Ներկայացվել է Android սմարթֆոն, որը չունի հավելվածներ․ ինչպե՞ս է այն աշխատում

27 փետրվարի, 2024  14:09

Deutsche Telekom կապի օպերատորը Բարսելոնայում անցկացվող MWC 2024 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել է Android սմարթֆոնի կոնցեպտ, որը չունի ավանդական հավելվածներ․ այդ գործառույթներն ստանձնել է արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող չատբոտը, հայտնում է Android Authority-ն։

Deutsche Telekom-ը վստահ է, որ ԱԲ-ը  կարող է բավարարել օգտատերերի բոլոր կարիքները: Ընկերությունը կարծում է, որ սա է բոլոր սմարթֆոնների ապագան։ «Ես կարող եմ ձեզ ասել, որ հինգից տասը տարի հետո մեզանից ոչ ոք այլևս չի օգտագործի հավելվածներ»,- սարքի շնորհանդեսի ժամանակ ասել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Հոթգեսը:

Օգտատերը երկխոսության միջերեսի միջոցով պարզապես հրահանգներ է տալիս և ստանում ճանապարհորդության ծրագրեր կամ գնումների առաջարկներ, կամ կարող է լուսանկար անել սմարթֆոնի տեսախցիկով և խնդրել չատբոտին, որ դա ուղարկի իր ընկերներին և ընտանիքին: Deutsche Telekom-ը այս նախագիծը մշակել է Qualcomm-ի և Brain.AI-ի օգնությամբ: Brain.AI-ն արդեն ունի այսպիսի հավելված iOS-ի համար, որն, ըստ մշակողի, անում է նույն բանը, ինչ այս սմարթֆոնը։ Ճիշտ է, այս հավելվածի մասին ակնարկների մեծ մասը բացասական է:

Առայժմ այս հեռախոսը պարզապես կոնցեպտ է, որի հիման վրա, այդուհանդերձ, կարող է զանգվածային արտադրություն սկսվել։ Սակայն այն կարող է մնալ կոնցեպտի մակարդակում ու մոռացվել։

 


 
 
 
 
  • Արխիվ