Հաճելի թարմացում Gmail-ում. անհարկի նամակագրություններից հրաժարվելն ավելի հեշտ է դարձել

22 հունվարի, 2024  16:23

Google-ի Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը ստացել է շատ հաճելի թարմացում, որի շնորհիվ ավելի հեշտ է դարձել վեբ տարբերակում էլփոստերի բաժանորդագրությունից հրաժարվելը։ Նոր գործառույթն այժմ հայտնվում է, երբ կուրսորը պահում եք էլնամակի վրա, որն այլևս ստիպված չեք լինի բացել:

Google Workspace-ի պաշտոնական բլոգում նշվում է, որ iOS-ի և Android-ի Gmail հավելվածներում բաժանորդագրությունից հրաժարվելու գործառույթն այժմ գտնվում է բացված էլնամակի վերևի տողում, այլ ոչ թե եռակետ բացվող ընտրացանկում:

Բացի այդ, անհետացել է «Հաղորդել սպամի մասին և հրաժարվել բաժանորդագրությունից» գործառույթը, որը փոխարինվել է անցանկալի հասցեի բաժանորդագրությունից պարզապես հրաժարվելու հնարավորությամբ: Իսկ սպամի մասին բողոքը դարձել է առանձին կետ։ Google-ն այս փոփոխությունը բացատրել է նրանով, որ չի ցանկացել վնաս հասցնել այն ընկերությունների հեղինակությանը, որոնք օգտագործում են էլնամակները օրինական նպատակներով:  

«Մենք գիտենք, որ մարդիկ հաճախ ստանում են անցանկալի հաղորդագրություններ, չնայած նրանք իրենք են ի սկզբանե գրանցվել ապրանքանիշների կամ կազմակերպությունների էլփոստերն ստանալու համար։ Այս հաղորդագրությունները հաճախ գալիս են օրինական ուղարկողներից: Նման նամակները որպես «սպամ» նշելը կարող է բացասաբար ազդել ընկերության էլհասցեի հեղինակության վրա և կարող է ազդել էլփոստի հետագա առաքման վրա: Այդ իսկ պատճառով մենք փոխում ենք կոճակների նկարագրությունը, որպեսզի օգտատերերի համար ավելի հեշտ լինի ընտրություն կատարել բաժանորդագրությունից հրաժարվելու կամ սպամի մասին հաղորդելու միջև»,- ասվում է ընկերության հայտարարությունում։


 
 
 
 
  • Արխիվ