150-ից ավելի երիտասարդ սովորել է ծրագրավորման տարբեր լեզուներ. ամփոփվել են «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության արդյունքները

27 փետրվարի, 2024  14:18

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Սոլոլըրն» ընկերությունն  անցկացրել են Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության 1-ին խմբի մրցութային փուլի ամփոփիչ միջոցառումը։ Երկու ամիսների ընթացքում նախաձեռնության 150-ից ավելի մասնակիցներ ՀՀ տարբեր մարզերից ծանոթացել են ծրագրավորման հիմունքներին և օնլայն հարթակի շնորհիվ սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ։ 

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։ Շարունակական բնույթ կրող այս նախաձեռնությունն անվճար է, մասնակցում են վեբկայքերի կամ հավելվածների ծրագրավորման տարբեր լեզուներով, ինչպես նաև տվյալագիտությամբ հետաքրքրված մարզաբնակ երիտասարդները՝ 15-29 տարեկան։ Մասնակցության ընթացքում երիտասարդները Sololearn հարթակի միջոցով ստանում են ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ բազային գիտելիք, անցնում տարբեր դասընթացներ՝ զուգահեռաբար վաստակելով միավորներ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանի խոսքով՝ նախաձեռնությունը ընդլայնում է մարզաբնակ երիտասարդների հնարավորությունները, որոնք կարողանում են առանց իրենց համայնքից դուրս գալու ծանոթանալ ծրագրավորման սկզբունքներին ու լեզուներին և ձեռք բերել որոշակի գիտելիք ու հմտություններ։

Նախաձեռնության շրջանակում ամենաբարձր արդյունք գրանցած գյումրեցի Սլավիկ Ավետիսյանն ասել է, որ «Քո աշխատանքի բանալին․․․» ծրագրավորման գիտելիքները գործնականում կիրառելու լավ հնարավորություն էր։ «Նախաձեռնությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս, ծրագրավորման գիտելիքները դեռ այսքան հեշտ ու հասանելի չեն եղել»,- նշել է նա:

Sololearn 2 (1).jpg (385 KB)

Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել ՏՏ առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ArmBionics ընկերության գործադիր տնօրեն, համահիմնադիր Մարինա Դավթյանը, Krisp ընկերության Արտադրանքի և զարգացման բաժնի ղեկավար Աստի Պիլին և Ինժեներական բաժնի ղեկավար Մելիք Կարապետյանը խոսել են երիտասարդների հետ իրենց ընկերությունների արտադրանքի, աշխատանքային գործընթացների ու հաջողության հասնելու իրենց ճանապարհների մասին։

Նախաձեռնության մասնակիցների մի մասը առաջիկայում ուսուցողական վարձատրվող պրակտիկա կանցնի Հայաստանի տարբեր ընկերություններում՝ սկսելով իրենց աշխատանքային կարիերան:

Նախաձեռնությունը շարունակական է, հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 1-ից։ Մասնակիցների ներգրավումը ներկայումս ընթացքի մեջ է, և հետաքրքրված երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից կարող են գրանցվել այստեղ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։


 
 
 
 
  • Արխիվ