ZenBook 14 OLED. որո՞նք են ASUS-ի ունիվերսալ ուլտրաբուքի առավելությունները

24 մայիսի, 2024  12:15

Պատկերացրեք, որ ձեզ անհրաժեշտ է նոր նոութբուք: Ո՞ր հատկանիշներին եք սովորաբար ուշադրություն դարձնում նոր սարք փնտրելիս: Ժամանակակից նոութբուքը պետք է առաջին հերթին լինի շարժական, թեթև, բայց միևնույն ժամանակ հզոր և բազմաֆունկցիոնալ։

Բարձր արտադրողականությամբ շարժական Zenbook 14 OLED-ն օժտված է թվարկած  բոլոր հատկանիշներով: ASUS-ը մշտապես թարմացնում է նոութբուքերի շարքը՝ ներկայացնելով ավելի ու ավելի առաջադեմ ունիվերսալ մոդելներ։ Այս նոութբուքը իդեալական է առօրյա աշխատանքի համար: Միևնույն ժամանակ, այն ունի OLED էկրան, ինչը նրան առանձնացնում է շուկայում առկա այլ առաջարկներից։  

Եկեք ուսումնասիրենք այս սարքի բոլոր բնութագրերը և պարզենք՝ արժե արդյոք ընտրել ASUS Zenbook 14 OLED-ը, եթե ձեզ անհրաժեշտ է ունիվերսալ սարք: 

Դիզայն և շարժականություն

Առաջին հերթին Zenbook 14-ն աչքի է ընկնում կոկիկ և ոճային դիզայնով: Նոութբուքը հասանելի է երկու գույնով՝ արծաթագույն (Foggy Silver) և մուգ կապույտ (Ponder Blue): Կափարիչի վրա ավելորդ բան չկա՝ լակոնիկ դիզայն և հստակ գծեր։ Ամեն ինչ հուշում է, որ սա լուրջ նոութբուք է առօրյա տարբեր առաջադրանքներ կատարելու համար։ 

Ինչ վերաբերում է շարժականությանը, ապա ASUS-ը նոր մոդելն ավելի բարակ է դարձրել: Zenbook 14-ը կշռում է մեկ կիլոգրամից մի փոքր ավել (1,2 կգ) և ունի 14,9 մմ հաստություն: Սա նշանակում է, որ այն հեշտությամբ կարող եք օգտագործել գրասենյակում կամ  ճամփորդությունների ժամանակ, քանի որ այն տեղավորվում է ուսապարկի կամ նույնիսկ փոքրիկ պայուսակի մեջ։ Կարևոր են նաև այնպիսի դետալները, ինչպիսիք են ErgoLift կրունկը, որը թույլ է տալիս նոութբուքը բացել 180 աստիճանով: Էկրանի այս դիրքը, օրինակ, հարմար է պրեզենտացիաների ժամանակ, երբ օգտատերը կարող է հեշտությամբ նայել  էկրանին կանգնած դիրքում: 

ASUS-ը միշտ լրջորեն է վերաբերում նոութբուքների երկարակեցությանը: Ինչպես նախորդ մոդելների դեպքում, մետաղական կորպուսն անցնում է ավելի քան 20 փորձարկում՝ MIL-STD 810 ռազմական ստանդարտին համապատասխանելու համար: 

Հիմա եկեք պարզենք, թե որքան ժամանակ այն կարող է աշխատել առանց վերալիցքավորման: Այս մոդելում շարժունակության համար պատասխանատու է 75 Վտ/ժ հզորությամբ մարտկոցը։ Սարքը կարող է աշխատել առանց վերալիցքավորման ավելի քան 15 ժամ, իսկ լիցքավորման գործընթացն ինքնին տևում է ընդամենը 49 րոպե 0-ից մինչև 60% լիցքավորվելու դեպքում: Կարևոր է նշել, որ արտադրողները երկարացրել են նաև լիցքավորման ցիկլերի քանակը՝ դրանք հասցնելով 1200-ի։

Արտադրողականության հիմնական բնութագրերը

Նոութբուքի հիմնական առավելությունը նրա արտադրողականության և շարժունակության համադրությունն է:  Zenbook 14 OLED-ի փոքր կորպուսում թաքնված է հզոր Intel Core Ultra պրոցեսորը՝ ինտեգրված Intel Arc գրաֆիկայով և արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմներով: Ամենահզոր կոնֆիգուրացիայի պարագայում նոութբուքը հագեցած է 16 միջուկանի պրոցեսորով, որը թույլ է տալիս միաժամանակ աշխատել բազմաթիվ առաջադրանքների վրա։ Այսինքն՝ կարելի է արագ ներբեռնել հավելվածներ, աշխատել մի քանի հավելվածների ու ծրագրերի հետ միաժամանակ՝ չվախենալով, որ սարքը կարող է չդիմանալ այսպիսի ռեժիմով աշխատանքին։ Բազմաֆունկցիոնալության համար պատասխանատու է արհեստական ​​ինտելեկտի հատուկ արագացուցիչը, որն արագացնում է նեյրոնային ցանցերի աշխատանքը և սիգնալների թվային մշակումը։ 

Ինչ վերաբերում է ինտեգրված գրաֆիկային, Intel Arc-ը հաջողությամբ աշխատում է մուլտիմեդիա բովանդակության հետ: Նոութբուքի վրա կարող եք հեշտությամբ բարձր որակով ֆիլմեր դիտել, մշակել լուսանկարներ և տեսանյութեր: Intel Core Ultra պրոցեսորի և ինտեգրված գրաֆիկայի շնորհիվ այս սարքն աշխատում է 1,75 անգամ ավելի արագ, քան նախորդ մոդելները: 

2.jpg (1.38 MB)

Ինչո՞ւ է անհրաժեշտ OLED-դիսփլեյը

ASUS-ն ավելի շատ մոդելներ է արտադրում OLED դիսփլեյներով, որոնց առանձնահատկությունը գույների ճշգրիտ վերարտադրությունն է: Այս էկրաններն ապահովում են դետալիզացված պատկեր և վերարտադրում են DCI-P3 գունային տարածության 100%-ը: Այսինքն՝ այս մոդելը թույլ է տալիս աշխատել գրաֆիկայի հետ, խմբագրել լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև օգտագործել մուլտիմեդիա բովանդակությունը գերազանց որակով։ Նմանատիպ դիսփլեյը ունի նաև գրեթե կատարյալ դիտման անկյուն, ինչը նշանակում է, որ գույներն ու ցայտագունությունը չեն փոփոխվում տարբեր անկյուններից դիտելու ընթացքում:

Այս մոդելը հագեցած է 3K կետայնությամբ և արագության գերազանց բնութագրերով (հաճախականությունը՝ 120 Հց) OLED էկրանով: Սարքն ունի Pantone սերտիֆիկացում, ինչը նշանակում է, որ դուք կարող եք տեսնել գույնի յուրաքանչյուր երանգը։ Այն նաև ապահովում է սև գույնի վառ երանգ, ինչը կարևոր է դիզայներների և տեսախմբագիրների համար: Ընդհանուր առմամբ, այս հատկանիշների շնորհիվ տանը ֆիլմ դիտելը ոչ մի բանով չի տարբերվում կինոթատրոն գնալուց։ Դուք ստանում եք ճշգրիտ պատկեր, հստակ մուգ ֆոն և վառ գույներ: Ինչպես ASUS-ի մյուս նոր մոդելներում, Zenbook 14-ի էկրանը ևս 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս է արձակում, ինչի շնորհիվ անվտանգ է երեխաների համար: 

Ի հավելումն այս առավելությունների, պետք է նշել, որ հենց OLED էկրանն է նոութբուքը դարձնում ավելի թեթև և բարակ՝ համեմատած LCD տեխնոլոգիայի հետ, որի դեպքում օգտագործվում է լրացուցիչ լուսային վահանակ։

Աուդիո համակարգ

Բացի բարձրորակ պատկերից սարքը հագեցած է գերազանց աուդիո համակարգով, որի շնորհիվ օգտատերերը կարող են իրենց զգալ, ինչպես կինոթատրոնում։ Նոութբուքն ունի  առաջադեմ բարձրախոսներ՝ խելացի ուժեղացումով և Audio Booster եզակի տեխնոլոգիայով: Հենց այս տեխնոլոգիան է ձայնը դարձնում ավելի հստակ և բարձր:

Ընդհանուր առմամբ, այստեղ օգտագործվող Harman/Kardon աուդիո համակարգը հաճախ հանդիպում է բարձրակարգ նոութբուքներում, ներառյալ որոշ ASUS-ի մոդելներ: Այս համակարգի միջոցով օգտատերը կարող է վայելել բալանսավորված բարձր, միջին և ցածր հաճախությունները: Բացի դրանից, այս Zenbook-ը հագեցած է Dolby Atmos տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս զգալ ձայնի բոլոր ելևէջները և ապահովում է հստակ և հզոր ձայնի վերարտադրություն՝ անկախ աուդիո բովանդակության տեսակից:

Ստեղնաշարը և տեսախցիկը

Նոութբուքի մեմբրանային ստեղնաշարը հագեցած է բավականին մեծ ստեղներով՝ 19 մմ բարձրությամբ։ ErgoSense ստեղնաշարի առավելությունն այն է, որ այն գրեթե անաղմուկ է․ դրանով տպելու ժամանակ չեք լսի ստեղներին սեղմելու ձայնը: Այստեղ կան նաև այլ նորույթներ․ օրինակ՝ էմոջի ստեղնը կամ Copilot թվային օգնականի ստեղնը Windows 11-ի համար։ Ինչ վերաբերում է թաչփադին, ապա այն նույնպես բազմաֆունկցիոնալ է։ Օրինակ՝ թվերի հետ աշխատելիս այն կարող է վերածվել թվային բլոկի։ Բացի դրանից, այն երկար ժամանակ կծառայի աղտոտվելու դեմ հատուկ ծածկույթի շնորհիվ։

Նոութբուքի ASUS AiSense տեսախցիկը նույնպես հագեցած է AI տեխնոլոգիաներով։ Այստեղ տեղադրված է ինֆրակարմիր տեսախցիկ, որը կարող է նույնականացնել օգտատիրոջը և թույլ տալ բացել նոութբուքը: Երկրորդը՝ տեսախցիկը շտկում է լուսավորությունը և հետին պլանի մշուշումը և հետևում է կադրում գտնվող մարդուն, ինչը հատկապես օգտակար է զանգերի ժամանակ։

Ո՞ւմ համար է նոր Zenbook 14 OLED-ը

Այս մոդելն իդեալական ընտրություն է ամենօրյա օգտագործման սարքում շարժականություն և արտադրողականություն փնտրողների համար: Գերբարակ դիզայնի, թեթևության և ինքնավարության շնորհիվ այն հարմար է տարբեր գրասենյակային առաջադրանքներ կատարելու համար: Առավելությունն այն է, որ այն կարող եք հեշտությամբ օգտագործել հեռավար աշխատանքի ժամանակ։

Չմոռանանք OLED էկրանի մասին, քանի որ հենց դա է սարքը դարձնում ավելի ունիվերսալ: Բարձր կետայնությունը, ճշգրիտ գունային վերարտադրությունը և պայծառությունն անհրաժեշտ են ավելի բարդ առաջադրանքների համար, ինչպիսիք են գրաֆիկական դիզայնը կամ լուսանկարների ու վիդեո բովանդակության խմբագրումը: Իհարկե, դժվար թե այն հարմար լինի մոլի գեյմերների համար․ նրանք, ամենայն հավանականությամբ, պետք է ավելի լուրջ ուսումնասիրեն ASUS-ի մյուս մոդելները: Այնուամենայնիվ, դա ձեզ չի խանգարում օգտագործել նոութբուքը զվարճանքի համար, քանի որ հիանալի պատկերի և բարձրորակ ձայնի համադրությունն այս սարքը վերածում է մինի կինոթատրոնի՝ ֆիլմեր և երաժշտական ​​տեսահոլովակներ դիտելու համար:

Այսպիսով, ASUS Zenbook 14 OLED-ը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են մի սարք, որը կարող է համատեղել ունիվերսալությունը, գերազանց արտադրողականությունը, բարձրակարգ էկրանը և շարժականությունը:


 
 
 
 
  • Արխիվ