Բյուջետային iPhone SE 4-ը չինական արտադրության 6,1 դյույմանոց OLED էկրան կստանա

28 մարտի, 2024  12:06

Բյուջետային Apple iPhone SE 4 սմարթֆոնը կստանա 6,1 դյույմանոց OLED էկրան, որի բացառիկ մատակարարը, հավանաբար, կլինի չինական BOE ընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, Apple-ին OLED վահանակներ մատակարարելու շուրջ բանակցություններ էր վարում երեք ընկերություն՝ Samsung Display-ը, BOE-ն և Tianma-ն: Samsung-ը, այնուամենայնիվ, դուրս եկավ գործարքից՝ գնային խնդիրների պատճառով՝ թեև iPhone 14-ի OLED վահանակների պաշարներ ուներ, որոնք ակնկալվում էր, որ կօգտագործվեն iPhone SE 4-ում:

Apple-ը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, պահանջում էր 25 դոլար մեկ էկրանի համար, իսկ Samsung-ին չէր գոհացնում 30 դոլարից ցածր գինը: Սակայն չինացի մրցակիցներ BOE-ն և Tianma-ն պայմանավորվեցին իջեցնել գինը 30 դոլարից: Այնուամենայնիվ, Tianma-ն դեռ չի հասել էկրանի արտադրության այն որակին, որը համապատասխանում է Apple-ի պահանջներին: Հետևաբար, BOE-ն, հավանաբար, կարտադրի iPhone SE 4-ի եթե ոչ բոլոր էկրանները, ապա, առնվազն դրանց մեծ մասը:

iPhone SE 4-ի էկրանները շատ ավելի էժան են, քան iPhone 15-ում օգտագործվածները: Ըստ MacRumors-ի՝ դա կարող է վկայել այն մասին, որ SE-ում կօգտագործվեն հին մասեր, ինչպես դա արվել է iPhone 13-ի և iPhone 14-ի դեպքում: Apple-ի համար մասեր արտադրող մատակարարների համար սա շատ շահավետ է, քանի որ նրանք ստիպված չեն լինի գործող հոսքագծերը հիմնովին հարմարեցնել նոր բաղադրիչներ արտադրելու համար:

Չորրորդ սերնդի iPhone SE-ն, ըստ տեղեկությունների, կունենա iPhone 14-ի նման դիզայն, 6,1 դյույմանոց OLED էկրան, Face ID՝ Touch ID-ի փոխարեն, USB-C պորտ և Action Button:


 
 
 
 
  • Արխիվ