Ավանդական բանկերը ապագա չունեն. դրանք չեն դիմանում ֆինթեքների հետ մրցակցությանը. Քինգ

4 ապրիլի, 2024  14:01

Այսօր ավանդական բանկային համակարգը չի դիմանում թվանշային ընկերությունների հետ մրցակցությանը: Այս մասին Երևանում երկրորդ Doing Digital միջազգային ամենամյան ֆորումի ժամանակ նշեց ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգը:

«Մինչեւ այս տասնամյակի վերջը, ԱՄՆ-ում բանկերի մասնաճյուղերի կեսը միայն կմնա՝ համեմատած 2008-ի պիկի հետ: Բանկերի քանակն էլ է նվազում: 2015 թվականից հետո Եվրոպայում եւս բանկերի մասնաճյուղերի թիվը սկսել է նվազել: Այլեւս երբեք այդքան մասնաճյուղ չենք ունենա, որն ունենք այսօր, դրանք նվազելու են»,- ասաց նա:

Քինգի կարծիքով, աշխարհում ամենաարագ աճող ֆինանսական հաստատությունները ֆինտեքներն են, եւ նրանցից ոչ մեկը չունի մասնաճյուղեր:

«Եթե համեմատենք ամենախոշոր 20 բանկերը եւ ամենախոշոր 20 ֆինտեքերը, ապա վերին 20 ֆինտեքերը ունեն 3,8 մլրդ հաճախորդ, իսկ վերին 20 բանկերը՝ 2,7 մլրդ: Ամենախոշոր ֆինտեքները վերջին 5 տարում հաճախորդների թիվը 200 տոկոսով ավելացրել են, իսկ ամենախոշոր բանկերը՝ 3 տոկոսով: Աշխարհի խոշորագույն բանկերը, պարզվում է, այլեւս խոշորագույն բանկերը չեն, տեխնոլոգիական ընկերություններն են այդ տեղը գրավել: Բայց բանկերը թաքցնում են այդ տեղեկատվությունը»,- ասաց մասնագետը:


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ