iOS 18-ը կարող է iPhone-ի պատմության մեջ ամենամեծ թարմացումը լինել․ ի՞նչ փոփոխություններ սպասել

30 հունվարի, 2024  12:19

Գալիք iOS 18 օպերացիոն համակարգը կարող է դառնալ iPhone-ի պատմության մեջ ամենամեծ ծրագրային թարմացումը։ Ինչպես նշում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, Apple-ի մշակողները մեծ ծրագրեր ունեն iOS 18-ի համար, որը պետք է հասանելի դառնա համատեղելի սարքերի օգտատերերի համար այս աշնանը։

«Ինձ ասել են, որ նոր օպերացիոն համակարգը ընկերությունում դիտարկվում է որպես ընկերության պատմության մեջ iOS-ի ամենամեծ թարմացումներից մեկը, եթե ոչ ամենամեծը»,- նշել է Գուրմանը։

Նա նաև նշել է, որ նախատեսում է iOS 18-ում հայտնված կոնկրետ փոփոխությունների և առանձնահատկությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել առաջիկայում: Այնուամենայնիվ, արդեն հայտնի է երկու կարևոր նորամուծությունների մասին, որոնք պետք է ապագա թարմացման մասը կազմեն: Այն, ընդհանուր առմամբ, հասանելի կլինի սեպտեմբերին, իսկ ծրագրավորողների համար բետա տարբերակի թողարկմամբ՝ հունիսին կայանալիք ամենամյա WWDC համաժողովից հետո:

Անցյալ տարվա նոյեմբերին Apple-ը հայտարարեց, որ iOS-ի iMessage հավելվածը 2024-ին կունենա միջհարթակային RCS հաղորդագրությունների փոխանակման ստանդարտի աջակցություն: Շատ հավանական է, որ դրա հիման վրա RCS-ի աջակցությունը ներդրվի iOS 18-ում: Սա կհանգեցնի մի շարք բարելավումների՝ iPhone և Android սարքերի միջև iMessage հաղորդագրությունների փոխանակման առումով: Խոսքը բարձր կետայնությամբ լուսանկարներ և տեսանյութեր փոխանակելու, աուդիո հաղորդագրություններ ուղարկելու հնարավորության, մուտքագրման ցուցիչի ի հայտ գալու և այլ հնարավորությունների մասին է։

Ըստ Գուրմանի՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների, այդ թվում՝ գեներատիվ ալգորիթմների կիրառման շնորհիվ iOS 18-ն իր հետ զգալի թարմացումներ կբերի Siri ձայնային օգնականի համար։ Նա նաև նշել է, որ Apple-ն ուսումնասիրում է արհեստական բանականության ալգորիթմներն այլ, այդ թվում՝ Apple Music, Pages, Keynote և Xcode հավելվածներում ինտեգրելու հնարավորությունը:


 
 
 
 
  • Արխիվ