Apple-ը կկրկնապատկի iPhone 16 Pro-ի հիշողության նվազագույն ծավալը

17 ապրիլի, 2024  16:14

Այս աշնանը թողարկվելիք iPhone 16 Pro-ի հիշողության նվազագույն ծավալն ունեցող տարբերակը կրկնակի շատ հիշողություն կստանա։ Այս մասին հայտնում է Macobserver կայքը։

Ներկայիս iPhone 15 շարքի հիմնական տարբերակներն ունեն ընդամենը 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Միակ բացառությունը iPhone 15 Pro Max-ն է, որն ունի 256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Աղբյուրի համաձայն՝ iPhone 16 Pro-ն նույնպես կստանա 256 ԳԲ հիշողություն։

Միևնույն ժամանակ, հիմնական տարբերակներ iPhone 16-ը և 16 Plus-ը, ըստ երևույթին, կպահպանեն ներկառուցված հիշողության 128 ԳԲ ծավալը, ինչը 2024-ի վերջին ֆլագմանների համար բավարար չի լինի։

Անցյալ տարի Apple-ը բարձրացրեց iPhone 15 Pro Max-ի ներկառուցված հիշողության ծավալը մինչև 256 ԳԲ, ինչն ազդեց սարքի գնի վրա․ սմարթֆոնը թանկացավ 100 դոլարով: Աղբյուրը չի նշում, թե արդյոք iPhone 16 Pro-ի հիշողության ծավալի փոփոխությունը ևս կազդի դրա գնի վրա, թե Apple-ը կպահի 999 դոլարի գինը։

Ըստ լուրերի՝ iPhone 16 Pro-ն կստանա մինչև 6,3 դյույմ ընդլայնված էկրան, իսկ 16 Pro Max-ը՝ մինչև 6,9 դույմ էկրան: Ներկայիս շարքում օգտագործվում են համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններ:

iPhone 16-ի շնորհանդեսը սպասվում է 2024 թվականի սեպտեմբերին։


 
 
 
 
  • Արխիվ