Ինչո՞ւ ձախողվեց Peregrine առաքելությունը․ NASA-ն մանրամասներ է ներկայացրել

22 հունվարի, 2024  12:17

NASA-ն հայտնել է, որ Peregrine լուսնային մոդուլի հիմնական շարժիչների անջատման պատճառը հելիումի մատակարարման փականի սխալ աշխատանքն է եղել։ Սակայն ամերիկյան Astrobotic ընկերության Griffin վայրէջքի մոդուլը Լուսին ուղարկելու ծրագրերը չեն փոխվել։

«Շարժիչները շահագործման պատրաստելու վերջին քայլերից մեկը փականի բացումն է՝ վառելիքին և օքսիդիչին հելիում մատակարարելու համար: Հելիումի և օքսիդիչի միջև եղած փականը ճիշտ չի աշխատել և հելիում է արտանետել օքսիդիչի մեջ»,- ասել է NASA-ի գիտական ​​առաքելության աշխատակից Ջոել Քերնսը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արագ է տեղի ունեցել, և մոտ մեկ րոպե անց ճնշումն այն հատվածում, որտեղ գտնվում է օքսիդիչը, գերազանցել է բաքի անվտանգության մակարդակը։ Դրանից հետո այն կարող էր ճաքել, ինչն էլ հանգեցրել է վառելիքի կորստի:

Քերնսը բացատրել է, որ չնայած այս անհաջողությանը, Griffin մոդուլը նախատեսվում է գործարկել նոյեմբերին: Այս պահին փորձագետները մտադիր են լիովին հասկանալ այն խնդիրները, որոնք հանգեցրել են Peregrine առաքելության ձախողմանը:

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տիպի անոմալիաները չկրկնվեն։ Մենք նաև հաշվի կառնենք Peregrine առաքելության բոլոր ձեռքբերումները Griffin ծրագրի վրա մեր աշխատանքում՝ դրա հաջողությունն ապահովելու համար»,- ասել է NASA-ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին United Launch Alliance ընկերությունն արձակել էր Vulcan Centaur հրթիռը՝ Astrobotic ընկերության պատրաստած Peregrine մոդուլով, որը պետք է վայրէջք կատարեր Լուսնի մակերեսին: Տիեզերանավը պետք է Երկրի բնական արբանյակի մակերեսին հասցներ NASA-ի գործիքները, փորձնական ռովերներ, հուշային պարկուճներ, գծագրեր, լուսանկարներ և մշակութային նշանակության առարկաներ:

Հաջորդ օրը ընկերությունը խոստովանեց, որ Peregrine-ի վառելիքի արտահոսքի պատճառով Լուսնի մակերեսին փափուկ վայրէջք հնարավոր չէ կատարել։

Հունվարի 14-ին Astrorobotic-ը հայտնեց, որ որոշել են փորձել Peregrine-ին դուրս բերել Երկրի մթնոլորտ, որտեղ սարքը դեպի Երկիր ընկնելու ժամանակ պետք է ոչնչանար օդում։

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ սարքը մուտք է գործել Երկրի մթնոլորտ՝ անվտանգ ոչնչացման համար։


 
 
 
 
  • Արխիվ