Apple Music-ը մասշտաբային թարմացում և նոր գործառույթներ կստանա. ի՞նչ արժե իմանալ դրանց մասին

21 փետրվարի, 2024  17:34

Apple Music-ը փորձարկում է նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա իրենց գրադարան ներմուծել երգեր և երգացանկեր մրցակից հոսքային ծառայություններից, ինչպիսիք են Spotify-ը: Բացի դրանից՝ երաժշտության հոսքային ծառայությունը վերջերս գործարկել է Replay գործառույթը, որը վիճակագրություն է ներկայացնում վերջին 30 օրվա ընթացքում օգտատիրոջ լսած երգերի, կատարողների և ալբոմների վերաբերյալ:

Երաժշտության ներմուծում այլ ծառայություններից

Ըստ MacRumors-ի՝ այլ ծառայություններից երգեր ներմուծելու՝ Android-ի համար Apple Music-ի վերջին բետա տարբերակում այս նոր գործառույթի առկայության մասին տեղեկությունը հայտնաբերել են Reddit ֆորումի օգտատերերը: Ավելի ուշ MacRumors-ի հեղինակները կարողացել են հաստատել այս տարբերակի մշակման մասին տեղեկությունը։ Նրանց խոսքով՝ նոր գործառույթն Apple-ի համագործակցության արդյունքն է SongShift-ի հետ՝ ծառայություն, որն օգտատերերին թույլ է տալիս տեղափոխել իրենց երաժշտական ​​գրադարաններն ու երգացանկերը տարբեր հարթակներում։

Առայժմ նոր տարբերակը մշակման վաղ փուլում է, և, հետևաբար, հասանելի չէ նույնիսկ Apple-ի բոլոր բետա փորձարկողներին:

Հարկ է նշել, որ iOS-ին և Mac-ին երաժշտություն փոխանցելու համար նախատեսված երրորդ կողմի ծառայությունները նորություն չեն. դրանք գործում են արդեն մի քանի տարի, պարզապես մեծամասնությունն առաջարկում է միայն սահմանափակ գործառույթներ մեկանգամյա վճարման կամ բաժանորդագրության բացակայության դեպքում:

Հարկ է նաև նշել, որ SongShift-ի միջոցով երաժշտություն Apple Music-ին փոխանցելու հնարավորության փորձարկումը չի երաշխավորում, որ այն կհայտնվի հավելվածի հիմնական տարբերակում։ Սակայն եթե թեստի արդյունքները բավարարեն Apple-ի պահանջներին, ապա այն կարող է շատ շուտով հասանելի դառնալ բոլոր օգտատերերին։

Ամսական վիճակագրություն

Ինչպես հայտնում է TechCrunch-ը, նոր Replay գործառույթի շնորհիվ Apple Music-ի բաժանորդները կարող են տեսնել ոչ միայն վիճակագրությունն այն մասին, թե որ կատարողի որ ալբոմներ են լսել վերջին 30 օրում, այլև թե որքան ժամանակ են մեկ ամսում ծախսել դրանք լսելու համար։

Նաև հնարավորություն է ստեղծվել Replay-ի մասին տեղեկությունները կիսելու ընտանիքի և ընկերների հետ, ինչպես նաև Apple Music-ի արխիվում դիտելու ամսական և տարեկան վիճակագրությունը:

Apple-ը պարզաբանել է, որ ամսական վիճակագրություն կստանան միայն այն օգտատերերը, որոնք «բավականաչափ երաժշտություն են լսում»։ Թե կոնկրետ ինչ ծավալի մասին է խոսքը, դեռ այնքան էլ պարզ չէ։


 
 
 
 
  • Արխիվ