Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (KIST) Խելացի ռոբոտաշինության հետազոտական կենտրոնի մասնագետները ստեղծել են MOONWALK Omni շարժական էկզոկմախքը: Ըստ մշակողների՝ սարքը հեշտացնում է քայլելն ու լեռներ մագլցելը։
Նոր մշակումը չորս հզոր շարժիչներ ունեցող գոտի է: Այս շարժիչներն ամրացվում են մարդու կոնքերին, օգնում են պահպանել հավասարակշռությունը և լրացուցիչ ձգողականության շնորհիվ 30%-ով ավելացնում են ոտքերի ուժը: Մշակողները նշել են, որ MOONWALK Omni-ի քաշը 2 կգ է: Նորույթի ստեղծողները նաև պնդում են, որ չափահաս մարդն առանց կողմնակի օգնության էկզոկմախքը կարող է հագնել 10 վայրկյանից պակաս ժամանակում։
Նոր էկզոկմախքն ունի արհեստական բանականություն (ԱԲ), որն իրական ժամանակում վերլուծում է օգտատիրոջ քայլվածքը: ԱԲ-ն ապահովում է մկանների անվտանգ և արդյունավետ աջակցություն քայլելու տարբեր պայմաններում, ներառյալ ոչ կտրուկ թեքությունները, անհարթ քարքարոտ ուղիները, կտրուկ թեքություններով փայտե աստիճանները և անհարթ քարե աստիճանները:
Bukhansan Mountain Wearable Robot Challenge նախագծի շրջանակում սարքը փորձարկվել է տարբեր պայմաններում, այդ թվում՝ դաշտային պայմաններում: Կոնկրետ դաշտային պայմաններում էկզոկմախքը փորձարկել է 65-ամյա մի տղամարդ, որը բարձրացել է ծովի մակարդակից 604 մ բարձրության վրա գտնվող Յոնբոնգ լեռան գագաթը։ Տղամարդն ասել է, որ էկզոկմախքի շնորհիվ ինքը 10-20 տարով ավելի երիտասարդ է զգացել իրեն, իսկ լեռը բարձրանալը անհարմարություն չի առաջացրել։
MOONWALK Omni շարժական էկզոկմախքի մշակողները նաև հայտնել են, որ տղամարդը էկզոկմախքով լեռը բարձրացել է առանց իրենց տեխնիկական միջամտության և սարքի մարտկոցները փոխարինելու։
ամիս
շաբաթ
օր