Apple-ը ներդրումներ է անում ԱԲ-ի զարգացման մեջ և գնում ԱԲ ստարտափներ․ կհայտնվի՞ նոր տեխնոլոգիան iPhone-ներում

26 հունվարի, 2024  10:12

Apple ընկերությունն առանց ավելորդ աղմուկի, բայց վստահորեն և համակարգված կերպով մեծացնում է իր հնարավորությունները արհեստական ​​բանականության (ԱԲ) ոլորտում։ Վերջին ամիսներին ընկերությունը ձեռք է բերել այս ոլորտում աշխատող մի քանի ստարտափներ, ինչպես նաև սկսել է համապատասխան մասնագետներ ընդունել աշխատանքի և թարմացնել իր սարքավորումները։ Ինչպես գրում է Financial Times-ը, ինսայդերների տեղեկությունների հետ մեկտեղ այս ամենը վկայում է այն մասին, որ ընկերությունը նախատեսում է գեներատիվ ԱԲ գործարկել անմիջապես իր բջջային սարքերի վրա։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Apple-ն իր մրցակիցներից շատ ավելի ակտիվ կերպով ձեռք է բերում ԱԲ ոլորտում գործող ստարտափներ և ներդրումներ է անում այս ոլորտի զարգացման մեջ։ Ըստ PitchBook-ի՝ 2017-ից 2023 թվականներին ընկերությունը ձեռք է բերել 21 ստարտափ, որոնք մասնագիտացած են նեյրոնային ցանցերի և ԱԲ ոլորտում։ 2023-ի սկզբին Apple-ը, օրինակ, ձեռք է բերել Կալիֆոռնիայում գործող WaveOne ստարտափը, որը մշակել է տեսահոլովակների սեղմման տեխնոլոգիան՝ օգտագործելով ԱԲ:

Morgan Stanley ընկերության վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱԲ-ի ոլորտում Apple-ի աշխատատեղերի գրեթե կեսը ներառում է նաև Deep Learning եզրույթը (խորը ուսուցում - վերաբերում է ալգորիթմներին, որոնք գործի են դնում ԱԲ գեներատիվ մոդելները): Բացի այդ, դեռ 2018-ին ընկերությունն աշխատանքի է ընդունել Ջոն Ջիանանդրեային, որը նախկինում ղեկավարում էր Google-ի մեքենայական ուսուցման բաժինը։ Ըստ ինսայդերների՝ այս ամենը վկայում է նաև այն մասին, որ ընկերությունն աշխատում է սեփական խոշոր լեզվական մոդելների (LLM) վրա։

Financial Times-ի խմբագիրները կարծում են, որ Apple-ը նախատեսում է օգտագործել գեներատիվ ԱԲ-ն իր շարժական սարքերում, որպեսզի չատբոտերն ու ԱԲ հավելվածներն ապավինեն սմարթֆոնի սեփական սարքաշարին և ծրագրային ապահովմանը, այլ ոչ թե ամպային ծառայություններին:

Հետաքրքիր է, որ Apple-ն ակնհայտորեն փորձում է գաղտնի պահել ԱԲ զարգացնելու և այն իր արտադրանքում ներդնելու ծրագրերը, մինչդեռ ընկերության մրցակիցները, այդ թվում՝ Microsoft-ը, Google-ը և Amazon-ը, բացահայտորեն խոսում են առաջադեմ տեխնոլոգիաներում իրենց բազմամիլիարդանոց ներդրումների մասին:

Ակնկալվում է, որ այս ամառ ծրագրավորողների WWDC կոնֆերանսի ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 18 օպերացիոն համակարգը: Morgan Stanley-ի վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի բջջային ծրագրաշարի նոր տարբերակը կենտրոնացած կլինի գեներատիվ ԱԲ-ի աջակցության վրա և կարող է ներառել Siri ձայնային օգնական թարմացված տարբերակը՝ հիմնված լեզվական մեծ մոդելների վրա։


 
 
 
 
  • Արխիվ