Պատմության մեջ առաջին անգամ արևի էներգիան տիեզերքից փոխանցվել է Երկիր․ ինչո՞ւ է դա կարևոր

20 փետրվարի, 2024  12:22

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) գիտնականները պատմության մեջ առաջին անգամ կարողացել են Արեգակի էներգիան հավաքել ուղեծրային արբանյակի միջոցով և այն փոխանցել Երկիր, ինչը կարևոր ձեռքբերում է էներգիայի մաքուր և կայուն աղբյուրների որոնման և այս ոլորտի զարգացման գործում։

Խոսքը տիեզերական Space Solar Power Demonstration (SSPD-1) առաքելության մասին է, որն իրականացվում է Caltech-ի տիեզերական արևային էներգիայի նախագծի (Space Solar Power Project, SSPP) աշխատակիցների ուժերով, NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի (JPL), Indie Semiconductor Inc. ընկերության, Amazon Web Services-ի և ստարտափ GuRu Wireless-ի հետ համագործակցությամբ, որը Caltech-ի ստորաբաժանումներից մեկն է։ Համատեղ գործունեության արդյունքում գիտնականները կարողացել են Երկրի ուղեծրում որոշակի էներգիա հավաքել, այնուհետև այն տեղափոխել մեր մոլորակի մակերես, ինչը լուրջ ձեռքբերում է։ Կատարված աշխատանքի մասին մանրամասն տեղեկություն է ներկայացվել հետազոտողների հոդվածում, որը հրապարակվել է arXiv կայքում։

Երկրի վրա մարդիկ սովորել են օգտագործել արևի լույսը էներգիա արտադրելու համար, սակայն  նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաներն ունեն իրենց թերությունները: Օրինակ՝ ամպամած անձրևոտ օրերին արևային մարտկոցի հզորությունը կարող է նվազել 25%-ով, իսկ գիշերը դրանք չեն կարող էներգիա արտադրել ընդհանրապես։ Մինչդեռ ուղեծրում տեղադրված արևային մարտկոցները կարող են շարունակաբար էներգիա արտադրել, եթե դրանք մշտապես ուղղված լինեն դեպի արևը։ Մնում է, որ գիտնականները կարողանան էներգիան ուղեծրից Երկիր փոխանցելու հուսալի միջոց մշակել, որտեղ այն կարող է օգտագործվել ձեռնարկություններին, տներին և այլ նպատակներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Caltech 2.jpg (344 KB)

Այս գիտափորձը հնարավոր է դարձել շնորհիվ Microwave Array for Power-transfer Low-Obit Experiment (MAPLE) սարքի, որն օգտագործվել է տիեզերքից Երկիր էներգիա փոխանցելու համար: Այն փոքր 6U CubeSat արբանյակի չափեր ունի և կարող է ստանալ արևային էներգիա՝ հավաքված ֆոտոգալվանային բջիջների միջոցով: Այնուհետև MAPLE-ը գործարկել է ուղղիչ ալեհավաքները՝ արևային էներգիան ռադիոհաճախականության վերածելու համար: Դրանից հետո սինթեզվել է ռադիոհաճախականության էներգիայի ճառագայթ և փոխանցվել Երկիր։ Այնուհետև Caltech ընկերության տանիքում տեղադրված սարքավորումը, որը նաև հետևում է MAPLE-ի աշխատանքին, ընդունել է ազդանշանն ու այն փոխակերպել էլեկտրական հոսանքի։

Առաքելությունն սկսվել է 2023-ի հունվարի 3-ին, երբ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով հետազոտական սարքն ուղարկվել է Երկրի ցածր ուղեծիր: Ուղիղ երկու ամիս անց գիտնականներն սկսել են փորձարկել MAPLE-ը և արդյունքում առաքելությունը համարվել է հաջողված։ Հետագայում հետազոտողները ծրագրում են ստեղծել SPPD-1 նման արբանյակների համաստեղություն, որը կկարողանա էներգիա փոխանցել Երկիր՝ 10,000 տնային տնտեսություններին էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ Սակայն դրա համար դեռ որոշ ժամանակ կպահանջվի, քանի որ այս պահին MAPLE-ը տիեզերքում միաժամանակ կարողանում է հավաքել 175-ից մինչև 251 մՎտ էներգիա, որից միայն 1 մՎտ էներգիան է հասնում Երկիր։


 
 
 
 
  • Արխիվ