Samsung-ը բոլորովին նոր ծալովի սմարթֆոն է մշակում․ ե՞րբ կթողարկվի այն

1 ապրիլի, 2024  22:16

Samsung-ը բոլորովին նոր ծալովի սմարթֆոն է մշակում, տեղեկացնում է SamMobile-ը՝ նշելով, որ 2024-ին ընկերությունը Galaxy Z Fold սմարթֆոնների շարքում առաջին անգամ կներկայացնի Ultra մոդելը։

Galaxy Z Fold 6 Ultra-ի զարգացման մասին տեղեկությունը բազմիցս հայտնվել է առցանց ողջ տարվա ընթացքում, սակայն մինչ այժմ ինսայդերները մոդելի գոյության կոնկրետ ապացույցներ չեն ունեցել: Այնուամենայնիվ, էնտուզիաստները Հարավային Կորեայի սերտիֆիկացման կենտրոնի տվյալների բազայում այժմ հայտնաբերել են SM-F958 մոդելի համարով հեռախոս։ Այս դեպքում 8 թիվը նշանակում է, որ սարքի մարքեթինգային անվանումը կպարունակի «Ultra» բառը։

Առայժմ, ըստ SamMobile-ի, Galaxy Z Fold 6 Ultra-ն մշակվում է միայն հարավկորեական շուկայի համար։ Հեռախոսի եվրոպական և ամերիկյան տարբերակները դեռ չեն հայտնաբերվել։

«Սա կարող է նշանակել, որ Samsung-ը կթողարկի Galaxy Z Fold 6 Ultra-ն միայն մի քանի երկրում: Կամ նոր արտադրանքը գտնվում է զարգացման վաղ փուլում և կարող է թողարկվել օրիգինալ Galaxy Z Fold 6-ի թողարկումից մի քանի ամիս անց»,- գրում է SamMobile-ը։

Թե ինչով է Galaxy Z Fold 6 Ultra-ն տարբերվելու Galaxy Z Fold 6-ից, հստակ հայտնի չէ: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Ultra տարբերակը կարող է ստանալ վերջին Snapdragon 8 Gen 3 For Galaxy պրոցեսոր, տիտանե կորպուս, Gorilla Glass Armor էկրանի պաշտպանություն և բարելավված ներկառուցված տեսախցիկներ:


 
 
 
 
  • Արխիվ