Ինչի՞ց են առաջանում սև խոռոչները․ James Webb-ի տվյալներն օգնել են նոր բացահայտում անել

9 փետրվարի, 2024  17:13

Աստղերի և սև խոռոչների առաջացման հարցը նման է հավի և ձվի թեմային․ ո՞րն է եղել սկզբից։ Այսօրվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հսկայական աստղերը վերածվում են սև խոռոչների. դա ապացուցված փաստ է:  Ապացուցված է նաև վաղ Տիեզերքում գերզանգվածային սև խոռոչների առկայությունը, որոնք պարզապես ժամանակ չէին ունենա ձեռք բերել այնպիսի զանգված, որոնք ունեն այսօր հայտնաբերվող սև խոռոչները: James Webb աստղադիտակը կարծես գտել է այս հանելուկի պատասխանը։

Վերջերս The Astrophysical Journal Letters գիտական ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի և Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի մի խումբ գիտնականներ հավաքել են James Webb-ի տվյալները վաղ Տիեզերքում հայտնաբերված սև խոռոչների մասին։ Հոդվածում ավելի շատ ապացույցներ են ներկայացված հօգուտ այն վարկածի, որ աստղերը և սև խոռոչները ստեղծվել են միաժամանակ։ Այս տվյալները կհավաքվեն և կհամալրվեն նոր դիտարկումներով, որոնք ժամանակի ընթացքում հնարավորություն կտան ստեղծել Տիեզերքի և իր օբյեկտների էվոլյուցիայի վերաբերյալ ավելի հիմնավոր տեսություն:

Գիտնականները նկատել են, որ James Webb-ը գերզանգվածային մի սև խոռոչ հայտնաբերել է Մեծ պայթյունից 470 միլիոն տարի անց, ևս մեկը՝ 400 միլիոն տարի անց: Վերջինիս զանգվածը գնահատվում է 1,6 մլն արեգակի զանգվածի չափ։ Այն գտնվում է գալակտիկայի կենտրոնում, որն ավելի թեթև է, քան դրա կենտրոնում գտնվող սև խոռոչը: Նման զանգվածի սև խոռոչը չէր կարող աճել և հասնել այժմ ֆիքսված զանգվածի: Առ այսօր արված դիտարկումները վկայում են, որ սև խոռոչներն առաջացել են 50 արեգակից ավելի շատ զանգված ունեցող մեռնող աստղերի փլուզումից: Նման բան չէր կարող պատահել վաղ Տիեզերքում, որպեսզի առաջացներ այնտեղ նկատված էֆեկտը՝ փոքրիկ գալակտիկա, որը հավաքված է գերզանգվածային սև խոռոչի շուրջ:

Հետազոտողները եզրակացնում են, որ սկզբնական սև խոռոչներն առաջացել են առաջին աստղերի հետ միաժամանակ կամ մի փոքր ավելի վաղ՝ սկզբնական նյութի ամպերից։ Ամպերի կենտրոնները փլուզվել են, և դրանցից յուրաքանչյուրում առաջացած սև խոռոչն սկսել է քամի առաջացնել՝ սկիզբ դնելով աստղերի ձևավորման գործընթացին և արագացնելով այն։ Իրականում, առաջին սև խոռոչները դարձել են գործիք, որը հավաքել և վերափոխել է գալակտիկաները՝ դրանք վերածելով այն կառույցների, որոնք այսօր գոյություն ունեն։

«Մենք պնդում ենք, որ ամպերի գազային շիթերը դուրս են թռչում սև խոռոչներից՝ դրանք վերածելով աստղերի և զգալիորեն արագացնելով աստղերի ձևավորման գործընթացը։ Մենք չենք կարող ճշգրիտ ուսումնասիրել այս ուժեղ քամիները կամ շիթերը, որոնք շատ-շատ հեռու են, սակայն գիտենք, որ դրանք պետք է մասնակից լինեն գործընթացին, քանի որ տեսնում ենք շատ սև խոռոչներ տիեզերքի վաղ փուլերում»,- նշել են աշխատանքի հեղինակները:


 
 
 
 
  • Արխիվ