Այսօր տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում․ Երկրի ո՞ր մասերից այն կերևա

8 ապրիլի, 2024  13:02

Այսօր տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում, որը ցավոք Հայաստանից տեսանելի չի լինի։ Այն կարելի է դիտել Երկրի միայն Եվրոպայի արևմուտքից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիայի հյուսիսային մասից, Արկտիկայից, տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը։

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես եք լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):

Խավարումը Երկրի վրա կսկսվի ժամը 16:38 GMT (Երևանի ժամանակով 20։38) և կավարտվի 1955 GMT (Երևանի ժամանակով 23.55), այսինքն՝ կտևի ընդհանուր 3 ժամ, 16 րոպե և 45 վայրկյան։ Հյուսիսային ամերիկայում այն կերևա 185 կմ լայնությամբ տարածքից միայն։

Արեգակի լրիվ խավարում հանդիպում է միջինը 18 ամիսը մեկ անգամ։ Լինում են նաև օղակաձև խավարումներ, երբ Լուսինը ծածկում է Արեգակը ոչ ամբողջությամբ, և Արեգակի արտաքին օղակը երևում է (այս տարի սպասվում է հոկտեմբերի 2-ին), ինչպես նաև ավելի հաճախ լինում են մասնակի խավարումներ։

Ընդհանուր առմամբ, տարեկան Երկրի տարբեր մասերում դիտվում է 2-4 խավարում։ Սակայն, քանի որ խավարումները (առավել ևս լրիվ խավարումը) դիտվում են շատ նեղ շերտով և Երկրի տարածքի փոքր մասն են ծածկում, խավարումը տվյալ վայրում շատ հազվագյուտ երևույթ է։ Հաշվարկված է, որ Երկրի տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարում կարող է դիտվել միջինը 300 տարին մեկ անգամ։


 
 
 
 
  • Արխիվ