Արեգակի վրա 2 հզոր բռնկում է տեղի ունեցել․ ԱՄՆ-ում բջջային կապի խափանումներ են գրանցվել (տեսանյութ)

23 փետրվարի, 2024  12:03

Արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել, ինչից հետո ԱՄՆ-ում բջջային կապի խափանումներ են գրանցվել։ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության տվյալներով՝ բռնկումները տեղի են ունեցել Արեգակի այն հատվածում, որը վերջերս շարունակում է մագնիսական ակտիվություն ցուցաբերել։

Պոռթկումները տեղի են ունեցել չորեքշաբթի գիշեր լույս հինգշաբթի առավոտյան՝ իրարից մի քանի ժամ ինտերվալով։ Առաջինը եղել է X1.8 դասի բռնկում, երկրորդը՝  X1.7 դասի բռնկում։

«Այս իրադարձությունների հետևանքով առաջացած որևէ ակնհայտ կորոնային զանգվածային արտանետումներ չեն նկատվել այս հայտարարությունն անելու պահին, թեև դա բացառված չէ»,- ասվում է ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության տարածած հաղորդագրությունում։

Ավելի ուշ գործակալությունն ահազանգ է հրապարակել արեգակնային ռադիոարտանետման մասին, որոնք երբեմն ուղեկցվում են կորոնային զանգվածային ուժեղ արտանետումներով և արևային ճառագայթման փոթորիկներով:

Միևնույն ժամանակ ամբողջ ԱՄՆ-ում հինգշաբթի առավոտյան արևային բռնկումներից հետո բջջային կապի համատարած անջատումներ են գրանցվել: Ըստ The Associated Press-ի՝ տասնյակ հազարավոր խափանումներ են գրանցվել խոշոր բջջային օպերատորների կողմից, ինչպիսիք են AT&T-ը, Verzion-ը և T-Mobile-ը:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք երկու իրադարձությունները կապ ունեն իրար հետ, սակայն խափանումների մասին հաղորդումներն սկսվել են արևի վրա պոռթկումների հետ նույն ժամանակ: Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կասկածի տակ են դրել պնդումները, որ երկու իրադարձությունների միջև կապ կա:

solar burst  1.jpg (266 KB)

ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը նաև նշել է, որ այս բռնկումների ազդեցությունը կարող է զգացվել մի քանի օր: Թեև ակնկալվում է, որ ժայթքած նյութի հետևանքով առաջացած մագնիսական փոթորիկը կշրջանցի Երկիրը, այդուհանդերձ, փետրվարի 25-ին հնարավոր է, որ Երկրի վրա զգացվի դրա ազդեցությունը։

Արեգակնային բռնկումներն առաջանում են, երբ մագնիսական էներգիան կուտակվում է արևի մթնոլորտում, մինչև աստղը պարպում է այդ կուտակումը էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պոռթկումով: Այս պոռթկումներն ըստ չափի դասակարգվում են խմբերի, որոնցից ամենահզորն են X դասի բռնկումները: X դասից հետո M դասի բռնկումներն են, որոնք 10 անգամ փոքր են X դասի բռնկումներից։ Այնուհետև C և B դասի բռնկումներն են, որոնց հաջորդում են A դասի բռնկումները, որոնք չափազանց թույլ են և Երկրի վրա որևէ ազդեցության չեն ունենում։

Արեգակի ակտիվությունը ներկայումս աճում է, քանի որ այն մոտենում է իր մոտ 11-ամյա արեգակնային ցիկլի ամենաակտիվ փուլին, որը հայտնի է որպես «արևային առավելագույն»:


 
 
 
 
  • Արխիվ