Թերության պատճառով Starlink-ի 100 արբանյակ կընկնի Երկրի վրա․վտանգավո՞ր է դա արդոք

14 փետրվարի, 2024  18:20

SpaceX ընկերությունը հայտարարել է, որ որոշել է ուղեծրից հեռացնել առաջին սերնդի 100 Starlink արբանյակ, քանի որ արբանյակներում առկա հնարավոր թերությունն ինչ-որ պահի կարող է հանգեցնել դրանց ամբողջական խափանման, գրում է PCMag-ը։ Չնայած արբանյակները շարունակում են գործել, ընկերությունը որոշել է դրանք դուրս բերել ուղեծրից սարքավորումների ամբողջական խափանման դեպքում դրանց նկատմամբ հետագա վերահսկողությունը կորցնելու ռիսկի պատճառով:

Ընկերությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ թերության մասին է խոսքը։ SpaceX-ի հայտարարությունում ասվում է, որ «Starlink թիմը հայտնաբերել է ընդհանուր խնդիր արբանյակների այս փոքր խմբաքանակում, որը կարող է մեծացնել ապագայում խափանման հավանականությունը»: SpaceX-ը նաև նշել է, որ 100 արբանյակների կորուստը չի ազդի Starlink-ի հաճախորդների սպասարկման որակի վրա, քանի որ ցանցն ընդհանուր առմամբ ունի ավելի քան 5400 գործող արբանյակ:

Նաև արբանյակների ապաակտիվացումը վտանգ չի ներկայացնում Երկրի բնակչության համար, քանի որ վայրէջքի ժամանակ դրանք այրվելու են մթնոլորտի խիտ շերտերում։ «Starlink արբանյակները նաև լիովին ապամոնտաժելի են, ինչը նշանակում է, որ ցամաքում, օդում կամ ծովում գտնվողների համար արբանյակների կողմից հնարավոր վտանգը գործնականում զրոյական է, քանի որ արբանյակներն այրվում են մթնոլորտ մտնելու ժամանակ»,- ասվում է SpaceX-ի հայտարարությունում։

Ընկերությունը նաև նշել է, որ Starlink ցանցն այնպես է նախագծված, որպեսզի տիեզերքում այն զերծ լինի որևէ ռիսկից։ Բոլոր արբանյակներն ունեն «բախումից խուսափելու ինքնավար» համակարգ, ինչպես նաև իոնային շարժիչներ, ինչը նրանց թույլ է տալիս մանևրել Երկրի ուղեծրում։ Ըստ հաշվարկների՝ մոտ հինգ տարի աշխատելուց հետո Starlink արբանյակները դուրս կգան ուղեծրից և կվառվեն Երկրի մթնոլորտում, նույնիսկ եթե կորցնեն մանևրներ կատարելու ունակությունը։


 
 
 
 
  • Արխիվ