Անվանի գիտնական Արտեմ Օհանովը ՀՀ ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացրել է «Փաթիլների տեսությունը»

11 ապրիլի, 2024  16:31

Ինչպե՞ս է առաջացել տիեզերքը, հետո Երկրի վրա՝ ջուրը, ջրածնի և թթվածնի ատոմները, ինչպե՞ս գիտության մեջ հասնել հաջողության։ Այս և շատ այլ հարցերի պատասխանել է անվանի գիտնական, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովն ապրիլի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ աշակերտների և ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպումն անցկացվել է «Գիտությունն այսօր» շարքի երրորդ՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով սեմինարի շրջանակում։  

02.jpg (446 KB)

Մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը։ «Մենք շարունակում ենք Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված ավանդույթը՝ ծանոթացնելով ձեզ ականավոր գիտնականների հետ, որոնց գործունեության արդյունքում ստացված տվյալները մեծ ներդրում են գիտության մեջ», - ասել է Լևոն Թավադյանը և ներկայացրել պրոֆեսոր Օհանովի գիտական հայտնագործությունները։

Արտեմ Օհանովը հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի և բյուրեղային կառուցվածքների կանխատեսման մեթոդների ստեղծման, ինչպես նաև բարձր ճնշումների քիմիայի և մոլորակի ընդերքի նյութի ուսումնասիրություններով։

05.jpg (584 KB)

«Ես միշտ հուզմունք եմ զգում, երբ գալիս եմ իմ նախնիների հայրենիք, այս զարմանալի հող, երկիր և դեպի այս զարմանալի ժողովուրդ», - այսպես է իր խոսքն սկսել պրոֆեսոր Օհանովը:

Նա ներկայացրել է սառույցի բյուրեղային կառուցվածքը, ինչպես կենդանի օրգանիզմները սովորեցին կառավարել ջրի բյուրեղացումը, պատմել է նոր կանխատեսված տարրերի մասին և քիմիական փորձ անցկացրել պատանիների, երիտասարդների մասնակցությամբ։

Արտեմ Օհանովը նաև պատմել է իր նախասիրությունների, ճանապարհորդությունների մասին, ինչպես է Հայաստանում բարձրացել  Ուխտասար, ինչ տպավորություններ է ստացել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ինչպես է գիտական փորձեր անցկացնում երեխաների հետ միասին իր ամառանոցում ստեղծած լաբորատորիայում, նաև գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձի մասին։

Արտեմ Օհանովը .jpg (262 KB)

«Ուսանողական տարիներին եղել են դժվարություններ, եղել է նաև շատ ծանր։ Բայց գիտությունը հրաշալի է, աշխատանքն է շատ հետաքրքիր, ես երբեք չեմ մտածել հեռանալ գիտությունից: Նայե՛ք աշխարհին հարցական նշանով, և կյանքն ավելի հետաքրքիր կդառնա, - ասել է Արտեմ Օհանովը և հավելել, - հավատացե՛ք ինքներդ ձեզ, կլինեն պարտություններ և հաղթանակներ, բայց հաղթանակները չպետք է գլխապտույտ առաջացնեն, իսկ պարտությունները՝ կոտրեն։ Եթե կարողանանք ճիշտ վերաբերվել կյանքին, ունենաք ներքին ուժ և մղում, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»։  

06.jpg (452 KB)

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թվականներին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Արտեմ Օհանովը «Ֆորբս» ամսագրի կողմից ընդգրկվել է «Աշխարհը նվաճած 50 ռուսների» ցանկում:


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ