Telegram-ը գործարկել է դրամայնացման ծրագիր․ ովքե՞ր կարող են մասնակցել և ինչպե՞ս են ստանալու գումարը

1 ապրիլի, 2024  10:16

Telegram-ը հայտարարել է, որ սկսում է դրամայնացման ծրագիր ալիքների սեփականատերերի համար։ Բովանդակություն ստեղծողները այժմ կարող են եկամտի 50%-ը ստանալ իրենց ալիքում հայտնվող գովազդից։ Գովազդ տեղադրելու հնարավորությունը հասանելի կլինի 1000 և ավելի բաժանորդ ունեցող ալիքների համար։

Դրամայնացման ծրագրից ստացված պարգևավճարը կարող է դուրս բերվել առանց միջնորդավճարի կամ օգտագործվել Telegram-ում գովազդի, կամ Premium բաժանորդագրությունների խաղարկությունների համար: Գովազդից ստացվող եկամտի վիճակագրությանը կարելի է հետևել ալիքի կարգավորումներում՝ անցնել հետևյալ մենյուներով՝ «Վիճակագրություն» –> «Դրամայնացում»: Գովազդից ստացված եկամտի դուրսբերումը ալիքների սեփականատերերին հասանելի կդառնա առաջիկա շաբաթներին Fragment հարթակում։

Գովազդի համար կարելի է վճարել Toncoin կրիպտոարժույթով, որը հիմնված է TON բլոկչեյնի վրա: Telegram-ը պարզաբանել է, որ TON բլոկչեյնն ընտրվել է ցածր վճարների, գործարքների մշակման բարձր արագության և մեկ վայրկյանում գործարքների ռեկորդային ծավալի աջակցության շնորհիվ։ Գովազդ ստեղծելիս գովազդատուն կարող է ընտրել որոշակի ալիքներ դրա տեղադրման և ցուցադրման համար:

Telegram-ի մամուլի հաղորդագրությունում նաև նշվում է, որ ներկայումս TON-ի վրա հիմնված գովազդները չեն ցուցադրվում մի շարք երկրների օգտատերերի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Պաղեստինի և Իսրայելի։

Պլատֆորմը բացատրել է, որ Telegram-ում գովազդային հաղորդագրությունները նման չեն այլ հարթակներում ցուցադրվող գովազդին։ Դրանք հայտնվում են միայն խոշոր հանրային ալիքներում։ Գովազդները չեն հայտնվում սովորական օգտատերերի չատերում, չատերի ցանկում կամ այլ հավելվածների էկրաններին: Բացի դրանից՝ Telegram-ը չի օգտագործում անձնական տվյալները նոր գովազդներ թիրախավորելու համար: Գովազդային հաղորդագրությունների բովանդակությունը կախված է բացառապես կոնկրետ ալիքներից, որոնցում դրանք ցուցադրվում են: Ալիքի սեփականատերերն իրենց հերթին կստանան պարգևատրում այդ գովազդի ցուցադրման համար։

Գովազդն անջատելու հնարավորությունը հասանելի է Telegram Premium-ի բաժանորդների համար։


 
 
 
 
  • Արխիվ