Հայտնաբերվել է պատմության ամենափոքր աստղը․ որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ չափեր ունի

20 փետրվարի, 2024  19:15

Գիտնականների միջազգային խումբը չինացի աստղագետների գլխավորությամբ առաջին անգամ հայտնաբերել է պատմության մեջ ամենափոքր աստղը։ Այն ընդամենը յոթ անգամ է մեծ Երկրից և պտտվում է սպիտակ թզուկ աստղի շուրջը երկակի համակարգում, որն Արեգակնային համակարգից հեռու է 2760 լուսատարի: Նման աստղերի գոյությունն առաջին անգամ կանխագուշակել էին 20 տարի առաջ Չինաստանի գիտնականները, իսկ այժմ դա հաստատվում է նաև ԱՄՆ-ի և Իսպանիայի գիտնականների անկախ դիտարկումներով։

Սպիտակ թզուկ J0526B-ից և ենթաթզուկ J0526A-ից կազմված աստղային զույգը չափազանց աղոտ է երևում: Սակայն J0526B-ի պայծառության փոփոխության շնորհիվ գիտնականները հաշվարկել են ամենափոքր աստղի չափը, զանգվածը և ուղեծրային շրջանն իր ուղեկցի շուրջ: Երկու աստղերն էլ իրենց ընդհանուր զանգվածի կենտրոնի շուրջ մեկ պտույտն ավարտում են 20 օրում: J0526B-ի զանգվածը Արեգակի զանգվածի մոտ 0,3 չափն է, մինչդեռ J0526A-ի զանգվածը մի փոքր պակաս է Սատուրնի զանգվածից: Այսպիսի չափերի ենթաթզուկներ, փաստացի աստղերը, դեռևս չեն հանդիպել գիտնականներին։

Մոտ 20 տարի առաջ չինացի տեսաբանները հիպոթեզ էին առաջ քաշել այն մասին, որ երկակի համակարգերում շատ փոքր աստղեր գոյություն ունեն գործընկերների միջև զանգվածային զգալի փոխանակման պատճառով: Դիտարկումը ցույց էր տվել, որ հայտնաբերված զույգում ավելի մեծ աստղն ավելի ձվաձև է, քան գնդաձև: Փոքր գործընկերը բավականաչափ խիտ է և պտտվում է երկակի այս համակարգի հիմնական աստղին բավական մոտ, որպեսզի զգալիորեն աղավաղի դրա ձևը:

Այս հետաքրքիր աստղային համակարգը հայտնաբերել է 2019-ին կառուցված Ցինհուա-Մա Հուատենգի համալսարանական աստղադիտակի նոր համալիրը (TMTS): Իր լայն տեսադաշտի շնորհիվ աստղադիտակը կարող է որոնել անցողիկ պրոցեսներ, իսկ իր գործունեության ընթացքում իրականացրել է աստղաչափություն, որը ներառում է 27 միլիոն աստղ։ J0526B համակարգը դիտվել է որպես խոստումնալից մանրամասն ուսումնասիրության համար, և այս ընտրությունը լիովին արդարացրել է իրեն. գիտնականները հայտնաբերել են նախկինում չտեսնված մի բան, և յուրաքանչյուր նման իրադարձություն ընդլայնում է անհայտի սահմանները: ԱՄՆ-ի և Իսպանիայի գործընկերները հաստատել են գտածոն՝ հիմնվելով իրենց աստղադիտակներով արված սեփական դիտումների վրա։

Այս և դրա նման մյուս գտածոների էլ ավելի ճշգրիտ հաստատումը տեղի կունենա նոր՝ գրավիտացիոն ալիքների հիման վրա աշխատող աստղադիտարանների գործարկումից հետո: Սակայն դա տեղի կունենա հաջորդ տասնամյակում։ Ցամաքային աստղադիտարանները չափազանց փոքր են, որպեսզի կարողանան զանգվածի օբյեկտների համար գրավիտացիոն ալիքներ հայտնաբերել։ 


 
 
 
 
  • Արխիվ