Telegram-ը մի շարք օգտակար ու հետաքրքիր գործառույթներ կստանա

7 մարտի, 2024  18:28

Telegram մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել, որը հնարավորություն է տալիս անձնական օգտահաշիվները վերածել բիզնես պրոֆիլների։ Այն գտնվում է Telegram Business հատուկ բաժնում։ Մեսենջերում հայտնվել են նաև արհեստական բանականությամբ գործող բոտեր, այս մասին իր Telegram-ի ալիքում տեղեկացրել է ծառայության ստեղծող Պավել Դուրովը։

«Այս շաբաթ մենք գործարկեցինք Telegram Business գործառույթների առաջին փաթեթը: Օգտատերերն այժմ կարող են իրենց անձնական Telegram օգտահաշիվները վերածել բիզնեսի։ Սա նրանց թույլ կտա ավելացնել իրենց գտնվելու վայրը և բացման ժամերը, կազմակերպել չատեր գունավոր կոդավորված պիտակներով, օգտագործել ողջույնի ավտոմատ պատասխաններ կամ տեքստեր այն մասին, որ տվյալ պահին չեք կարող պատասխանել, ինչպես նաև արագ պատասխանների ձևանմուշներ»,- ասվում է Դուրովի հայտարարությունում։

Բացի դրանից՝ Դուրովը հայտարարել է նոր գործառույթների ի հայտ գալու մասին, որոնցից մեկը «հեղափոխություն կանի չատբոտերի հետ օգտատերերի փոխգործակցության մեջ»։ Telegram-ի բիզնես օգտահաշիվների սեփականատերերը կկարողանան չատբոտերն օգտագործել որպես «անտեսանելի քարտուղարներ», որոնք արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների շնորհիվ ավտոմատացումը նոր մակարդակի կհասցնեն։ Հատկանշական է, որ նոր Bot API-ը ծրագրավորողներին հասանելի կլինի ամբողջովին անվճար մինչև այս ամսվա վերջ։

Դուրովը նաև խոստացել է, որ տարվա ընթացքում Telegram-ում ավելի հետաքրքիր բաներ կհայտնվեն բիզնեսի և ծրագրավորողների համար։

Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին Դուրովը հայտարարել էր տելեգրամյան ալիքների դրամայնացման գործառույթի մասին։ Այս նորամուծության շրջանակում հանրային Telegram ալիքների սեփականատերերը կստանան իրենց ալիքներում գովազդ ցուցադրելու համար հարթակի ստացած եկամտի մինչև 50%-ը։ Պարգևը կվճարվի Toncoin կրիպտոարժույթով, որը կարելի է կանխիկացնել կամ ներդնել ձեր ալիքների հետագա զարգացման համար:


 
 
 
 
  • Արխիվ