Apple-ը տեսախցիկի հատվածի անսովոր դիզայնով iPhone 16 Pro է փորձարկում

19 փետրվարի, 2024  12:01

Apple-ը ներկայումս փորձարկում է iPhone 16 Pro-ի նախատիպը՝ տեսախցիկի հատվածի թարմացված և անսովոր դիզայնով: Այս մասին իր X (Twitter) էջում տեղեկացրել է հայտնի ինսայդերներից մեկը, որը համացանցում հանդես է գալիս Մաջին Բու (Majin Bu) կեղծանունով։

Նորությունն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նա հրապարակել է iPhone 15 Pro-ի լուսանկարը՝ տեսախցիկի նոր հատվածի սխեմատիկ պատկերով: Դատելով դրանից՝ iPhone 16 Pro-ի բոլոր երեք ոսպնյակները կմիավորվեն եռանկյունաձողով։

«Հիմնվելով այն տեղեկության վրա, որը ես կարողացա ձեռք բերել, կարծես, iPhone 16 Pro-ն կունենա տեսախցիկի մոդուլի նոր դիզայն: Սա [այս լուսանկարը] պետք է որ շատ նման լինի նրան, ինչ Apple-ն այժմ փորձարկում է»,- գրել է Բուն։

Ինսայդերի գրառումը 24 ժամից էլ քիչ ժամանակում X սոցիալական ցանցում ավելի քան 1 միլիոն դիտում է ունեցել։

Տեսախցիկների ներկայիս դիզայնը, երբ երկու ոսպնյակներ տեղադրված են միմյանց տակ, իսկ երրորդը՝ դրանցից աջ, Apple-ն արդեն մի քանի անգամ օգտագործել է iPhone սմարթֆոններում։ Այն առաջին անգամ հայտնվել է iPhone 11 Pro-ում և 11 Pro Max-ում, որոնք ներկայացվել են 2019-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 16 Pro և Pro Max սմարթֆոններն իրենց A18 պրոցեսորներով ավելի շատ կտարբերվեն իրենց նախորդ մոդելներից։ Մասնավորապես, ըստ Economic Daily News-ի՝ Apple-ի A18 չիպը կունենա նեյրոմշակման զգալիորեն բարելավված միավոր՝ NPU: Եվ դա իսկապես անհրաժեշտ կլինի, քանի որ ակնկալվում է, որ iOS 18-ը կստանա արհեստական բանականությամբ աշխատող բազմաթիվ նոր հնարավորություններ:

NEWS.am Tech-ն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ iPhone 16 Pro և 16 Pro Max սմարթֆոնները, որոնք նախատեսվում է թողարկել տարեվերջին, կստանան ավելի մեծ մարտկոցներ և մինչև 2 ՏԲ ներկառուցված հիշողություն։


 
 
 
 
  • Արխիվ