Panasonic-ն իր Lumix S9-ը գովազդելու համար կիրառել է Nikon-ով արված լուսանկարներ և ստիպված է եղել ներողություն խնդրել

30 մայիսի, 2024  14:20

Panasonic Lumix S9 կոմպակտ անհայելի տեսախցիկի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ Չինաստանում, սակայն, պարզվում է, որ ընկերությունն իր նոր արտադրանքի հնարավորությունները ցուցադրելու համար օգտագործել է Nikon տեսախցիկով արված լուսանկարներ: Սա բուռն արձագանք է առաջացրել ընկերության դեմ, ինչից հետո Panasonic-ը ներողություն է խնդրել:

Կոնկրետ այդ լուսանկարները, որոնք արվել են Nikon տեսախցիկով, նկատվել են Ambassador Panasonic-ի պաշտոնական կայքում։ Ավելի ուշ դրանք հեռացվել են: Panasonic-ն այնուհետև հրապարակել է պաշտոնական հայտարարություն՝ խոստովանելով, որ օգտագործել է ֆոնդային պատկերների ծառայություններ կամ արտոնագրված պատկերներ՝ Lumix S9-ը գովազդելու համար:

Panasonic-ը նաև հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվել օգտատերերի մեկնաբանություններին, որոնք բացահայտել են խնդիրը և խմբագրել է էջը՝ դրա բովանդակությունն ավելի հասկանալի դարձնելու համար: Միջադեպի պատճառով Panasonic-ը ներողություն է խնդրել օգտատերերից, երկրպագուներից և տեսախցիկների սիրահարներից պատճառված ցանկացած անհարմարության համար:

Panasonic-ի Lumix S9-ը համարվում է իր կատեգորիայում ամենաթեթև տեսախցիկը․ այն կշռում է ընդամենը 403 գրամ: ԱՄՆ-ում այս տեսախցիկի գինը 1500 դոլար է։ Այն ստացել է պտտվող էկրան և 24,2 ՄՊ կետայնությամբ CMOS մատրիցա։

Հիշեցնենք, որ նախկինում Huawei-ը, Samsung-ը և այլ ընկերություններ աչքի էին հայտնվել նման սկանդալում, երբ իրենց սմարթֆոնները գովազդելու համար օգտագործել էին պրոֆեսիոնալ տեսախցիկներով արված լուսանկարներ։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ