Apple-ը ծալվող էկրանով MacBook է մշակում․ ե՞րբ կթողարկվի այն

24 մայիսի, 2024  14:11

Apple-ն աշխատում է ծալվող էկրանով նոր սարքի ստեղծման վրա, ենթադրաբար՝ MacBook: Ըստ հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի՝ ընկերությունը մտադիր է 2026-ին 20 դյույմանոց ճկուն էկրանով ավելի քան 1 միլիոն սարք թողարկել։ Նախկինում վերլուծաբանը կանխատեսում էր, որ Apple-ը ծալվող էկրանով նոութբուքների թողարկումը կսկսի 2027-ին:

Կուոն նշել է, որ Apple-ը, հավանաբար, իր նոութբուքներում կօգտագործի 20 դյույմանոց ծալվող էկրաններ, սակայն չի բացառվում 18,8 դյույմ անկյունագծով էկրանի օգտագործումը։ Ծալված վիճակում 20 դյույմանոց նոութբուքն իր չափերով համեմատելի կլինի 14-15 դյույմանոց MacBook-ի հետ: Եթե ​​արտադրողն ընտրի 18,8 դյույմանոց էկրաններ, ապա ծալելիս նման սարքը համեմատելի կլինի 13-14 դյույմ անկյունագծով MacBook-ի հետ:

Կուոն կարծում է, որ իր ծալվող էկրանով նոութբուքներում Apple-ը կօգտագործի հարավկորեական LG Display ընկերության էկրանները։ Ենթադրվում է, որ սարքի ապարատային հիմքը կլինի սեփական արտադրության Apple M5 պրոցեսորը, իսկ նոութբուք համակարգիչների զանգվածային արտադրությունը կարող է սկսվել հաջորդ տարվա վերջին։

Սա առաջին անգամը չէ, որ լուրեր են հայտնվում Apple-ի՝ ծալվող էկրաններով նոութբուքներ ստեղծելու մտադրության մասին: Ոլորտի վերլուծաբան Ռոս Յանգն Apple-ի 20 դյույմանոց ծալովի էկրանի մասին առաջին անգամ խոսել է դեռ 2022-ին: Ավելի ուշ այս լուրերը հաստատել է նաև Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը՝ նշելով, որ Apple-ը մտադիր է թողարկել iPad-ի և MacBook-ի ինչ-որ հիբրիդ՝ կրկնակի էկրանով, սակայն առանց ֆիզիկական ստեղնաշարի և թրեքփադի։ 2022-ին կորեական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որը Apple-ը համագործակցում է Samsung-ի հետ ծալվող էկրաններով նոութբուքների մշակման գործում:

Հնարավոր է, որ ծալվող էկրանով MacBook-ն Apple-ի այս տեսակի միակ սարքը չէ, որը դեռ մշակման փուլում է։ Այս տարվա սկզբին լրատվամիջոցները գրել էին, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել ծալվող iPhone-ների առնվազն երկու մոդել։ Նաև մեծ հավանականություն կա, որ ապագայում շուկա դուրս կգա ծալվող էկրանով iPad:


 
 
 
 
  • Արխիվ