Առաջին անգամ Լուսնի վրա վայրէջք է կատարել մասնավոր ընկերության սարքը․ ի՞նչ առաքելություն ունի Odysseus-ը

23 փետրվարի, 2024  09:48

Intuitive Machines ընկերության Odysseus սարքը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա՝ դառնալով նրա մակերեսին վայրէջք կատարած առաջին մասնավոր տիեզերանավը։ Սա նաև առաջին ամերիկյան տիեզերանավն է, որը հասել է Լուսնի մակերես վերջին հիսուն տարվա ընթացքում՝ 1972-ի դեկտեմբերին ավարտված Apollo 17 առաքելությունից հետո:

Odysseus-ը վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռային շրջանում IM-1 առաքելության շրջանակում: Մոտ 15 րոպե անց կարգավարները հաստատել են, որ սարքն ազդանշան է ուղարկում։

Intuitive Machines-ը երկու ժամով հետաձգել էր վայրէջքը, երբ պարզվել էր, որ ճշգրիտ վայրէջքների համար օգտագործվող լազերային հեռաչափերը ճիշտ չեն աշխատում: Ի վերջո, կարգավարները ներբեռնել են ծրագրային շտկում, որն էլ թույլ է տվել վայրէջքի համար օգտագործել NASA-ի Navigation Doppler Lidar լազերային սենսորը։ Այն ի սկզբանե նախատեսված էր զուտ տեխնոլոգիայի ցուցադրման համար:

Որպես ընթացիկ IM-1 առաքելության մաս, Odysseus-ը վեց փորձ կացնկացնի, ինչպես նաև NASA-ի տեխնոլոգիաների ցուցադրություն՝ օգտագործելով գոյություն ունեցող գործիքները, այդ թվում ցածր հաճախականության ընդունիչ ROLSE սարքերը։

Moon.jpg (150 KB)

IM-1 առաքելության շրջանակում Odysseus-ը NASA-ի վեց օգտակար բեռ է տարել Լուսին: Դրանք ուղղված են տարբեր տեխնոլոգիաների ցուցադրմանը և ներառում են՝ նավիգացիոն լազեր, նավիգացիոն փարոս, վառելիքի մակարդակի ռադիոհաճախականության սենսոր և տեսախցիկ՝ ուսումնասիրելու ռեգոլիթը՝ լուսնային փոշին, որն օդ կբարձրանա Odysseus-ի շարժիչի աշխատանքի հետևանքով: Այլ օգտակար բեռների թվում են նաև լազերային ռետրորֆլեկտորը և ռադիո աստղագիտության գործիքը:

Բացի դրանից՝ Odysseus-ը Լուսին է տարել տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների վեց բեռ: Columbia Sportswear-ը նյութ է տրամադրել վառելիքի բաքի մեկուսացումը փորձարկելու համար: Galactic Legacy Labs-ը և Lonestar Data Holdings-ը տվյալների արխիվներ են տեղադրել Odysseus-ում: Մոդուլում տեղադրված է նաև Լուսնի աստղադիտարանների միջազգային ասոցիացիայի երկու փոքր աստղագիտական ​​տեսախցիկ: Odysseus-ում է նաև նկարիչ Ջեֆ Կունսի ստեղծագործությունը, որը կոչվում է «Լուսնի փուլերը»:

Մոդուլում է նաև NASA-ին չպատկանող մեկ այլ գործիք` EagleCam տեսախցիկը, որn ստեղծվել է Էմբրի-Ռիդլ ավիացիոն համալսարանի ուսանողների կողմից: EagleCam-ը նախագծված է այնպես, որ կարողանա վայրէջքի ժամանակ մոդուլից դուրս թռչել և լուսանկարել վայրէջքի պահը։

im1-lunarorbit_large.jpg (203 KB)


 
 
 
 
  • Արխիվ