ի աշխատակիցները գրանցել են օգտատերերի անձնական տվյալների պահպանման և օգտագործման հազարավոր դեպքեր։ Օրինակ՝ միջադեպերից մեկը կապված է օգտատերերի էլեկտրոնային նամակների պահպանման հետ՝ առանց այդ օգտատերերի իմացության։

Բացի դրանից՝ փաստաթղթերում նշվում է Waze-ի օգտատերերի հասցեների բացահայտումը, YouTube-ում առաջարկությունների ցուցադրումը` հիմնված կայքերը դիտելու ջնջված պատմության վրա, և ավելի քան մեկ միլիոն օգտատերերի (ներառյալ երեխաների) էլփոստի հասցեների գաղտնազերծումը Socratic կրթական հավելվածում:

Google-ի ներկայացուցիչը Daily Mail-ին հաստատել է որոշ տեղեկություններ, սակայն պարզաբանել է, թե հաշվետվությունները հնացել են, քանի որ դրանք կազմվել են վեց տարի առաջ:

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ ԱՄՆ-ում հայց էր ներկայացվել Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի դեմ: Կորպորացիան մեղադրվում էր տարբեր հավելվածների օգտատերերին լրտեսելու մեջ, նույնիսկ երբ թույլտվություններն անջատված են եղել։ Տվյալների հավաքումն իրականացվել էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինտերնետ դիտարկիչը կիրառվել էր ինկոգնիտո ռեժիմում։


 
 
 
 
  • Արխիվ