2025-ին բոլոր մանրածախ վճարումների 55%-ը կլինի բջջային դրամապանակներով, 30%-ը՝ պլաստիկ քարտերով, 10%-ը՝ կանխիկով. Քինգ

4 ապրիլի, 2024  18:16

2025 թվականին բոլոր մանրածախ վճարումների 55 տոկոսը կլինեն բջջային դրամապանակներով, 30 տոկոսը պլաստիկե քարտերով, 10 տոկոսը՝ կանխիկով: Այս մասին Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ նշեց ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգը:

«Աշխարհում ամենաարագ աճող վճարային ցանցը Բրազիլիայում է, որը կոչվում է PicsPay: Բրազիլիայի համարյա ամբողջ չափահաս բնակչությունը արդեն դա է օգտագործում: Բոլոր վճարումների 38 տոկոսն անցնում է այս ցանցով, ակնկալվում է, որ մինչեւ 2026 թվականը դա կհասնի 60 տոկոսի: Սպասվում է, որ Հնդկաստանում բոլոր մանրածախ վճարումների մոտ 80 տոկոսը 2027-ին կանցնի իրական ռեժիմով աշխատող UPI համակարգով: Չինաստանի բոլոր վճարումների 92 տոկոսն անցնում է բջջային հարթակներով: Մենք ակնկալում ենք, որ աշխարհը կդառնա անկանխիկ: Չինաստանը բոլորին կգերազանցի եւ կդառնա առաջին անկանխիկ երկիրն աշխարհում»,- ասաց նա:

Քինգը նկատեց, որ եթե ձեր բանկը դեռ դեբետային քարտ է թողարկում իր հաճախորդների համար, դուք 1970-ականների մեջ եք լռվել. «Բջջային դրամապանակները մեր վճարային համակարգի ապագան են: Դրամապանակի դեպքում դու տեսնում ես քո կատարած գործարքները, տեսնում ես՝ ինչի վրա ես փող ծախսել, գեոթեգեր ես տեսնում, թե որտեղից ես սուրճ գնել: Դրամապանակները կաշխատեն նաեւ մեծ բիզնեսների համար:

Alipay-ը 2022-ին կարողացավ 53 մլն բիզնեսների վարկավորել Չինաստանում: Չինաստանում ՓՄՁ վարկավորման 40 տոկոսն իրենց ձեռքին է: Ինչպե՞ս կարողացան այդքան վարկեր թողարկել եւ այդքան ցածր ռիսկ ունենալ համեմատած ավանդական բանկերի: Նրանք ունեն ավելի լավ տվյալներ, քան բանկերը: Սովորական բանկից երբ վարկ խնդրես, ասելու են՝ տվեք երեք տարվա ֆինանսական հաշվետվությունները, որ հասկանան քո դրամական շարժը: Իսկ դրամապանակն արդեն դա գիտի»,- հայտարարեց Բրեթ Քինգը:


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ