Ինչպե՞ս արբանյակները, ալգորիթմներն ու ԱԲ-ը կարող են օգնել մշտադիտարկելու մեթանի արտանետումները․ Google-ի նոր նախաձեռնությունը

15 փետրվարի, 2024  22:30

Տեխնոլոգիական հսկա Google-ը և Environmental Defense Fund (EDF) բնապահպանական կազմակերպությունը հայտարարել են համագործակցության մասին, որի շրջանակում կփորձեն  բացահայտել մեթանի արտանետումների աղբյուրները՝ ջերմոցային հզոր գազ, որն արագացնում է գլոբալ տաքացումը: Այս մասին հաղորդվում է Google-ի պաշտոնական բլոգում։

Ծրագրի շրջանակում մեթանի արտահոսքը մշտադիտարկելու համար այդ նպատակով նախատեսված մի քանի MethanSAT արբանյակներ դուրս կբերվեն տիեզերք, իսկ դրանցից առաջինը կգործարկվի 2024-ի մարտին:

Google-ը կտրամադրի հաշվողական հզորություն տվյալների մշակման համար, ինչպես նաև կքարտեզագրի նավթի և գազի օբյեկտները՝ օգտագործելով արհեստական ​​բանականություն (ԱԲ), որպեսզի ավտոմատ կերպով բացահայտի դրանց ենթակառուցվածքները՝ խողովակաշարեր, վառելիքի տանկերներ և այլն: Սա կօգնի հասկանալ, թե որ հանգույցներից է ավելի հաճախ գազ արտահոսում:

«Երբ մենք ունենանք ենթակառուցվածքի ամբողջական քարտեզը, մենք կարող ենք համադրել MethanSAT-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որտեղից է գալիս մեթանը: Երբ երկու քարտեզները համակցվեն, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են արտանետումները համապատասխանում կոնկրետ ենթակառուցվածքին և շատ ավելի լավ պատկերացում կունենանք աղբյուրների տեսակների մասին, որոնք սովորաբար ամենաշատն են նպաստում մեթանի արտահոսքին»,- պարզաբանել է Google-ը։

Ընկերությունը նաև նշել է, որ այս տեղեկություններն աներևակայելի արժեքավոր են նավթի և գազի ենթակառուցվածքում արտանետումները կանխատեսելու և նվազեցնելու համար, քանի որ դրանք սովորաբար ավելի շատ են ենթակա արտահոսքի:

Մեթանի արբանյակային մշտադիտարկման վերաբերյալ տվյալները հանրությանը հասանելի կլինեն Google Earth Engine աշխարհագրական տվյալների վերլուծության հարթակում:


 
 
 
 
  • Արխիվ