Google-ն iPhone-ին ծաղրել է Circle to Search գործառույթը չունենալու համար

15 մարտի, 2024  14:21

Google ընկերությունը հրապարակել է գովազդային հոլովակ՝ նվիրված Circle to Search գործառույթին և ծաղրում է iPhone-ին, որը չունի նման գործառույթ։

Circle to Search գործառույթը ներկայացվել է հունվարին և առաջին անգամ հայտնվել է Samsung Galaxy S24 սմարթֆոնում, ինչպես նաև Pixel 7-ում և 8-ում: Այն հնարավորություն է տալիս էկրանին երևացող ցանկացած օբյեկտ վերցնել շրջանակի մեջ, և հեռախոսը որոնում է կատարում և տեղեկություններ տրամադրում դրա մասին։

Մեկ րոպեից պակաս տևողությամբ գովազդում ցուցադրվում է iPhone-ի և Pixel-ի միջև «երկխոսություն», որում iPhone-ը բացատրում է իր զրուցակից Pixel-ին, թե ինչու են իր շուրջը գտնվող այդքան շատ առարկաներ վերցված շրջանակի մեջ. Apple-ի սմարթֆոնն ասում է, որ պատրաստվում է դրանք «հետո որոնել»։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Google-ը նման տեսանյութեր է հրապարակում՝ համեմատություն անցկացնելով իր արտադրած Pixel սմարթֆոնների և  iPhone-ների միջև։ Անցած տարի Google-ը Made by Google YouTube ալիքում տեսանյութերի շարք էր հրապարակել, որոնցում Pixel-ը և iPhone-ը ներկայացված են որպես հին ընկերներ, որոնք բնության գրկում են և զրուցում են իրար հետ, սակայն ինչ-որ պահի iPhone-նն սկսում է անկեղծանալ և Pixel-ին խոստովանել իր թերությունները՝ նշելով, թե ինչպես է նախանձում Pixel-ին իր հնարավորությունների համար։


 
 
 
 
  • Արխիվ